Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը
Զանգեզուրի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ: Սկսվում է Հարավային Ծարասարից և ձգվում մինչև Արաքսի կիրճ: Երկարությունը շուրջ 160 կմ է: Ջրբաժան է Որոտան և Արփա գետերի միջև: Զանգեզուրի լեռնաշղթայի լճերն են՝ Գազանալիճ, Կապուտան, Ծակքար, Կապտաչ և Խուրջին լճերը: Լեռների հարավ-արևմտյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր: Ամենաբարձր կետը՝ Կապուտջուղ լեռն է (3906 մ), Հայաստանի Հանրապետության բարձրությամբ երկրորդն է՝ Արագածից հետո:
Առավել բարձր լեռնագագաթներն են՝ Գազանալեռ (3829 մ), Փառական (3825 մ), Սիսկատար (3826 մ), Շիկաձոր (3753 մ), Ալուկ (3706 մ), Եկեղյաց (3621 մ), Խոչաքար (3559 մ), Նահապետ (3376 մ), Երնջակ (3368 մ), Շահապոնք (3204 մ), Աղոթարան (3162 մ), Գողթան (3146 մ), Այրիսար (3126 մ): Բարձրլեռնային գոտուն բնորոշ են ռելիեֆի ձնասառցադաշտային ձևերը: Մեղրի, Ողջի, Քաջարանց, Գեղի և այլ գետերի ակունքներում կան պլեյստոցենյան սառցապատումների հետքեր՝ կառեր ու սառցադաշտային հովիտներ, որոնց մի մասը լցվել է ջրով և առաջացել են լճեր: Ձևավորվել են լեռնատափաստանային, լեռնաանտառային, ալպյան և ձնամերձ լանդշաֆտներ: Հանդիպում են բեզոարյան այծ, վայրի ոչխար, վարազ, արջ:
Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան և Բարգուշատի լեռնաշղթայի հարավային հատվածում 2009 թ.-ին ստեղծվել է Զանգեզուրի արգելավայրը: Քաջարանցի և Ողջիի ձորերը հրաշալի վայր են էկոզբոսաշրջության զարգացման համար, սակայն այստեղ զբոսաշրջությունը չի զարգանում սահմանամերձ գոտու և հանքային արդյունաբերության պատճառով:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Զանգեզուրի լեռնաշղթայի լճերը:
Գազանալիճ
Գտնվում է Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս՝ Քաջարանց գյուղից 11 կմ հս-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3112 մ, մակերեսը` 1,8 հա, խորությունը` մինչև 10 մ: Գազանալճի անվան հարցում այլ տարբերակներ կարծես չկան: Հին և նոր անվանումները նույնն են:
Սակայն Կապուտջուղից հարավ գտնվող 4 գեղատեսիլ լճերի անվանումների հետ կապված ունենք խնդիր: Նույն լիճը տարբեր անուններ ունի, մի տեղ հանդիպում ենք հին անունը, մի տեղ նորը, մյուս տեղն այն անունը, որը օգտագործում են տեղացիները, իսկ որ ավելի զավեշտալի է մի լճի անունով կոչում են մյուսը: Մենք այս հոդվածում կփորձենք պարզաբանել և տալ ճիշտ պատասխանը:
Ստորև նշված 4 լճերը գտնվում են սահմանամերձ գոտում, այդ իսկ պատճառով որպես տուրիստական երթուղի այս վայրերը չեն գործում և հասանելի չեն հանրությանը: Այնտեղ հիմնականում գնում են կամ մոտիկ գյուղերի բնակիչները կամ արշավականներ, որոնք փոքր խմբով գալիս են տեսնելու և լուսանկարելու: Ճանապարհորդների լուսանկարները սխալ անուններով տարածվում են համացանցում և էլ ավելի խառնաշփոթ ստեղծում:
Հիմնվելով կադաստրային տվյալների վրա, ստորև ներկայացնում ենք ճիշտ անունները՝
- Կապուտան լիճ (Գոգի լիճ)
- Ծակքար լիճ (Ծաղկարսու, Ծաղկարի, Սագքար)
- Կապտաչ լիճ (Կապույտ կամ Սրտներ)
- Խուրջին (Խրջուն)
Փակագծերում նշված անունները լայն շրջանառություն ունեն, սակայն նրանք սխալ են, և կոչ ենք անում, տարածելուց օգտագործել ճիշտ անվանումները:
Կապուտան լիճ (Գոգի լիճ)
Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.մ3, առավելագույն խորությունը` 22 մ:
Ծակքարի լիճ (Ծաղկարի լիճ)
Ծակքարի լիճը գտնվում է Կապուտանից մոտ 2 կմ արևելք՝ ավելի բարձր դիրքում (3272 մ): Մակերեսը 3 հա, անվանում են նաև Սագքար և Ծաղկարի:
Կապտաչ լիճ (Սրտներ)
Լիճք գյուղից 8 կմ արևմուտք 2 լիճ կա, որոնցից մեծի անունը Կապտաչ է կամ ինչպես տեղացիներն են կոչում Սրտներ, քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի: Գտնվում է ծովի մակարդակից 3283 մ բարձրության վրա, մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ:
Խուրջին լիճ (Խրջուն լիճ)
Կապտաչից մոտ 600 մ հարավ` ավելի բարձր դիրքում է գտնվում Խուրջին լիճը: Բարձրությունը ծովի մակարդակից` 3577 մ, մակերեսը` 1,2 հա:
Կապուտան (Գոգի) լիճ / Տեսանյութը՝ Մխիթար Հովհաննիսյանի
Հատուկ շնորհակալություն քարտեզագիր Անուշավան Բարսեղյանին՝ քարտեզներ և տեղեկություններ տրամադրելու համար:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: