Ինչ է Ֆլիսը
Առաջին անգամ ֆլիս անվանումը լսելիս հարց է առաջանում, թե ինչ է ֆլիսը: Ֆլիս են անվանում սինթետիկ կտորների մի մեծ ընտանիքի, որն ունի արտահայտված խավամազ: Ֆլիսը (անգլ. fleece) թարգմանաբար նշանակում է բուրդ: Ֆլիսը ստանում են պոլիէսթերի մանրաթելից: Տեխնոլոգիան համեմատաբար նոր է, այն մշակել է ամերիկյան “Malden Mills” ընկերությունը 1970-ական թվականներին: Որից հետո ֆլիսից կարվող հագուստը լայն տարածում գտավ ակտիվ տուրիզմով և սպորտով զբաղվող մարդկանց շրջանակներում: Եվ դա պատահական չէր, քանի որ ֆլիսը իր որակական հատկություններով հեղաշրջում կատարեց: Իսկ ինչո՞վ է ֆլիսը տարբերվում բնական բրդից, ինչու՞մ է դրա առավելությունը:
Որն է ֆլիսի առավելությունը
Ֆլիսի տեսակարար կշիռը անհամեմատ ցածր է բնական բրդից: Ֆլիսը ավելի լավ է տաքացնում, քան բուրդը: Խավամազ մակերեսի շնորհիվ օդային գրպանիկներ են առաջանում, ինչն էլ պատնեշ է հանդիսանում դրսի սառը օդի համար:
Պոլիէսթերի անջրանցիկ հատկությունների շնորհիվ թրջվելիս ջուրը ներծծվում է միայն կտորի արտաքին մակերևույթային շերտում: Այս հատկության շնորհիվ ֆլիսը, անգամ թրջվելուց հետո, շարունակում է ինչ-որ չափով տաքացնել մարմինը, ինչը բնորոշ չէ բրդյա հագուստին:
Ֆլիսը հատուկ խնամքի կարիք չունի: Այն կարելի է լվանալ լվացքի մեքենայում այլ հագուստների հետ:
Ֆլիսը ժամանակի ընթացքում չի դեֆորմացվում և չի կորցնում իր նախնական տեսքը գործվածքի ձևի և պոլիէսթերային մանրաթելի առաձգական հատկությունների շնորհիվ:
Ֆլիսը այլ կտորների համեմատ մարմնից արդյունավետ հեռացնում է քրտինքը և, թրջվելու դեպքում, արագ չորանում։
Ֆլիսի տեսակները
Ֆլիսի կտորն ունի երկու հիմնական չափորոշիչ՝
- Գործվածքի խտությունը
- Գործվածքի մազմզուկների ձևը
Գործվածքի խտությունը արտահայտվում է գրամ/մ² ձևով: Ստորև կարող եք տեսնել դասակարգման ընդունված ցանկը՝ յուրաքանչյուրին բնորոշ մոդելներով.
- 100 գ/մ²-ից պակաս — Polartec Classic Micro, Polartec Power Stretch Pro, Pontetorto Technostretch;
- 100–200 գ/մ² — Polartec Classic 100, The North Face TKA 100, Patagonia R1, Polartec Power Stretch Pro, Pontetorto Technostretch;
- 200–300 գ/մ² — Polartec Classic 200, The North Face TKA 200, Patagonia R2;
- 300 և ավել գ/մ² — Polartec Classic 300, The North Face TKA 300, Patagonia R3.
Բնականաբար որքան խիտ է գործվածքը, այնքան ավելի տաք է այն: Բայց գործվածքի խտության բարձրացման հետ մեկտեղ ավելանում է նաև քաշը, և իջնում են շնչող հատկությունները, քանի որ առավել խիտ գործվածքի ծակոտկենությունը փոքր է և ավելորդ ջերմությունն ու քրտինքի գոլորշիները դժվարությամբ են դուրս գալիս: Սա պետք է միշտ հիշել, խելամիտ ընտրություն կատարելու համար:
Գործվածքների մազմզուկների ձևը
Տաք պահելը պայմանավորված է ոչ միայն գործվածքի խտությամբ, այլ նաև ձևով: Ինչքան ավելի երկար և հաստ են լինում գործածքի մազմզուկները, այնքան ավելի տաք է լինում հագուստը: Սակայն այստեղ էլ կա մի նրբություն․ առավել նոսր և հաստ մազմզուկներով բաճկոնը չի պաշտպանում քամուց ինչպես հարկն է:
Երկար ու նոսր մազմզուկները չեն կարող պատնեշ դառնալ քամու համար, ինչպես դա անում է կարճ և խիտ մազմզուկներով գործվածքը: Այսպիսի գործվածքից շապիկը առավել նպատակահարմար է հագնել քամուց պաշտպանող ամուր բաճկոնի տակից, որպես ջերմամեկուսիչ շերտ:
Ֆլիսից լինում են հանդերձանքի գրեթե բոլոր մասերը՝ տաբատ, բաճկոն, ձեռնոց, գլխարկ և անգամ գուլպա: Բազմաշերտ հագնվելիս ֆլիսը իդեալական տարբերակ է որպես ջերմամեկուսիչ շերտ օգտագործելու համար: Ֆլիսե բաճկոնը այսօր արշավականի զգեստապահարանի պարտադիր բաղադրիչն է: Այն հարմար է ոչ միայն արշավների ժամանակ հագնելու համար, այլ նաև առօրյա կյանքում՝ փողոցում, տանը, աշխատանքի վայրում, երեկոյան զբոսնելիս և այլն:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: