info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ջրաման, թե՞ պլաստիկ շիշ

Ջրաման

Ջրամա՞ն, թե՞ պլաստիկ շիշ։ Մեր կողմից այդ հարցն ունի միանշանակ պատասխան։ Մենք ունենք մի քանի հոդվածներ, որտեղ ներկայացնում ենք մարդու և բնության կապի, փոխադարձ ազդեցության մասին, խոսել ենք նաև այն մասին, թե ինչպիսի որակներ կարող են ձևավորել արշավները։ Եվ այդ թեմայի շուրջ անպայման ուզում ենք անդրադառնալ պլաստիկ շշերի օգտագործմանն արշավների ժամանակ։


Յուրաքանչյուր մարդ, հատկապես արշավական, իր կյանքում գոնե մեկ անգամ բնության գրկում հանդիպել է պլաստիկ թափոնների։ Բացի այն, որ այդ տեսարաններն ընդհանրապես էսթետիկ հաճույք չեն պատճառում, այլև խաթարում են բնական մի շարք գործընթացներ։ Առհասարակ աղբի առկայությունն արշավային երթուղիների վրա, և ոչ միայն, խոսում է մարդկանց դաստիարակության և գիտակցության մասին։

Պլաստիկն ու մարդու առողջությունը

Այս խնդրին առաջին հերթին պետք է մոտենալ մեր առողջության տեսանկյունից։ Համացանցում կարելի է գտնել հազարավոր գիտական հոդվածներ այն մասին, թե որքան վատ ազդեցություն ունեն ջրի պլաստիկ շշերը մեր առողջության վրա։ Բանն այն է, որ պլաստիկ շշեր արտադրող ընկերությունները հիմնականում դիմում են ավելի մատչելի տարբերակների և արտադրում մեկանգամյա օգտագործման շշեր։

Իսկ եթե մի կողմ դնենք գիտական տերմիներնն ու բացատրություններն այս թեմայի շուրջ, ապա կարող ենք յուրաքանչյուրս մեր հերթին փաստել, որ սովորաբար ջրի պլաստիկ շիշը մի քանի անգամ օգտագործելու դեպքում ջրից գալիս է ինչ-որ տարօրինակ համ։

Պլաստիկ շշերի բազմակի օգտագործումը հանգեցնում է մարդու օրգանիզմում մի շարք վնասակար քիմիական տարրերի ներթափանցմանը։ Իսկ այդ գործընթացն ավելի արագ և վնասակար է, եթե շիշն ամբողջ ընթացքում լինում է արևի ճառագայթների տակ։

Իսկ հիմա եկեք հիշենք, թե որտեղ ենք մենք սովորաբար դնում մեր ջրամանները կամ պլաստիկ շշերը։ Իհարկե ուսապարկի կողքերում գտնվող դրսի գրպաններում։ Կարծում ենք վնասակար կապը ջրի պլաստիկ շշերի օգտագործման և մեր առողջության վատթարացման հարցում ակնհայտ է։

Գուցե շատերի համար այս նկատառումը ոչ այնքան համոզիչ է ու կարևոր։ Սակայն պետք է հիշել, որ ինչպես օրինակ արշավային գույք-հանդերձանքում կարևոր են փոքրիկ դետալները, այնպես էլ այս հարցում՝ կարևոր են փոքրիկ սովորությունները, որոնք երկարատև ընթացքում դառնում են մեծ խնդրի առաջացման պատճառ։

Պլաստիկ թափոններն արշավային երթուղիներում

Պլաստիկ թափոնների վերամշակումն աշխարհում ամենամեծ խնդիրներից մեկն է, քանի որ այդ գործընթացը բավականին բարդ է, իսկ բնության գրկում պլաստիկը կարող է պահպանվել հարյուրավոր տարիներ՝ լինելով մեծ խնդիր ոչ միայն ցամաքային, այլև ջրային միջավայրում։

1 պլաստիկ շշի ամբողջական քայքայման համար միջինում պահանջվում է 450 տարի, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 1000 տարի։ Իսկ պլաստիկ շշերի 90%-ը նույնիսկ ենթակա չէ վերամշակման։

1 պլաստիկ շիշ = 450 տարի

Գնելով ջրի պլաստիկ շիշ, եկեք խոստովանենք, որ շատերս այն օտագործում ենք միայն մեկ անգամ, և լավագույն դեպքում այն նետում աղբը։ Սակայն, այս դեպքում հարց է առաջանում, թե որտեղից են հայտնվում պլաստիկ շշերը բնության գրկում ու արշավային երթուղիներում։ Չնայած որ արշավականների մեծ մասն այդ հարցում ավելի գիտակից է և շատերը հոգ են տանում բնության մասին, բայց փաստը մնում է փաստ, որ երթուղիներում մինչ օրս կարող ենք հանդիպել պլաստիկ թափոններ։

Ֆինանսական խելամտություն

Եթե առողջության և բնության մասին հոգ տանելու կետերն այնքան համոզիչ չէին, որ հրաժարվես պլաստիկ շշերի օգտագործումից, անդրադառնանք նաև այդ ամենի ֆինանսական կողմին։

Արշավների ժամանակ մարդիկ միջինում օգտագործում են 1․5լ ջուր։ Ստացվում է, որ մեկ արշավի համար մեզ պետք է 3 հատ 0,5լ պլաստիկ շշով ջուր, որը մոտավոր կստացվի 500 ՀՀ դրամ։ Պատկերացնենք, որ ամիսը 3 անգամ գնում ենք արշավների, ստացվեց՝ 1500 ՀՀ դրամ ամսվա կտրվածքով մենք ծախսում ենք ջրի համար։

Եթե ձեռք ենք բերում ջրաման՝ մոտավոր 7000 ՀՀ դրամով, 1-1,5լ, ստացվում է, որ մեկ տարվա կտրվածքով ջրաման գնելու դեպքում մենք ծախսում ենք 7000 ՀՀ դրամ, իսկ պլաստիկ շշով գնելու դեպքում՝ 18 000 ՀՀ դրամ, այսինքն 2,5 անգամ ավելի շատ ենք վճարում։

Այստեղ, իհարկե, պետք է նաև նշել, որ մարդկանց ֆինանսները տարբեր են, ցանկությունները նույնպես, և ինչ-որ մեկը կարող է գնել ավելի թանկ ջրաման կամ ավելի քիչ պլաստիկ շշով ջուր, բայց միևնույն է, երկարատև ընթացքում ջրաման ունենալն ավելի խելամիտ որոշում է ֆինանսների տեսանկյունից։

Ինքնարտահայտում ջրամանի միջոցով

Եթե խոսքը գնում է ջրաման, թե՞ պլաստիկ շիշ ընտրության մասին, ապա այն միանշանակ պետք է լինի հօգուտ ջրամանի, որը որպես բոնուս ունի նաև էսթետիկ կողմ։ Մեծ հաշվով բոլոր պլաստիկ շշերը միանման են, իսկ ահա ջրամանները կարող են լինել բազմատեսակ, տարբեր գույների, դիզայնի ու բրենդի։ Հետևաբար ամեն անձ կարող է ընտրել իր անհատականությունն ընդգծող ջրաման։ Ճիշտ է, փոքրիկ դետալ է, բայց ինչքան հաճելի կարող է լինել։

Սա նույնպես շատ կարևոր է, քանի որ մենք բոլորս ինքնաարտահայտվում ենք մեր հոբբիներով, հագուստով և ինչու ոչ, նաև ինչ-որ աքսեսուարներով։

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավային գույք և հանդերձանք