Եղանակը լեռներում շատ փոփոխական է: Հնարավոր է պայծառ, արևոտ օրը կտրուկ փչանա՝ սկսվի հորդառատ անձրև, կարկուտ, ամպրոպ, փոթորիկ: Չափազանց կարևոր է ճիշտ կանխատեսել եղանակը լեռներում: Պետք է իմանալ, որ աղբյուրներից օգտվել՝ դեռևս քաղաքում ճշգրիտ եղանակի տեսություն իմանալու համար և տեղում իրական ժամանակով տեսնել նախանշանները և իմանալ՝ ինչ են դրանք նշանակում:
Երկրի մակերևույթը հավասարաչափ չի տաքանում, քանի որ հասարակածային գոտու վրա ավելի շատ արև է ընկնում, քան բևեռների վրա: Սա առաջացնում է իրար հաջորդող օդի ցածր և բարձր ճնշման գոտիներ: Տաք օդային զանգվածը ունենում է ցածր ճնշման գոտի և բարձրանում է դեպի վեր, ինչը, որպես կանոն, առաջացնում է վատ եղանակ: Ցուրտ օդային հոսանքն ունենում է բարձր ճնշման գոտի, որը, իջնելով ներքև, առաջացնում է պարզ և կայուն եղանակ:
Ցիկլոն և անտիցիկլոն
Ցիկլոնը ցածր ճնշման գոտիով սահմանափակ տարածություն է, ուր ներթափանցում է բարձր ճնշումով տաք օդային զանգված: Արդյունքում ստանում ենք օդային զանգվածի պտտաձև շարժում, որի կենտրոնում ցածր ճնշման գոտի է, իսկ շուրջբոլորը՝ բարձր: Ցիկլոնի ժամանակ լինում է մռայլ եղանակ, հաճախակի տեղումներով և ուժեղ քամիներով:
Անտիցիկլոնը ցիկլոնի հակառակն է: Տարածք է, որի կենտրոնում բարձր ճնշման գոտի է, որը պտտական շարժումով վանում, «հրում է» օդային զանգվածները կենտրոնից դեպի դուրս: Անտիցիկոլնի ժամանակ եղանակը լինում է պարզ ու արևոտ, անամպ, առանց ուժեղ քամիների և տեղումների: Ամառները լինում է շոգ արևոտ եղանակ, ձմեռները՝ ուժեղ ցուրտ: Անտիցիկլոնները դանդաղ են շարժվում, այդ իսկ պատճառով բերում են կայուն եղանակ:
Լեռներում անտիցիկլոնը բարենպաստ ժամանակ է վերելքի համար:
Շատ չմանրանանք մասնագիտական նրբությունների մեջ և ներկայացնենք այն նախանշանները, որոնցից պետք է զգուշանալ:
Լեռներում առավոտյան օդային զանգվածները ստորոտից բարձրանում են դեպի լեռնագագաթ, իսկ երեկոյան՝ իջնում ներքև: Դա պայմանավորված է ստորոտի և գագաթի մակերևույթների ջերմաստիճանների տարբերությամբ: Այս երևույթի պատճառով, որպես կանոն, առավոտյան եղանակը լեռներում լինում է արևոտ, իսկ ցերեկը՝ լանջերին կարող է տեղալ անձրև, իսկ գագաթին՝ ձյուն:
Եղանակի մասին շատ բան կարելի է կռահել ամպերի տեսակներից։ Ամպերը լինում են հիմնականում
Փետրավոր – եղանակը պատրաստվում է վատանալ
Անձրևա-կուտակային – վատ եղանակ, անձրև
Շերտավոր – հնարավոր է, որ եղանակը վատանա
Բարձր շերտավոր – հնարավոր է անձրև տեղա
Շերտավոր կուտակային – հնարավոր է եղանակը վատանա
Բարձր կուտակային – հնարավոր է եղանակը վատանա
Անձրևային շերտավոր – վատ եղանակ
Կուտակային – լավ եղանակ
Բացի ամպերի հիմնական տեսակներից, պետք է ուշադրություն դարձնել նաև հետևյալ երևու երևույթներին:
Լինզաներ – սրանք բարձր կուտակային ամպեր են: Սրանց առաջանալու պարտադիր պայման է ուժեղ քամու և որևէ պատնեշի առկայությունը: Վերջինիս դերում հաճախ հայտնվում են լեռնագագաթները: Սովորաբար այսպիսի ամպեր առաջանում են տաք օդային զանգվածների հոսքի ժամանակ: Այնպես որ լինզաների առկայությունը վկայում է եղանակի մոտալուտ փչանալու մասին:
Հալո – ևս մի նշան, որ եղանակը փչանում է: Հալոն օպտիկական երևույթ է, որը առաջանում է լույսի ուժեղ աղբյուրի շուրջ: Նման լույսի աղբյուր կարող են հանդիսանալ արևը կամ լուսնը, սակայն կարող է առաջանալ նաև լույսի այլ ուժեղ աղբյուրների մոտ: Հալոն առաջանում է փետրավոր ամպերի մեջ գտնվող սառցե բյուրեղիկների պատճառով, երբ լույսը բեկվում է նրա միջով:
Ամպոպի առաջացման նախանշանները
Ամպրոպները ամենամեծ վտանգներից են լեռներում: Ամպրոպների առաջացումը ուղակիորեն կապված է արևի հետ: Այդ իսկ պատճառով ամպրոպները հիմնականում լինում են ամռանը՝ ցերեկային ժամերին: Ամպրոպի առաջացման պարտադիր պայման է տաք վերամբարձ օդի հոսանքները, որոնց արագ շարժից առաջանում է էլեկտրաստատիկ լարում և որպես հետևանք՝ կայծակ:
Տեղային ամպրոպները շատ արագ կարող են զարգանալ: Պետք է միշտ ուշադիր հետևել՝ որքան արագ են առաջանում կուտակային ամպերը: Ինչքան արագ են ամպերը ձևավորվում, հատկապես ուղղահայաց հարթությունում, այնքան մեծ է անձրևաբեր կուտակային ամպերի առաջացման հավանականությունը: Աշտարակի նման դեպի վեր ձգված ամպը վատ նշան է: Հատկապես, եթե ներքևի մասը մուգ գույնի է, նշանակում է, որ այդ ամպը ամպրոպածին է: Ավելի վտանգավոր է եթե նմանատիպ ամպերը մի քանիսն են: Այդ դեպքում հնարավոր է լինի երկար և ուժեղ ամպրոպ:
Ամպրոպը կարելի է կանխատեսել նաև հետևյալ նշաններով.
- Առավոտյան ցողը երկար ժամանակ չի չորանում
- Առավոտյան վաղ ժամի ձևավորվող ամպեր
- Կուտակային ամպերի ստորին հատվածները ունենում են մուգ գունավորում
- Քամի չկա և տոթ է
- Ամպերի ստորին մասը ներփքված է, նշանակում է վերամբարձ հոսանքներ կան
- Քամիների կտրուկ ուժեղացում, այն պայմանով, որ հեռվում մուգ ամպեր են երևում
- Զնդան կամ աշտարակ հիշեցնող ամպեր: Վերևի հատվածը ավելի լայն է և ունի տափակ գլուխ:
Կայծակից և ամպրոպից պաշտպանվելու եղանակներ
- Հեռանալ բաց տարածությունից: Եթե դուք գագաթին եք, պետք է անհապաղ հանարավորինս շատ բարձրություն գցել և հեռանալ թամքոցից
- Անջատել հեռախոսները, ռացիաները և մյուս էլ. սարքավորումները
- Գտնել թաքստոց: Ամպրոպը հազվադեպ է մեկ ժամից ավել տևում, բայց դա էլ է բավարար թրջվելու և ցրտահարվելու համար: Գտեք ժայռերի մեջ խորացումներ, որոնք կունենան ծածկ, խփեք վրանը չոր տեղ կամ ծածկի տակ: Պետք է նստել վրանում կամ ժայռի տակ՝ պատերից առնվազն մեկ մետր հեռու:
Միայն վատ եղանակի մասին չէ, որ պետք է իմանալ նախօրոք: Որպեսզի բաց չթողեք վերելքի հնարավորությունը պետք է իմանալ նաև սպասվող լավ եղանակի նախանշանները: Լավ եղանակի նախանշաններն են՝
- Ցուրտ գիշերը
- Մառախուղը ցրվում է արևածագից մեկ-երկու ժամ անց
- Արևը մայրամուտին նման է հրե գնդի, հստակ երևում են կլոր եզրագծերը
Ի՞նչ աղբյուրներից օգտվել եղանակի ճշգրիտ տեսություն ստանալու համար
Նախ պետք է նշել, որ երբեք հնարավոր չէ 100% ճշգրտությամբ կանխատեսել եղանակը լեռներում: Սակայն այսօրվա տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, թույլ են տալիս բավականին հստակ կանխատեսել մոտակա երկու-երեք օրվա սպասվելիք եղանակը: Դրա համար կան մի քանի համապատասխան կայքեր, որոնք մանրամասն տեղեկություն են տալիս ջերմաստիճանի, տեղումների և քամիների մասին: Որոշ կայքեր տրամադրում են արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում է օդային զանգվածների տեղաշարժը:
Ահա մի քանի կայք եղանակային կանխատեսումներին ծանոթանալու համար՝
Mountain forecast – Այս կայքը մասնագիտացված է հենց լեռների եղանակային կանխատեսումների համար: Այս կայքում կարելի է գտնել գրեթե ցանկացած լեռան եղանակի տեսությունը՝ բոլոր մանրամասն տեղեկություններով և դիագրամներով:
Meteoblue – բավական մանրամասն ցույց է տալիս բոլոր տվյալները, այդ թվում արբանյակային նկարներ: Ունի որոնման հնարավորություն, ինչպես բնակավայրերի անուններով, այնպես էլ ըստ լեռնագագաթների, որով ցույց է տալիս հատուկ հենց լեռան եղանակը: Բավական ճշգրիտ է աշխատում Եվրոպայում, Ամերիկայում, սակայն մեր տարածաշրջանը բավականաչափ ճշգրիտ քարտեզագրած չէ: Բայց ամեն դեպքում կարելի է ստանալ ճշգրիտ տեղեկություն եղանակի մասին: Ունի բջջային հավելված, ինչը շատ հարմար է:
Wind guru – Սա էլ մասնագիտացված է քամիների վրա: Այս կայքից հաճախ օգտվում են նավաստիները, ծովերում քամիների մասին պատկերացում կազմելու համար: Բավականին մանրամասն ներկայացնում է օդային զանգվածների, քամիների շարժը: Հատկապես ճշգրիտ է ծովափնյա տեղանքների համար:
Եվ հիշեք, որ չի կարելի թերագնահատել եղանակը: Եղանակը պետք է համար մեկ թելադրող պարամետրը լինի արշավը պլանավորելիս, քանի որ դա մի բան է, որը մեզանից կախված չէ և հնարավոր չէ այն հարմարեցնել մեր կարիքներին:
Արշավային գույք և հանդերձանք