info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վարդագույն Երևանն իր երանգներով

Երևան

Երևան / Լուսանկարը՝ Գևորգ Ավետիսյանի

Ժամանակակից, բայց մշակութային ինքնությունը պահպանած Հայաստանի վարդագույն մայրաքաղաքին դժվար է չսիրահարվել: Երևան ՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը ժամանակի ընթացքում բազմաթիվ փոփոխությունների ենթարկվելով՝ պահպանել է անցյալի հետքերը: Հայաստանի մայրաքաղաքը 2802 տարեկան է: Լինելով Հայաստանի ամենամեծ ու միջանկյալ դիրք ունեցող քաղաքը՝ Երևանում ամփոփվում է Հայաստանի բոլոր մարզերի կենսակերպն ու վարքուբարքը:

Երևան

Երևան քաղաքն անվանում են վարդագույն, քանի որ շինությունների մեծամասնությունը պատրաստված է վարդագույն տուֆից: Քաղաքը գտնվում է Հայաստանի արևմուտքում՝ Հրազդան գետի երկու ափերին: Այստեղ բնակեցված է մոտ 1 միլիոն մարդ, որոնց 98 տոկոսը հայեր են: Հայաստանում մայրենի լեզուն հայերենն է, սակայն Երևանում բնակչության մեծ մասը նաև խոսում է ռուսերեն և անգլերեն լեզուներով: Կարելի է ասել, որ տուրիստներն այստեղ հեշտությամբ կարող են գտնել ցանկացած տեղանք կամ ծառայություն, քանի որ հանգիստ կարող են հաղորդակցվել տեղացիների հետ:

Երևան քաղաքում են գտնվում երկրի համալսարանների և քոլեջների մեծ մասը, դրա համար երիտասարդությունը կենտրոնցած է հենց մայրաքաղաքում: Այս հանգամանքն է նպաստում նաև նրան, որ Երևան քաղաքը կրում է բոլոր մարզերից մասնիկներ, քանի որ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներից երիտասարները գալիս են այստեղ կրթություն ստանալու՝ բերելով իրենց կոլորիտն ու մարզային առանձնահատկությունները:

Կոնդ

Քանի որ հայերի մեծ մասը քրիստոնյա են, Երևանում կան բազմաթիվ հին և նոր եկեղեցիներ, որոնցից ամենամեծը սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Հայտնի եկեղեցիների թվին է պատկանում նաև Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը գտնվում է Կոնդ թաղամասում: Հատկանշական է, որ Կոնդը, գտնվելով Երևան քաղաքի կենտրոնին շատ մոտ, կարծես առանձնացած լինի քաղաքից: Սա մայրաքաղաքի ամենահին թաղամասերից է ու կենտրոնական Երևանից շատ է տարբերվում, քանի որ այստեղ վերանորոգման և բարկեարգման աշխատանքներ չեն կատարվել ու հինը պահպանվել է ամբողջությամբ: Հարկ է նշել, որ շատ քրիստոնեական եկեղեցիներից բացի՝ Երևանում կա նաև մեկ մուսուլմանական մզկիթ, որը կառուցվել է դեռևս 1766 թվականին:

Տրանսպորտը

1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտենը, որն ունի 1 գիծ և 10 կայարան: Հանրային տրասպորտն աշխատում է արագ, սակայն՝ գերծանաբեռնված: Ավտոբուսներն ու միկրոավտոբուսները բավականին մատչելի են, և հնարավոր է դրանցով հասնել քաղաքի ցանկացած ծայր: Տաքսու ծառայությունները նույնպես մատչելի են՝ հատկապես համեմատած եվրոպական երկրների հետ, սակայն անհատական վարորդների ծառայություններից օգտվելիս՝ կարևոր է, որ նախապես պայմանավորվեք գնի վերաբերյալ, որ հետո թյուրիմացություն չլինի: Երևանով երթևեկելիս պետք է նաև հաշվի առնել, որ խցանումներ շատ են լինում: Այստեղ հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին ճանապարհները ծանրաբեռնված են, ու շատ հաճախ ավելի հարմար է ոտքով մի կետից մյուսը հասնել, քան որևէ փոխադրամիջոցով:

