Ինչո՞ւ փորձառուները չեն առանձնանում խմբից
2013թ.-ին մեր ընկերներից մեկի հետ Կարելիայում մի հետաքրքիր դեպք էր պատահել: Նա բավականին խելամիտ և գրագետ մարդ էր, բայց այդ պահին դեռևս արշավական փորձ չուներ և չգիտեր՝ ինչու է անհրաժեշտ քայլել շարքով: Ահա թե ինչ է նրա հետ պատահում: Մութն ընկնելուն մնում էր 2-3 ժամ: Խումբը շտապում էր հնարավորինս արագ անցնել երթուղու բարդ ու անհարմար հատվածը և րոպե շուտ հասնել նախապես գիշերակացի համար որոշված տեղանքին:
Խումբը կարճատև կանգ է առնում, մեր ընկերը գնում է թփերի կողմ «ծաղիկ հավաքելու» ու այնտեղ տեսնում է մի հետաքրքիր բան՝ ինչ որ մետաղական թմբեր, զենքի փողերի համար արված անցքերով և Նարնիա տանող ստորգետնյա մուտքը: Նա արագ ուսումնասիրում է ամեն ինչ վերևից և գնում ետ մնացածներին պատմելու իր գտածոյի մասին: Բայց, չգիտես ինչու, չի կարողանում գտնել այն բացատը, որտեղ կանգ էր առել խումբը: Իսկ երբ գտնում է, խումբն արդեն այնտեղ չի լինում:
Ի՞նչ է պատահում նրա հետ հետո: Դրա մասին դեռ կհասցնենք խոսել, իսկ առայժմ ինքներս մեզ հարց տանք.
Ինչու՞ իսկական պրոֆեսիոնալները աշխատում են երբեք խմբից ետ չմնալ:
Եվ իսկապես, ինչու՞: Ախր նրանք փորձառու արշավականներ են, մեծ ստաժով: Որոնց ուսերի ետևում բազմաթիվ բարդ երթուղիներ կան անցած: Ինչի՞ց են նրանք վախենում: Ինչու՞ մի փոքր ետ չմնալ ու միայնակ չլսել ատնառի լռությունը, հետո արագ հասնել խմբին: Կամ էլ հակառակը՝ առաջ վազել խմբից, որ մինչև իրենց հասնելը հասցնես հանգստանալ, հաց ուտել և մտածել կյանքի իմաստի մասին:
Ինչո՞ւ փորձառուները երբեք ետ չեն մնում խմբից
Իսկական փորձառուները աշխատում են երբեք չառանձնանալ խմբից:
Հիմնական պատճառները հետևյալն են՝
- Առաջին հերթին դա թիմային չէ և շատ վատ օրինակ է անփորձների համար: Նրանք կտեսնեն ու կորոշեն, որ իրենց էլ է կարելի: Եվ եթե փորձառուն համեմատաբար ավելի հավասարակշիռ է գնահատում իրավիճակը , զգույշ է, ապա սկսնակը երկու արշավ գնալուց հետո իրեն համարում է փորձառու վետերան: Անգամ փորձառուի հետ տայգայում կամ լեռներում կարող է դժբախտ պատահար տեղի ունենալ՝ վնասվածք, մոլորվել, վայրի կենդանու հարձակում: Էլ ուր մնաց անփորձները, իսկ «գոյատևման մասնագետների» մասին խոսելն ավելորդ է:
- Մինչ նա սպասում է խմբին, կամ վազում, որ հասնի նրանց, այնտեղ կարող է արտակարգ դեպք տեղի ունենալ: Եվ բավականին լուրջ դեպք: Եվ այդ պահին կարող է նրա գույքից կամ դեղարկղիկից ինչ որ բան պետք լինի՝ ինչը միայն փորձառուն ունի:
- Փորձառուն հասկանում է, որ իր անփութության պատճառով, նրան կարող են չհաշվել խմբում և կորած համարել: Այդ դեպքում ողջ խմբով ետ են դառնալու և սկսեն իրեն փնտրել: Սա ժամանակի մեծ կորուստ է և լուրջ սթրես խմբի անդամների և հատկապես ղեկավարի համար: Իսկ փոքր խմբի որոնողական աշխատանքներ իրականացնելու պոտենցիալը մեծ չէ: Եթե սեփական ուժերով չգտան, դիմելու են փրկարարներին: Շատ հնարավոր է՝ իրենք նույնպես մոլորվեն կամ պարզապես չհասնեն տեղ մինչև մութն ընկնելը:
