info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ինչպես պատրաստվել ձմեռային արշավներին

Ձմեռային արշավներ

Ձմեռային արշավներ

Ձմեռային արշավները հնարավորություն են տալիս նորովի բացահայտել մեզ արդեն հայտնի ուղղությունները։ Մինչ շատ մարդկանց շրջանում թյուր կարծիք է տարածված, որ ձմռանն արշավններ չեն կազմակերպվում կամ որ ձմեռային արշավներին մասնակցելու համար հատուկ պատրաստվածություն է պետք, փորձառու արշավականներն ու համարձակները վայելում են իրական ձմեռն ու աննկարագրելի տեսարանները: 

Ձմեռային արշավներ

Արշավների մասկակցելու համար կարևոր է ոչ թե տարվա եղանակը, այլ արշավականների պատրաստվածությունը՝ գույք-հանդերձանքի տեսանկյունից։ 

Անկախ մարդկանց նախընտրություններից և այն կարծրատիպերից, որ ձմռանը հնարավոր չէ վայելել ցրտաշունչ եղանակը, այնուամենայնիվ ձմեռային արշավներն ունեն մի շարք առավելություններ։ 

Ձմեռային արշավների առավելությունները

Ձմեռային արշավների առաջին ու ակնհայտ առավելությունը հենց ցուրտ եղանակային պայմաններն են։ Կա թյուր կարծիք, որ ձմռանը մշտապես սահմռկեցուցիչ ցուրտ է, սակայն այդպես չէ։ Ձմեռային արշավների ժամանակ, հատկապես երբ շուրջբոլորդ ձյուն է, շատ հաճախ այնքան տաք է, որ կարելի է քայլել նույնիսկ միայն թերմոներքնազգեստով, ֆլիսով, և նույնիսկ կիսաթև շապիկներով։

Ձմեռային արշավներ

Բացի այդ, ձմռանը չկա կիզիչ արև, օդում պտտվող նյարդայնացնող միջատներ, իսկ սեզոնային ալերգիա ունեցող մարդկանց համար ձմեռային արշավներն ուղղակի փրկություն են։

Ոչ մարդաշատ երթուղիներ

Ձմեռային արշավների առավելություններից գլխավորն անշուշտ ոչ մարդաշատ երթուղիներն են։ Եթե ամառային արշավների ժամանակ մի ուղղությամբ կարող են քայլել մի քանի արշավախմբեր, ապա ձմռանն այդպես գրեթե չի լինում։

Ձմեռային արշավներ

Բացի այդ, ձմեռային երթուղիներում առավել հեշտ նկատելի է կենդանական աշխարհը, քանի որ ձյան վրա մնացող հետքերը միանգամից նկատելի են։  

Տեսարաններ

Կլինի դա քայլարշավային երթուղի, թե ձմեռային վերելք, միևնույն է տեսարանները միշտ ավելի տպավորիչ ու հզոր են լինում։ Եվ քանի որ երթուղիները մարդաշատ չեն, իսկ տեսարաններն էլ աննկարագրելի գեղեցիկ՝ հիշարժան լուսանկարներ ստանալն ավելի հեշտանում է։

Ձմեռային արշավներ

Իսկ եթե նույնիսկ բարձրացած լեռներն այնքան էլ բարձր չեն, միևնույն է կարելի է հայտնվել ամպերից վեր ու զգալ 5000+ լեռան գագաթին։

Լռություն

Երթուղիներում լռությունն ուղղակիորեն կապված է ոչ մարդաշատ լինելու հետ։ Ձմռանը թե՛ բնությունը, թե՛ կենդանական աշխարհն ավելի պասիվ են։

Ձմեռային արշավներ

Շուրջբոլորը դժվար է հանդիպել այլ շնչավոր էակների քո խմբից դուրս։ Քաղաքի առօրյայից կտրվելու, մտքերը կարգի բերելու համար ձմեռային արշավները լավագույն են։

Ֆիզիկական ակտիվություն ամբողջ տարվա ընթացքում

Արշավները լավագույն տարբերակն են, եթե ցանկանում եք համատեղել հաճելին ու օգտակարը։ Շատերը մարզասրահ գնալու փոխարեն նախընտրում են զբաղվել որևէ սպորտաձևով։

Ձմեռային արշավներ

Եվ չնայած ձմեռային արշավային ուղղությունները համեմատաբար ավելի թեթև են լինում, սակայն ձյան առկայության դեպքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելի շատ է։ Բացի այդ, համաձայնեք, որ բնության գրկում լինելն ավելի հաճելի է, քան օրն անցկացնել մարզասրահում։

Ձմեռային արշավների հիմնական երկու կանոնները

Չնայած արշավների ժամանակ պետք է հետևել մի շարք կանոնների, ինչպես օրինակ՝ քայլել շարքով, խմբից չառանձնանալ և այլն, սակայն դրանից զատ, կան նաև երկու այլ հիմնական կանոններ, որոնք կապված են ձմեռային հանդերձանքի հետ։ Այս կանոններին հետևելով ցանկացած ձմեռային արշավ կանցնի ավելի հաճելի։

Չ՛թրջվել

Ձմեռային արշավների մասնակցելուց առաջ առաջին բանը, որ մտածում ենք ձմեռային համապատասխան հագուստ ունենալն է, որը մեզ տաք կպահի։ Սակայն մոռանում ենք, որ ձմեռային արշավային հանդերձանքը պետք է լուծի միանգամից երկու խնդիր՝ մարմինը պահել տաք և, իհարկե, չոր։ Այո, արշավային հանդերձանքը պետք է նաև պաշտպանի մարմինը թրջվելուց։ 

Բանն այն է, որ ջուրը մարմնի տաքությունը հեռացնում է 25 անգամ ավելի արագ, քան օդը։ Այսպիսով՝ պարզապես մրսելն ավելի տանելի է, քան քրտնելն ու մրսելը։

Հագնվել շերտերով

Չթրջվելու հարցում օգնության է գալիս արշավային մեկ այլ կարևոր կանոն՝ հագնվել շերտերով։ Արշավային հանդերձանքում առանձնացնում են երեք հիմնական շերտ՝

Չոր և տաք մնալու համար պետք է ճիշտ ընտրել հանդերձանքը և պետք է սկսել թերմոներքնազգեստից։ Այն պարտադիր համարվող շերտերից առաջինն է, քանի որ քայլելու ընթացքում արտադրված քրտինքը հեշտությամբ հեռացնում և պահում է մարմնի ջերմաստիճանը։ 

Թերմոներքնազգեստ

Շնորհիվ թերմոներքնազգեստի գործվածքի, այն արագ հեռացնում է խոնավությունը և մարմինը չոր պահում։ Այսպիսով՝ ձեռք բերելով թերմոներքնազգեստ, մենք կանխում ենք մարմինը թրջվելուց։ 

Ճիշտ թերմոներքնազգեստ ընտրելուց հետո, պետք է ձեռք բերել ֆլիս և թեթև բաճկոն։ Այս շերտի նպատակը հնարավորինս ջերմություն ապահովելն է։

Ֆլիս

Չնայած ֆլիսի և թեթև բաճկոնի փոխարեն կարելի է միանգամից ընտրել մեկ հաստ բաճկոն, սակայն ֆլիսն ու թեթև բաճկոնն ավելի նախընտրելի են, քանի որ կարող եք առավել հեշտ հարմարվել եղանակային փոփոխություններին։

Երրորդ շերտն արդեն ուղղակիորեն կախված է արտաքին գործոններից և պետք է պաշտպանի մեզ քամուց ու թրջվելուց։ Ահա այդ պատճառով էլ, այս դեպքում պետք է նախընտրությունը տալ ջրակայուն և քամապաշտպան բաճկոններին։

Արշավական բաճկոն

Քամապաշտպան լինելն նույնքան կարևոր է, որքան ջրակայուն լինելը, քանի որ ինչպես թրջվելը կարող է վատ հետևանքներ ունենալ, այնպես էլ քամին։ 

Ամփոփելով հոդվածի այս հատվածը հիշենք, որ ձմռանն արշավելը կարող է ավելի հաճելի լինել, քան ամռանը։ Իսկ հանդերձանք ընտրելիս յուրաքանչյուր շերտ պետք է նպաստի մեր չոր ու տաք մնալուն։ Հագուստի ճիշտ ընտրությունը մեզ զերծ կպահի ցրտահարությունից և հիպոթերմիայից։ 

Ինչպես հագնվել ձմեռային արշավների մասնակցելիս

Չնայած արշավային հանդերձանքի ամենակարևոր մասն էին կազմում երեք հիմնական շերտերը, սակայն չմոռնանաք նաև հանդերձանքի մյուս տարրերի մասին։ Ոչինչ բաց չթողնելու համար, սկսենք արշավային կոշիկներից և կվերջացնենք արշավային գլխարկով։

Արշավային կոշիկ

Արշավային կոշիկները արշավային հանդերձանքի այն կարևոր մասն են կազմում, որը հորդորում ենք ձեռք բերել նույնիսկ սկսնակներին։

Արշավային կոշիկները լինում են շատ տարբեր՝ սկսած սովորական արշավնայինից մինչև բարդ ալպինիստական։ Այդ մասին ավելի մանրամասն մեր հոդվածում։

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին՝

Արշավային կոշիկ

Զանգապաններ

Ձմռանը զանգապանները պետք է լինեն արշավային գույքի պարտադիր մասը՝ պաշտպանելով ձյան հաստ շերտերից։

Զանգապան ընտրելիս պետք է հարմարացնել արշավային կոշիկների հետ։

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին՝

Արշավային զանգապաններ

Թերմոգուլպաներ

Թերմոգուլպաներն աշխատում են նույն սկզբունքով ինչ թերմոներքնազգեստը՝ չեն թողնում ոտքը թրջվի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ արդյունավետ հեռացնում են քրտինքը։ 

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին՝

Արշավային գուլպաներ

Արշավային տաբատ

Արշավային տաբատ ընտրելիս նույնպես պետք է առաջնորդվել եռաշերտ հագնվելու կանոնով։ Սակայն եթե խոսքը չի գնում բարձր լեռնային վերելքների մասին և դեռևս պատրաստվում եք արշավների գնալ միայն Հայաստանում, ապա կարելի է հագնել թերմո շերտ և սովորական արշավային ջրակայուն տաբատ։ 

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին՝

Արշավային տաբատ

Թերմոներքնազգեստ

Ընտրելով ցանկացած ձմեռային ակտիվ հանգիստ, թերմոներքնազգեստ ունենալը կարևորագույն և առաջնային պայմաններից է։ Քանի որ ոչ մի այլ գործվածք չի կարող այնպես արդյունավետ հեռացնել քրտինքը, որքան թերմոներքնազգեստը։ Բացի այդ, թերմոներքնազգեստը եռաշերտ հագուստի առաջին շերտն է։

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին՝

Թերմոներքնազգեստ

Ֆլիս

Ինչպես թերմոներքնազգեստի, այնպես էլ ֆլիսի դեպքում, արհեստական գործվածքներն ավելի նախընտրելի են և առավել արդյունավետ են պահպանում մարմնի ջերմությունը։ Նույնիսկ եթե ֆլիսը թրջվի, որպես եռաշերտ հագուստի երկրորդ շերտ, այն դեռ որոշ ժամանակ կարող է ջերմացնել մարմինը։ 

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին՝

Ինչ է Ֆլիսը

Արշավային բաճկոն

Եռաշերտ հագուստի վերջին և ամփոփիչ շերտը ապահովում է արշավային բաճկոնը։ Չնայած թերմոներքնազգեստն ու ֆլիսն առավել հաճախ են կիրառվում, քան բաճկոնը, սակայն բաճկոնի ճիշտ ընտրությունը ևս շատ կարևոր է։ Քանի որ այն միաժամանակ ունի մի քանի գործառույթ՝ ջերմության ապահովում, պաշտպանություն քամուց և թրջվելուց։

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին՝

Ինչպես ընտրել արշավային բաճկոն

Թվարկելով արշավային հանդերձանքի հիմնական բաղադրիչները, չենք մոռանում նաև լրացուցիչ և, նույնպես շատ կարևոր, մյուս աքսեսուարների մասին։

Ձեռնոցներ

Մարմինն առաջին հերթին սկսում է սառել հենց վերջույթներից և ինչպես թերմոնասկիների և արշավային կոշիկների ընտրությունն է կարևոր, այդքան էլ արշավային ձեռնոցների։ Նախապատվությունը տվեք երկշերտ ձեռնոցներին, որոնց ներքին շերտը ֆլիսից է, իսկ արտաքինը՝ ջրակայուն։ Ֆլիսե շերտը ապահովում է ձեռքերի ջերմությունը, իսկ արտաքին շերտը՝ պաշտպանում է ջրից։ 

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին՝

Արշավային ձեռնոց

Բաֆ

Բաֆերը կարող են լինել ինչպես բարակ կտորից՝ նախատեսված արևուց, քամուց, փոշուց պաշտապնության համար, այնպես էլ ֆլիսային ուժեղացումով՝ ցուրտ եղանակների համար: Այն շատ լավ պաշտպանություն է պարանոցի համար, և լավ լրացում՝ գլխարկի համար։

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին՝

Ինչ է բաֆը

Գլխարկ

Արշավային տաք գլխարկների լավագույն օրինակները պատրաստվում են ֆլիսից՝ քամուց և ցրտից լավագույնս պաշտպանելով գլուխն ու ճակատային հատվածը։

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին՝

Ինչպես ընտրել արշավային գլխարկ

Լեռնային ակնոց

Չնայած շատերը թյուրիմացաբար կարծում են, որ արևապաշտպան ակնոցներ պետք է կրել միայն ամռանը, մինչդեռ այն պարտադիր է տարվա բոլոր եղանակներին։ Հատկապես ձմռանը ուլտրամանուշակագույն ճառագայթումը բարձրլեռնային պայմաններում այնքան ուժեղ է, որ կարող է հանգեցնել ձնային կուրության։

Հոդվածը կարդալու համար սեղմի՛ր նկարին՝

Արշավային ակնոց

 

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր առաջիկա արշավները