Հանրային տրանսպորտը Երևանում

Տեսարժան վայրերը

Երևան քաղաքի կենտրոնում է գտնվում Հանրապետության հրապարակը, որտեղ մարդիկ երեկոյան զբոսնում են ու հիանում երգող շատրվաններով: Այստեղ են գտնվում նաև Հայաստանի ազգային պատկերասրահը, կառավարության և նախարարությունների շենքերը: Ընդհանրապես երեկոներին Երևանն ավելի մարդաշատ է: Աշխատանքից, դասից կամ այլ գործերից հետո Երևանի բնակիչները զբոսնում են քաղաքի գեղեցիկ փողոցներով: Իսկ ամենագեղեցիկ կենտրոնական փողոցներից են Աբովյանը, Թումանյանը, Սարյանը, Տերյանը, Պրոսպեկտը և Բաղրամյանը: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներն առանձնանում են իրենց հարմարավետ գույներով, բացօթյա և գույնզգույն սրճարաններով, փողոցային երաժիշտների գեղեցիկ ու հետաքրքիր կատարումներով և, իհարկե, ջերմ ու տարբերվող երևանցիներով: Երևանի դեմքի բաղկացուցիչ մասն են կազմում Օպերայի շենքը, Կասկադը, Կարապի լիճը, Մոսկվա կինոթատրոնը, Կասկադը, Պատմության թանգարանը, Մատենադարանը, Ծիծեռնակաբերդը, ինչպես նաև, Երևանի կայարանը:

Երևան

Խոհանոցը

Սննդի կետերը Երևանում բազմաթիվ են ու բազմատեսակ: Այստեղ կարելի է գտնել աշխարհի տարբեր մշակույթների խոհանոցներ, բայց, իհարկե, կենտրոնում հայկականն է: Բացի ռեստորաններից՝ ցանկացած քայլափոխի կարելի է հանդիպել հացաբուլկեղենի կրպակներ, սուրճի ու քաղցրավենիքի խանութներ, ինչպես նաև՝ լցնովի պաղպաղակի կետեր: Այսինքն՝ լինելով Երևանում, դուք սնվելու խնդիր պարզապես չեք կարող ունենալ, որովհետև ամեն տեսակ սննդի վաճառքի կետերը շատ հասանելի են ու մատչելի: Մայրաքաղաք Երևանը հարուստ է նաև խմելու ջրի ցայտաղբյուրներով, որոնք ամենուր են: Դրանք հնարավորություն են ստեղծում, որ մարդիկ, հատկապես շոգ եղանակներին, ծարավելու դեպքում ստիպված չլինեն խանութ փնտրել ու ջրի համար վճարել: Այստեղ ջուրը մաքուր է ու անվճար:

Հայկական Տոլմա

Որտե՞ղ մնալ

Ինչ վերաբերում է այստեղ մնալուն, Երևանն այդ առումով նույնպես հարմարավետ է: Այս մայրաքաղաքում կարելի է գտնել բազմապիսի հյուրանոցներ, հյուրատներ, ինչպես նաև վարձով բնակարաններ: Գնային առումով դրանք շատ տարբեր կարող են լինել, սակայն ցանկացած մարդ կարող է իր բյուջեին համապատասխան տարբերակ գտնել այստեղ:

Ժամանցի կետեր

Մշակութային այս քաղաքում ժամանցի միջոցներն ու տեղերը բազմազան են: Այստեղ կան բազմաթիվ թատրոններ, կինոթատրոններ և պատկերասրահներ: Օպերայի և բալետի թատրոնն էլ երբեք դատարկ չի լինում, քանի որ ներկայացումներ միշտ կան: Ակումբային կյանքը Երևանում նույնպես զարգանում է վերջին տարիներին, և օրեցոր նոր ու հետաքրքիր փաբեր ու ակումբներ են բացվում: Դրանցից որոշները թեմատիկ են, որոշները՝ պարզապես պարելու և ուրախանալու համար: Հետաքրքիրն այն է, որ հայերը ցանկացած նոր մշակույթ բերելով իրենց երկիր՝ դրա մեջ միախառնում են նաև իրենց մշակույթից որոշ տարրեր: Երևանում վերջին տարիներին շատ է զարգանում, օրինակ, էթնիկ երգերը ռոք գործիքավորմամբ ներկայացնելու մշակույթը, ու որոշ փաբերում կարելի է նման երաժշտություն լսել:

Երևան

Այնուամենայիվ, պետք է խոստովանենք, որ ցանկացած քաղաքի տրամադրությունն ու գույներն ապահովում են քաղաքի բնակիչները: Ինչպես հայ երգիչ, երգահան Ֆորշն իր երգերից մեկում է ասում՝ «Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է»:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ Հայաստանում