Այդ պատճառով արշավախմբերի գրագետ ղեկավարները փորձում են պահպանել խմբում կարգապահությունը, հորդորում են քայլել շարքով, նշանակում են շարքի առաջնապահ և ետնապահ՝ կարգադրում բոլորին նրանցից ետ կամ առաջ չանցնել: Կանգ առնելիս միշտ հաշվում են մասնակիցների քանակը և ներկա բացակա անում, որպեսզի համոզվի՝ արդյո՞ք ինչ որ մեկին չեն մոռացել: Դե իսկ մթին կամ մառախլապատ եղանակին, երբ տեսանելիությունը վատ է բոլորը քայլում են իրար հնարավորինս մոտ և ճակատային լապտերներով, որպեսզի լապտերների լույսերով ղեկավարը կարողանա հաշվել բոլորին:
Իսկ ի՞նչ անել, եթե դա այնուամենայնիվ պատահեց
Վերադառնանք մեր ընկերոջ պատմությանը: Ի՞նչ արեց նա առաջին հերթին: Դե բացի նրանից, որ մի քիչ վախեցավ ու մի լավ գոռգոռաց՝ հույսով, որ խումբը մոտակայքում է և կլսի նրան: Նա փորձեց գտնել խմբի կանգառի վայրը: Դա նրան միանգամից չհաջողվեց, բայց ի վերջո նա գտավ բացատը: Ո՞ր կողմ է գնացել խումբը: Նա մոտավորապես պատկերացնում էր, անգամ նրանց հետքերն էր տեսնում: Բայց քանի որ արդեն մթնում էր, նա որոշեց ռիսկի չդիմել և չվերածել լարված իրավիճակը իսկական աղետի: Նա արեց այն, ինչ լավ էր կարողանում՝ ցախ հավաքեց, կրակ վառեց և պատրաստվեց այդ վայրում գիշերելուն:
Մի խոսքով հենց դրա շնորհիվ ետ վերադարձած խումբը նրան գտավ: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Խումբը հենց այդտեղ էլ գիշերեց: Բայց կարող էին ավելի հարմար տեղում դա անել:
Անկասկած նման դեպքերը ոչ միայն մոլորվածի մեղքն են, այլ նաև, ոչ պակաս, խմբի ղեկավարի: Թույլ տանք մեզ մի քանի խորհուրդ տալ՝ հիմնվելով սեփական արշավային փորձի վրա:
Եթե ետ եք մնացել խմբից քայլարշավի ժամանակ
- Պահպանե՛ք հանգստություն:
Խուճապի արժի մատնվել, եթե մինչև հաջորդ երեքշաբթի ձեր հետևից ոչ ոք չի եկել: Ասում են, եթե այս կատակը հիշեք, այն ձեզ մի փոքր կլիցքաթափի և խուճապի չեք մատնվի: Փորձե՛ք ինքներդ:
- Եթե կապի միջոց կա, փորձեք միանգամից խմբի հետ կապ հաստատել: Միասին ինչ-որ բան կմտածեք: Եթե կապ չկա, դա արդեն լավ չէ, բայց դեռ աղետ էլ չէ:
- Փնտրեք անտառում ոչ թե «ծանոթ» վայրեր, այլ խմբի անցած հստակ հետքեր:
Խումբը ձեզ փնտրելու է երթուղով դեպի ետ գալով, նշանակում է՝ մնացեք նրա վրա և սպասեք: Նրանք ովքեր փրոձում են առանց տեսողական կոնտակտի արագ հասնել խմբին, քայլելով իրենց կարծիքով «ճիշտ ուղղությամբ», միայն ավելի են բարդացնում իրավիճակը:
- Եթե ձեզ հետ վրան ունեք, խփեք վրանը և պատրաստվեք հավանական վատ եղանակին:
- Կրակ վառեք երթուղու մոտ, կամ բարձրունքի վրա: Գիշերը այն պետք է վառվի պայծառ կրակով, իսկ ցերեկը արձակի թանձր, լավ երևացող ծուխ:
- Բղավելն անիմաստ է: Որակյալ սուլիչը ավելի բարձր ձայն է հանում և հեռվից լավ է լսվում ՝ անգամ քամոտ և անձրևոտ եղանակին:
Եվ մի կարևոր կետ էլ վերաբերվում է արշավական աղջիկներին: Երբեք ուրիշին մի տվեք ձեր ուսապարկը տանի, կամ միջի ծանր քնապարկը և այլ իրեր: Ձեր ուսապարկը իր ողջ բաղադրությամբ պետք է միշտ ձեզ վրա լինի: Որպեսզի նման իրավիճակներում դուք ունենաք ձեզ հետ այն ամենը, ինչն ահրաժեշտ է գոյատևելու համար:
Իսկ դուք ի՞նչ եք կարծում հարգելի ընթերցողներ: Էլ ի՞նչ տարբերակներ կան ետ մնացած կամ կորած մասնակիցներին գտնելու համար:
Օրիգինալ նյութի հեղինակ՝ Գրիգորի Լիսովսկի
Նյութի հղումն՝ այստեղ