Զվարթնոցի տաճար
Զվարթնոցի տաճարը հայկական ճարտարապետության և հայ ժողովրդի այն եզակի կառույցներից է, որին անդրադարձել են ժամանակի բոլորի մեծանուն հայ և օտարազգի մասնագետներն ու ուսումնասիրողները: Տաճարը եզակի կառույց է, որն իր մեջ ամփոփում է հայկական ճարտարապետության դարավոր առանձնահատկություններն ու գիտելիքները:
Կառուցում
Զվարթնոցի տաճարը 7-րդ դարի կառույց է, որն իր մեջ ամփոփում է դեռևս 4-րդ դարին բնորոշ որոշ ճարտարապետական լուծումներ: Այն իր ճարտարապետական ոճով և հորինվածքներով մեծագույն ազդեցություն է ունեցել նաև հետագա դարերի ընթացքում: Տաճարի կառուցման հետ կապված պատմիչ Սեբեոսն ունի մի վկայություն, ըստ որի, Զվարթնոց տաճարը կառուցվել է Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Լուսավորչի հանդիպման վայրում:
Տաճարի օծման արարողությանը ներկա է եղել բյուզանդական Կոստանդին Բ կայսրը, ինչ խոսում էր նաև ժամանակի քաղաքական դրության մասին:
Անվան ծագում
Տաճարի անվան ընտրությունը նորից կապված է Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Լուսավորչի հետ: Ասում են, որ նրանց հանդիպումից հետո այնտեղ կառուցում են եկեղեցի և անվանում «Զվարթնոց», որը խորհրդանշում էր Գրիգոր Լուսավորչին՝ տեսիլքի ժամանակ հանդիպած հրեշտակներին: Անվանումն առաջացել է «զվարթուն» բառից: Սակայն եթե ժամանակակից հայերենում այն նշանակում է «զվարթ», «ժպտերես», ապա բառի հնացած տարբերակն օգտագործվել է «հրեշտակ» իմաստով:
Հնագիտական պեղումներ
Զվարթնոցի տաճարը բացահայտվել է նշանավոր ճարտարապետ Թ. Թորամանյանի շնորհիվ, ով իր մեծ ավանդն է ունեցել հայկական մեկ այլ յուրահատուկ կառույցի՝ Երերույքի տաճարի բացահայտման և ուսումնասիրության հարցում: Ըստ նրա, Զվարթնոցի տաճարն ունեցել է 45 մ բարձրություն՝ լինելով եռահարկ, կենտրոնակազմ և կենտրոնագմբեթ շինություն: Տաճարի նկարագրությունը, որը տվեց Թ. Թորամանյանը, ժամանակի մասնագետների համար թվում էր անիրական, քանի որ բնորոշ չէր տիպիկ հայկական ճարտարապետությանը:
Սակայն նույն ժամանակահատվածում, մեկ այլ նշանավոր ուսումնասիրող՝ Ն. Մառը, պատմական Անիի տարածքում հայտնաբերում է Գագիկ Ա Բագրատունի թագավորի արձանը՝ ձեռքին Զվարթնոցի տաճարին շատ նման մի եկեղեցու մանրակերտ: Այդ բացահայտումը հիմք է տալիս փաստել, թե որքան մեծ է եղել Զվարթնոցի տաճարի ազդեցությունը նույնիսկ 3 դար անց: Զվարթնոց տաճարի ակնառու ազդեցությունն են կրում Արևմտյան Հայաստանի Տայք նահանգի 7-րդ դարում կառուցված Բանակի և Իշխանի տաճարները, Անիի Գագկաշեն 11-րդ դարի կառույցը, Աղվանքի 7-րդ դարի Լյակիթի տաճարը:
Ուսումնասիրողները Զվարթնոցի ճարտարապետական լուծումների որոշակի ազդեցությունն են նկատում նաև Արուճի վանքում:
Սենտ Շապել
Զվարթնոցի տաճարը և ֆրանսիական Սենտ Շապել եկեղեցին ունեն մի յուրահատակ, սակայն անբացատրելի կապ: Ֆրանսիական գոթական ոճի եկեղեցին, որը հիմնադրվել է 13-րդ դարում՝ Զվարթնոցի տաճարի կառուցումից 6 դար անց, ունի աննկարագրելի գեղեցիկ հարդարանք: Զարդաքանդակներում գերակշռող են աստվածաշնչյան թեմաները, որոնցից երեքում իրենց տեղն են գտել նաև Նոյան տապանն ու ենթադրյալ Զվարթնոցի տաճարը:
Առաջին հարթաքանդակում տաճարի ֆոնին պատկերված են Նոյի որդիները, երկրորդում՝ տաճարն ու փրկված կենդանիները, իսկ երրորդում արդեն տաճարը պատկերված է Նոյան տապանում որպես փրկության խորհրդանիշ: Սենտ Շապել եկեղեցու քանդակների հիմնական մասն ավերվել են 18-րդ դարում՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, սակայն պահպանված բեկորների և հնագույն վկայությունների շնորհիվ դրանք 19-րդ դարում վերաստեղծել է ֆրանսիացի քանդակագործ Ադոլֆ Վիկտոր Ժյուֆուան: Ինչից կարելի է ենթադրել, որ Զվարթնոցի տաճար հիշեցնող այդ կառույցը նույնպես նկարագրվել է ֆրանսիական հնագույն վկայություններում:
Այսպիսով՝ Զվարթնոցի տաճարը լինելով յուրահատուկ ճարտարապետական սինթեզ, իրապես եղել է երևելի հուշարձան, որի մասին իմացել և գրի են առել շատ օտարազգիներ: Եվ եթե նույնիսկ հարթանքանդակներում Զվարթնոցի տաճարը չէ, դա ևս մի անգամ վկայում է տաճարի ճարտարապետական և կառուցողական վարպետության մեծ ազդեցության մասին, որն անդրադարձել է հետագայում կառուցվող հուշարձանների ճարտարապետության վրա:
Ճարտարապետական սինթեզ
Մի շարք մասնագետներ մինչ օրս էլ շարունակում են բանավիճել, թե Զվարթնոցի տաճարը որքանով է տիպիկ հայկական ճարտարապետության ծնունդ: Այդ առիթով մասնագետների կարծիքները բաժանվում են երեք խմբի՝ առաջին, որ չնայած հայկական ճարտարապետական լուծումներին, տաճարը կրում է նաև այլ մշակույթների և ազգերի ազդեցությունը, երկրորդ՝ տաճարը տիպիկ հայկական է, և երրորդ՝ տաճարի հորինվածքները բնորոշ չեն 7-րդ դարի հայկական ճարտարապետական դպրոցին:
Անդրադառնալով այն կարծիքին, որ Զվարթնոցի տաճարը այլ ազգերի ճարտարապետական ազդեցության արդյունք է, նշվում են հիմնականում սիրիական և բյուզանդական ճարտարապետական դպրոցների մասին: Ճարտարապետ Ս. Մնացականյանը նշում է, որ հայ ճարտարապետները խնդիր ունենալով ստեղծել ներքին մեծածավալ տարածություններ, մշտապես դիմել են կառույցի երկայնական հորինվածքին, որպիսին հանդիպում ենք, օրինակ Թալինի եկեղեցու դեպքում, ինչը խախտում էր կառույցի կենտրոնագմբեթ լուծումը: Իսկ ահա Զվարթնոցի տաճարում նկատում ենք ճիշտ հակառակը՝ տաճարն ունի հզոր կենտրոնագմբեթ հորինվածք, անկախ իր մեծածավալ չափերի:
Սակայն սիրիական և բյուզանդական նմանատիպ շինությունները կառուցվել են միայն փայտից, մինչդեռ Զվարթնոցը քարե շինություն էր: Ամեն դեպքում, հայ վարպետները կյանքի են կոչում իրենց գաղափարը՝ նույնիսկ աչք փակելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանն ուժեղ սեյսմիկ գոտի է, և հնարավոր է նման մեծածավալ կառույցը երկար կյանք չունենա: Ի դեպ, տաճարի կործանման ենթադրյալ պատճառներից մեկը հենց ուժեղ երկրաշարժն է:
Սակայն տաճարի ճարտարապետական դպրոցների, օտարազգի մշակույթների ազդեցության մասին կան բազմաթիվ աշխատություններ, և անհնար կլինի ներկայացնել բոլոր նմանություններն ու տարբերությունները, որոնց մասին երբևէ խոսել կամ գրել են մասնագետները:
Տիր աստծո մեհյանը
Հնագետ Կ. Ղաֆադարյանը գրում է, որ մինչև 7-րդ դարը՝ Զվարթնոցի տաճարի կառուցումը, կյանքն այդ հատվածում բավական զարգացած է եղել: Հնագետը կարծում է, որ նույնիսկ Ուրարտական թագավորության ժամանակ, այդ տեղանքում եղել է մի տաճար, որի ավերակների վրա հետագայում կառուցվել է Տիր աստծո մեհյանը: Նա չի բացառում նաև, որ պեղումների ժամանակ հայտնաբերված խարիսխները գուցե պատկանում են այդ մեհյանին:
Ըստ երևույթին, տաճարի կառուցման ժամանակ, այդ հատվածում եղել է պարսպապատ հողատարծք, որի հարավային կողմում տեղակայված է եղել մի միանավ եկեղեցի: Չնայած մասնագետներն այդքան էլ վստահ չեն այդ հարցում, սակայն պեղումների ժամանակ հայտնաբերվել են բազմաթիվ բեկորներ, որոնք կապ չունեն տաճարի հիմնական շինարարական նյութի, նաև ճարտարապետական հորինվածքի հետ: Ուստի այն վարկածը, որ մինչ Զվարթնոց տաճարի կառուցումն այդտեղ եղել է որևէ միանավ շինություն, ոչ կարելի է հաստատակամորեն ժխտել, և ոչ էլ հաստատել:
Տաճարի վերաստեղծումը
Մի շարք ուսումնասիրողների և մասնագետների համար տարօրինակ է այն հանգամանքը, որ Զվարթնոցի տաճարի վերաստեղծման ոչ մի ծրագիր կյանքի չի կոչվում: Չնայած վերաստեղծման մի քանի ծրագրեր եղել են, սակայն դրանք չեն հաստատվել: Մասնագետները վստահ են, որ ինչպես Սոֆյայի տաճարի և Աթենքի մարմարակերտ Պանթեոնի վերաստեղծումն է նպաստել միջազգային նմանատիպ մեծ ուշադրությանը, այնպես էլ Զվարթնոցի տաճարը կարող է գրավել միջազգային հանրությանը:
Այնուամենայնիվ, վերաստեղծման հարցում տարակարծություններ նույնպես եղել են: Որոշ մասնագետներ պնդում են, որ տաճարը պետք է վերակառուցել նույն տեղում, քանի որ այլ դեպքում այն անիմաստ կլինի: Իսկ որոշ մասնագետներ էլ պնդում են, որ տաճարի պատմական տարածքում դրա վերականգնումը վերջնականորեն կոչնչացնի հուշարձանը՝ որպես պատմամշակութային արժեք: Սակայն կա մեկ այլ կարծիք, ըստ որի, տաճարի տարածքում անհնար է կառուցել նմանատիպ մեծության հուշարձան, քանի որ հողային մակերևույթն ուղղակի չի կարող կրել նմանատիպ ծանրաբեռնվածություն:
Նյութը գրելիս օգտվել ենք Ս. Մնացականյանի «Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները» աշխատությունից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: