Ինչո՞ւ էր Վիկտոր Համբարձումյանը փրկարարներ կանչել
1963 թվականին Հայաստանում փրկարարական ծառայություն չկար: Սակայն այդ տարի մի դեպք ստիպեց ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին արտակարգ կարգով որոնել ու գտնել համարձակ մարդկանց: Իսկ պատահել էր հետևյալը: Աստղադիտարան-ինստիտուտից երեք հոգի բարձրացել էին Արագած լեռն ու չէին վերադարձել: Ինստիտուտի աշխատակից Ի. Կարաչենցևը, պրակտիկանտներ՝ լենինգրադցի Մ. Սվեշնիկովը և սվերդլովսկցի Յուլիա Տոկարևան որոշել էին բաց չթողնել պատեհ առիթն ու մագլցել Արագածի գագաթը: Սակայն մեկ օր անց, երբ նրանք այդպես էլ Բյուրական չհասան, ակադեմիկոսը տագնապ հնչեցրեց:
Պոլիտեխնիկական ինստիտուտի ալպինիստների խումբը
Հենց այդ ժամանակ էլ նրան խորհուրդ տվեցին դիմել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Այնտեղ գործում էր ալպինիստների խումբ, որտեղ հավաքվել էին բավականին փորձառու և համարձակ երիտասարդներ: Եվ այդ խումբն էլ Համբարձումյանի կանչով մեկնեց Արագած:
Իսկ ի՞նչ էր պատահել մոլորվածներին: Այդ եռյակը բարձրացել էր լեռան գագաթը, իսկ վերելիքից հետո նրանք որոշել էին գիշերել խառնարանին հարող Գեղահովիտում: Բայց լույսը բացվելուն պես լեռը ծածկվել էր ձյունով ու թանձր մառախուղով: Մի քանի ժամ աննպատակ դեգերելուց և ետդարձի ճանապարհն այդպես էլ չգտնելուց հետո նրանք կրկին վրան էին խփել ու սպասել հաջորդ առավոտին: Սակայն լուսաբացը մշուշից բացի որևէ նոր բան չէր բերել: Եվ այդ ժամանակ որոշել էին ուժասպառ Յուլիային թողնել վրանում, նրան տալ սննդի ամբողջ պաշարն ու տաք հագուստները, իսկ Կարաչենցևն ու Սվեշնիկովը ճամփա էին ընկել՝ հուսալով հասնել որևէ բնակավայրի:
Պոլիտեխնիկցի ալպինիստները նախ գտան տղաներին և միայն երրորդ օրը հաջողվեց աղջկան դուրս բերել լեռան, մառախուղի և ձյունաբքի գերությունից: Պատմում են, որ ամենաշատն ուրախացել էր Վիկտոր Համբարձումյանը: Մի քանի օր անց նա հեռագիր ուղարկեց պոլիտեխնիկական ինաստիտուտի ռեկտոր Պ. Մելքոնյանին, ուր ասված էր. «Բյուրականի աստղադիտարանը խորին շնորհակալություն է հայտնում ինստիտուտի ալպինիստական խմբի անդամներին լեռներում կորած ուսանողուհի Յու. Տոկարևայի որոնումների ակտիվ մասնակցության համար»: Այնուհետև ակադեմիկոսը նշում էր, որ ալպինիստներն արժանացել են պատվոգրերի:
Ցավոք, ոչ այդ ու ոչ էլ դրան հաջորդած նմանատիպ դեպքերն այդպես էլ առիթ չդարձան փրկարարական խմբերի ստեղծման համար, և այդպես շարունակվեց մինչև 1988-ի երկրաշարժը…
Հովիկ Չարխչյան