Որոտնավանք
Վաղադնի վանքը, որն ավելի շատ հայտնի է Որոտնավանք անվամբ գտնվում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ-արևելք, Որոտան գետի կիրճի եզրին: Վանական համալիրը բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Ստեփանոս, Սբ. Կարապետ եկեղեցիներից, գավթից, սյունասրահներից, օժանդակ շինություններից, պարսպից և գերեզմանատնից:
Սբ․ Գրիգոր եկեղեցի
Վանական համալիրի հնագույն եկեղեցին Սբ․ Գրիգոր եկեղեցին է, որն ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ IV դարում հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: Եկեղեցին վաղ միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի: Միանավ կառույց է, այժմ՝ ավերակ:
Սբ․ Ստեփանոս Նախավկա եկեղեցի
1000 թվականին Սյունյաց Շահանդուխտ թագուհին Ս. Գրիգոր եկեղեցու հս-արլ. կողմում՝ կառուցել է թաղածածկ, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին և նրա գավիթը:
Սբ․ Կարապետ
1006 թվականին Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում կառուցել է Սբ. Կարապետ եկեղեցին և նրան արմ-ից կից՝ կամարակապ գավիթ-սրահը: Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ: Հեղինակը հավանաբար աստվածաբան, փիլիսոփա Հովհան Որոտնեցին է եղել։
Եկեղեցու հյուսիսային պատին կից, աստիճանաձև պատվանդանի վրա XI դ. հուշասյուն է կանգնեցվել՝ գագաթին խոյակի վրա դրված խաչարձանով:
Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում: Որոտնավանքը գործել է մինչև XX դ. սկիզբը: Վանքի համալիրը ավերվել է 1931 թվականի Զանգեզուրի երկրաշարժի ժամանակ։ Երկրաշարժից քանդվել են Սբ. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները և պարիսպը:
1980-ական թվականներից իրականացվել են համալիրի նորոգման աշխատանքներ։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: