Միջնադարյան Հայաստանի Սյունյաց աշխարհի նշանավոր բնակավայրերից մեկն է եղել Եղեգիսը: Քաղաքը հատկապես նկատելի վերելք է ապրել Օրբելյան իշխանական տան օրոք XIII-XIV դարերում, երբ նրանք իշխում էին Վայոց ձորում:
Գյուղը հարուստ է պահպանված պատմական տարբեր ժամանակաշրջանի հուշակոթողներով և դրանցից մեկը յուրօրինակ Զորաց եկեղեցին է։ Այն գտնվում է գյուղի արևելյան եզրին։ Ունի միայն արևելյան բեմի մաս և կողքին երկու-երկու ավանդատներ։ Բեմի դիմաց այժմ գտնվում է քառակուսի շինության մնացորդներ՝ անտաշ քարերով։ Ենթադրվում է, որ հնում ևս մի այդպիսի շինություն է եղել նույն տեղում, բայց և հինը, և նորը օրգանապես կցված չեն եղել բեմի մասի հետ։
Հուշարձանի յուրօրինակ ձևը ենթադրել է տալիս, որ այն նախատեսված է եղել զորքի աղոթքների համար։ Զորքը կանգնում էր եկեղեցու դիմաց, դրսում, որտեղից էլ առաջացել է «Զորաց եկեղեցի» կամ «Զորաց տաճար» անվանումը։
«Զորաց տաճարի» պատերի վրա քիչ արձանագրություններ կան։ Պահպանված երկու արձանագրությունները գտնվում են արևելյան պատի վրա։ Արձանագրություններից մեկը շինարարական է, ըստ որի եկեղեցին՝ կառուցել է Սյունյաց Ստեփանոս Օրբելյան եպիսկոպոսը (ոչ պատմագիր) 14-րդ դարի 20-ական թվականներին։
Զորաց եկեղեցու շուրջը 14-րդ դարի տապանաքարեր են։ 1977 թվականին նորոգվել է եկեղեցու արևմտյան ճակատը։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: