Հարսանիք լեռներում
Հարսանիք լեռներում Շուշիի ազատագրման հայտնի ռազմական գործողությունը մեր օրերում իրական դրսևորումներ է ստանում Հայաստանի սարերում: Armenian Geographic-ի կազմակերպած դեպի Խուստուփ լեռ երկօրյա արշավի ժամանակ լեռան գագաթին խմբի մասնակիցներից երկուսը նշեցին իրենց ամուսնությունը:
Հարսնացուն՝ Խուստուփի գագաթին
Զառա Դանիելյանը, որը հարսի շորերով Խուստուփի գագաթին շրջում էր և լուսանկարվում իր փեսացուի՝ Արմեն Բալքչյանի հետ, պատմում է, որ սարերում հարսանիք անելու գաղափարը վաղուց են ունեցել:
«Խուստուփը պլանների մեջ չէր մտնում, պետք է գնայինք Ալպեր՝ Իտալիայի կողմից, ուղղակի այս կորոնավիրուսի պատճառով կամ շնորհիվ հայտնվեցինք Խուստուփում: Խուստուփի մասին շատ էի լսել, նրա գեղեցկությունը նկարներով տեսել էի, կարելի է ասել, որ այն իմ համար ամենագեղեցիկ սարն էր: Միշտ նկարներ եմ տեսել, որ մարդիկ սարերում հարսանիք են արել, ուղղակի այդ հարսանիք կոչվածը ստացվեց երկու հոգով ու շատ անծանոթ, բայց արդեն մոտիկ մարդկանց հետ: Զգեստը կիսաշրջազգեստ էր, որ մայրս էր կարել: Երբ քողը միանգամից դրեցի, բոլորն ինձ նայեցին, չէին սպասում, որ այդ կերպարը պետք է ընդունեի: Ուղղակի նկարվեցինք, որ Հայաստանի սարերով երևայինք այդ կերպարի մեջ»,-պատմում է Զառան:
Նա ասաց, որ իրենց իսկական հարսանիքը կայանալու է հոկտեմբեր ամսին, սակայն այս օրը նրանց համար խորհրդանշական է. «Դե, մենք մի քիչ արտասովոր բաներ ենք սիրում: Մեկը մեր լուսանկարներից մեկի տակ շատ սիրուն մեկնաբանություն էր գրել, որ «սա ձեր կյանքի առաջին բարձունքներից մեկն էր», ու, կարելի է ասել, էս բարձունքից սկսում ենք կյանքը: Նշանակության հետ կապված այդքան չենք խորացել, պետք էլ չի խորանալ, մենք զուտ մեզ շատ լավ են զգացել այդ ժամանակ, մի տաս տարի հետո նորից Խուստուփ կբարձրանանք ու կնշենք այդ օրը»:
Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք արշավելը զույգի հետաքրքրությունների շրջանակում է եղել: Ի պատասխան՝ Զառան ասաց, որ սա նրանց առաջին համատեղ արշավն էր. «Դրանից առաջ ես եմ մի քանի անգամ բարձրացել, բայց լուրջ արշավ չի եղել, հավեսի համար: Ինձ թվում է՝ սա լավ սկիզբ է, որ շարունակենք արշավել, հատկապես ArmGeo-ի հետ, որովհետև շատ տպավորված ենք նրանցով»:
Մինչև Արարատ
Զառան ասում է՝ իրենք ֆիզիկապես պատրաստված չեն եղել այդ վերելքի համար, դրա համար դժվար է եղել իրենց համար. «Ֆիզիկապես այդքան պատրաստված չէինք, հատկապես՝ ես, Արմենը պատրաստված էր: Սկիզբը շատ հետաքրքիր էր, հատկապես, երբ արևածագը տեսանք: Արմենը նաև լուսանկարիչ է, ինքը նաև նկարում է, ու բացի այդ շորից՝ մեզ հետ տարել էինք նաև ապարատ՝ իր ամեն ինչով, այսինքն՝ ծանրություն ունեինք մեզ վրա, բայց արժեր: Իմ համար դժվար էր: Այնտեղ մի երկու ջուր վերցնելու տեղ կա, առաջին տեղում Արմենն իր ապարատի հենակը թողեց, հետ գալուց վերցրեցինք»:
Հարցին՝ այդ դժվար վերելքը հաղթահարելուց ու հարսանիքը Խուստուփի գագաթին նշելուց հետո՝ ի՞նչ զգացողություններ ունեիք՝ Զառան այսպես պատասխանեց. «Այնքան արագ ստացվեց, որ հիմա հարցնում եք, աղոտ եմ հիշում այդ պահը, որովհետև ոնց որ օդի մեջ լինեինք, ու այդքան բարձրության վրա՝ թվում էր ամբողջ Հայաստանը դիմացներս մի ափի մեջ էր, աչքերիս չէի հավատում, որ նման բարձրության վրա ենք: Խուստուփից հետո մեր առաջ կետեր ենք դրել. սկսելու ենք ու հասնենք մինչև Արարատ, դա մեզ համար նպատակ է դարձել: Իսկ հարսանիքի հետ կապված, որ այդ շորով ես նայում էի մեր լեռներին, մի քիչ հուզիչ էր: Նույնիսկ այնտեղ ռուսներ կային, եկել էին, ուզում էին նկարվել մեզ հետ, արագ նկարվում էինք»:
Հարսանիք լեռներում նախաձեռնությունից հետո Զառան ու Արմենը շարունկելու են արշավել ու էլ ավելի բարձր գագաթներ հաղթահարել: Իսկ առաջիկա նախատեսվող ուղղություներն Աժդահակն ու Արագածն են:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: