Երից Մանկանց
Երից Մանկանց վանքը գտնվում է Արցախի Մարտակերտ շրջանում՝ Ջրաբերդի ամրոցից 2.5կմ դեպի հյուսիս-արևմուտք: Կառուցվել է 17-րդ դարում Աղվանից կաթողիկոսության նախաձեռնությամբ:
Վանքը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, և ինչպես բնորոշ է Արցախում գտնվող շատ վանական համալիրների կամ այլ հոգևոր կենտրոնների, ճանապարհը դեպի վանք անցնում է բավական խիտ անտառածածկ տարածքով՝ փոքր-ինչ դժվարանցանելի դարձնելով այն:
Անվան ծագում
Երից Մանկանց վանական համալիրի անվան ծագման մասին շրջանառվում են երկու առավել հայտնի վարկածներ: Սակայն երկու վարկածների հիմքում էլ մեծ դեր ունի հենց «երից» բառի նշանակությունը: «Երից»-ը «երեք» բառի գրաբար տարբերակն է, սակայն մեզ առավել հայտնի մեկ այլ արտահայտություն կա՝ «երիցս ասել», որը նշանակում է կրկին, բազմիցս ասել: Բառացի վանքի անունը նշանակում է «Երեք մանուկներ»:
Վարկածներից մեկի համաձայն Երից Մանկանց վանքը կոչվում է Հին Կտակարանի երեք մանուկների պատվին: Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը հրաժարվում է խոնարհվել կուռքին, ինչի փոխարեն զոհաբերում է երեք մանուկների: Սակայն նրանք փրկվում են Միքայել հրեշտակապետի շնորհիվ և դժոխքից անվնաս դուրս գալիս:
Մյուս վարկածը շատ վերացական է և, ըստ երևույթին, հիմնված այն փաստի վրա, որ վանական համալիրի տարածքում իրապես կան մանուկների գերեզմանատներ: Ըստ այդ վարկածի՝ պատերազմի ժամանակ մանուկները սպանվել են օտար բռնակալների կողմից: Ուղտով տեղափոխելիս՝ ճանապարհին ուղտը չոքել է և չի կարողացել գնալ: Այդ ժամանակ որոշել են մանուկներին թաղել վանքի տարածքում: Այստեղից էլ առաջացել է Երից Մանկանց անվանումը:
Պատմություն
Վանական համալիրը կառուցվել է նպատակ հետապնդելով խաթարել Աղվանից կաթողիկոսության համախմբվածությունը, որը կետրոնացած էր Գանձասարի վանական համալիրի շուրջ: Այս նպատակը հետապնդելով վանքի կառուցումը հովանավորություն է ստանում պարսից շահի կողմից: Եկեղեցու ներսում՝ բեմի հյուսիսային կողմի պատին պահպանվել է արձանագրություն, ըստ որի Երից Մանկանց վանքը կառուցել են Աղվանից կաթողիկոս Սիմեոնը և նրա եղբայրը՝ վարդապետ Իգնատիոսը՝ 1664թ.: Նույն արձանագրության համաձայն վանքը կառուցել է ճարտարապետ Սարգիսը՝ աղոթք անելով առ Աստված:
1992թ. երբ Ադրբեջանը գրավեց Գյուլիստանը, տեղի 14 հազար բնակչությունից 2-3 հազարն անտառներն անցնելով հասան Երից Մանկանց և ապաստան գտան այնտեղ:
Վանական համալիր
Երից Մանկանց վանական համալիրը բաղկացած է մեկ եկեղեցուց, սեղանատնից, միաբանների սենյակներից, պաշտպանական կառույցներից ու գերեզմանոցից: Կենտրոնական դիրք է գրավում եռանավ գմբեթավոր բազիլիկ հորինվածքով եկեղեցին, որը կառուցված է սրբատաշ և կոպտատաշ դեղնասպիտակավուն կրաքարով:
Տաճարի գմբեթը հիմնված է չորս քառակուսի, խաչաձև սյուների և դրանք միմյանց օղակող կամարների վրա: Կամարներն էլ ունեն շեշտված սլաքաձևություն, որն ընդգծում է կառույցի դեպի վեր ձգվող հորինվածքը: Ներքուստ եկեղեցու սրահն ընդարձակ է և լուսավոր: Սրահն ավելի հետաքրքիր են դարձնում վեր սլացող շքեղ սյուները, աղեղնաձև խաչվող կամարները, թմբուկի խոշոր լուսամուտները, և պատերի մեջ ագուցված խաչքարերը: Վերջիններս թվագրվում են 1571թ., 1620թ., 1745թ.:
Առանձնահատկությունները
Առհասարակ Երից Մանկանց վանքն առանձնահատուկ է կառուցողական անհամաչափությամբ, սակայն սա ոչ թե խոսում է ճարտարապետի կամ վարպետների թերացման մասին, այլ հակառակը՝ այդ ճարտարապետական լուծումը եղել է մտադրված և ունեցել է հատուկ նպատակ:
Տարածական անհամաչափություն
Երից Մանկանց վանքն այն եզակի եկեղեցական կառույցներից է, որն ունի անհամաչափ հորինվածք: Այդպիսիք քիչ են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի տարածքում: Եկեղեցու գմբեթը գտնվում է ոչ կենտրոնական հատվածում՝ դեպի արևմուտք: Այս անհամաչափությունը հատկապես աչքի է ընկնում, երբ ուսումնասիրում ենք հատակագիծը: Իսկ իրականում՝ ճարտարապետական ճիշտ լուծումների շնորհվ, այդ անհամաչափությունը չի զգացվում: Եկեղեցու միակ դուռը հարավային կողմից է, և ներս մտնելիս տպավորություն է ստեղծվում, թե գմբեթը գտնվում է կենտրոնում:
Բացի այդ, գմբեթի ութ կամարների և եկեղեցու վերին ճակատային հատվածի սովորականից բարձրադիր հորինվածքը, տպավորություն է ստեղծում, թե եկեղեցին ձգվում է դեպի երկինք: Եվ առաջին տպավորությամբ թվում է, թե գմբեթը եկեղեցու հիմնային պատերի հետ համեմատած ավելի փոքր է: Այս հնարքի և վանքի բարձրադիր տեղանքի ընտրման շնորհիվ, Երից Մանկանց համալիրը երևում է Ջրաբերդ ամրոցից: Եթե հիշենք, թե ինչ նպատակով էր կառուցվել վանքը՝ Աղվանից կաթողիկոսությունը թուլացնելու և Գանձասարի վանական համալիրը գերազանցելու համար, ապա միանգամայն պարզ է դառնում, թե ինչու էր այդքան կարևոր վանքի բարձրադիր տեղանքն ու վեր ձգվող հորինվածքը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: