info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Պաշտպանություն թունավոր օձերից

Հայաստանի թունավոր օձերը

Հայաստանի թունավոր օձերը

Բնության օրենքն է, որ ուժեղը հաղթում է թույլին, արագավազը հասնում ավելի դանդաղին, մեծը՝ վախեցնում փոքրին: Սակայն ցանկացած օրենք ունի բացառություններ: Բնության այս օրենքը խախտում են թունավոր կենդանիները: Թունավոր հիմնականում հանդիպում են երկկենցաղների և անողնաշարավորների մեջ, սակայն հանդիպում են նաև կաթնասուններ՝ բադակտուց, խլուրդների որոշ տեսակներ: Թույնի շնորհիվ փոքրիկ սարդը կարող է տապալել իրենից մի քանի հարյուր անգամ չափսերով մեծ կաթնասունի: Օձերը թերևս, ամենառաջինն են գալիս մեր մտքին, երբ խոսքը գնում է թունավոր կենդանիների մասին: Այստեղ բացառություն չեն կազմում նաև Հայաստանի թունավոր օձերը: Օձերը, դեռ անհիշելի ժամանակներից, իրենց ուրույն տեղն են զբաղեցրել մարդկանց մշակույթում՝ նրանք էպոսների, դիցաբանությունների և կրանական այլ առածների մեջ ունեցել են իրենց մշտական դերակատարությունը, եղել պաշտամունքի առարկա, եղել դիվական ուժերի մարմնավորումը՝ «հրեշը», ում պետք է հաղթի հերոսը: Բնականաբար ցանկացած լեգենդ և ժողովրդական բանահյուսություն հենց այնպես չի առաջանում, բայց եկեք թողնենք դա մի կողմ և խոսենք հարցի գիտական կողմի մասին:

Երկրագնդում տարեկան մոտ կես միլիոն մարդ է ենթարկվում թունավոր օձերի հարձակման, և նրանցից մոտ 30-40 հազարը մահանում  է:

Հայաստանի թունավոր օձերը / Հայկական իժ

Օձերը երբեք մարդկանց վրա նախահարձակ չեն լինում, ընդհակառակը, խուսափում են մարդկանցից: Խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով, երբ մարդիկ անզգուշորեն տրորում են օձին, կամ պարզապես չափից շատ մոտենում նրանց: Սա առավել արդիական է լինում, երբ մայր օձը պաշտպանում է ձվերը:

Հաճախ, օրվա շոգ ժամերին, օձերը թաքնվում են թփերի, քարերի տակ, ժայռերի արանքում: Արշավականը կամ հողագործ գյուղացին չի նկատում և քայլելիս ոտքը դնում է օձի կողքին: Այս պարագայում խայթոցը օձի բնական արձագանքն է, իսկ մեղավորը՝ մարդը: Հիմնականում օձերը զգուշացնում են իրենց ներկայության մասին՝ հանելով բնորոշ ֆշշոցը: Այդ ձայնը նրանք հանում են թեփուկների միջոցով: Մարմնի իրար կպած գալարները շարժելիս՝ թեփուկների շփումից առաջանում է այդ բնորոշ ձայնը: Կա իժերի մի տեսակ՝ կոչվում են շառաչող օձեր, որոնք պոչի ծայրին ունեն ձևափոխված թեփուկներից կազմված բոժոժներ: Օձը թափահարում է պոչը և բոժոժներով արձակում բնորոշ շառաչող ձայնը, որտեղից էլ ստացել է այդ անվանումը:

Օձի թույնը և դրա ազդեցությունը

Օձերի թույնը դեղնավուն, թափանցիկ հեղուկ է, որը արտադրվում է զույգ թունավոր գեղձերում: Չորացրած վիճակում օձի թույնը պահպանում է իր թունավոր հատկությունը տասնյակ տարիներ:

Օձերի թույները բաժանվում են երեք մեծ խմբի՝

Նեյրոտոքսին

Խոցում է զոհի նյարդային համակարգը: Ուղեղից և ոնղուղեից նյարդային ազդակները դադարում են հասնել սիրտ, թոքեր, մկաններ: Զոհը պարալիզացվում է և չի կարողանում շարժվել: Հիմնականում մահանում  է շնչահեղձությունից կամ սրտի կանգից: Նեյրոտքսինով զինված օձերից են՝ կոբրաների մեծամասնությունը՝ թագավորական կոբրայի գլխավորությամբ և ծովային օձերի մեծամասնությունը:

Օձի թույն

Հեմոտոքսին

Խոցում է արյան մեջ էրիթրոցիտները՝ ոչնչացնելով դրանք: Սրա արդյունքում արյունը մակարդվում է անոթներում, առաջանում է հեմոլիզ, հեմոգլոբինը անջատվում է արյան պլազմայից, ինչի արդյունքում խախտվում է օրգանիզմի սնուցումը՝ հանգեցնելով մահվան: Հեմոտոքսինով զինված օձերից են իժերի մեծամասնությունը՝ այդ թվում Հայաստանում հանդիպող չորսը տեսակի իժերը, որոշ կոբրաներ, Տրոպիկական շառաչող օձը:

Ցիտոտոքսին

Թերևս այս եռյակից ամենասարսափելին է: Ցիտոտոքսինը սպանում է խոցված բջիջները, տուժածի մոտ սկսվում է մեռուկացում և քայքայում: Այլ կերպ ասած սա օգնում է, որպեսզի օձի զոհը սկսի «մարսվել»՝  մինչև նրան կուլ տալը: Ի վերջո զոհը վերածվում է դոնդողանման զանգվածի, ինչը հեշտացնում է օձին կուլ տալ, և արդեն ներսում, մարսել այն: Ցիտոտոքսինով են զինված թագավորական մամբան՝ աշխարհի ամենավտանգավոր օձերից մեկը և որոշ կոբրաներ:

Սակայն պարտադիր չէ, որ օձը զինված լինի միայն մեկ որոշոկի տեսակի թույնով: Շատ հաճախ նույն տեսակը կարող է իր զինանոցում ունենալ մի քանի տեսակի թույներից բաղկացած կոկտեյլ, ինչն առավել մահացու է դարձնում նրան:

Հայաստանի թունավոր օձերը չորսն են, չորսն էլ իժերի ընտանիքից: Դրանք են՝ հայկական իժ, Հայկական լեռնատափաստանային իժ, Դարևսկու իժ և Գյուրզա:

Հայաստանի թունավոր օձերը / Դարևսկու իժ

Չնայած չորսն էլ թունավոր են, մարդու համար առավել մեծ վտանգ ներկայացնում է Գյուրզան: Այն զինված է ուժեղ հեմոտոքսինով, որը խոցում է նույնիսկ հասուն մարդուն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում, բացի Գեղարքունիքի մարզից: Տարածված է նախալեռնային և ցածր լեռնային տարածքներում, տափաստաններում, կիսատափաստաններում, կիսանապատաներում և նոսրանտառներում:

Թույնի տեղային ազդեցությունը

Խայթոցից անմիջապես հետո դեռևս ուժեղ ցավ չի լինում, սակայն 10-15 րոպե հետո առաջանում է ուժեղ և այրող բնույթի ցավ: Խայթած հատվածն այտուցվում է կամ ուռում և սկսում է տարածվել: Վերջույթն իր ծավալով կարող է երկու անգամ մեծանալ:

Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանի խայթոցները, քանի որ այտուցի կամ ուռածության հետևանքով կարող է առաջանալ շնչուղիների անցանելիության խանգարում, և մարդը կարող է խեղդվել:  Սրանք թույնի տեղային ազդեցություններն են:

Թույնի ընդհանուր ազդեցությունը

Ինչպես նշեցինք իժերի թույնը ազդում է էրիթրոցիթների վրա՝ ջախջախելով դրանք: Տուժածի մոտ առաջ է գալիս գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, ծարավի զգացում, բերանի չորություն, փորլուծություն, ընդհանուր թուլություն, քնկոտություն, արյունահոսություն քթից, երբեմն էլ ժամանակավոր կուրություն: Տուժածն ընկնում է ծանր վիճակի մեջ, որն անվանում են շոկային վիճակ:

Առաջին օգնություն

Ոչ թունավոր օձերի խայթոցների դեպքում վերքը լվացեք և մշակեք յոդով, տեղադրեք վիրակապ: 99.9% դեպքերում ամեն ինչ ընթանում է առանց բարդությունների:

Իսկ եթե խայթել է թունավոր օձը, ապա պետք է․

Հայաստանի թունավոր օձերը

Ինչպե՞ս կատարել արտածծումը

Արտածծելու համար ծալքի ձևով բռնեք խայթված մասը և այնպես սեղմեք, որ խայթած երկու վերքերից երևան արյան կաթիլներ: Այնուհետև 10-15 րոպեի ընթացքում արտածծեք առավելագույն քանակությամբ արյուն և անընդհատ թքեք: Վերջում բերանը ողողեք ջրով: Հաշվի առեք, որ արյան միջոցով տուժածից ձեզ կարող են փոխանցվել տարբեր վարակներ՝ հեպատիտ, ՁԻԱՀ և այլն: Նաև հաշվի առեք, որ եթե բերանի խոռոչում ունեք բաց վերք կամ վնասված ատամ, ապա արտածծած թույնը կարող է ձեզ նույնպես խոցել: Սակայն խուճապահար նույնպես չարժի լինել, քանի որ թույնն ազդում է միայն արյան մեջ հատնվելու դեպքում: Այնպես որ, եթե արտածծած զանգվածը պատահաբար կուլ գնա, ոչ մի վնաս չի պատճառի ստամոքսում:

Պաշտպանություն թունավոր օձերից

Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ արտածծել թույնը, ապա 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած մասի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից: Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել վերքի վրա: Այս գործողությունը ևս թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը: Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից դադարի արյուն դուրս գալ:

Անպայման պառկեցրեք տուժածին

Տուժածը չպետք է շարժվի

Պաշտպանություն թունավոր օձերից

Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել

Օձի հարձակման ժամանակ մարդիկ հիմնականում մահանում են ոչ թե բուն խայթոցից, այլ սխալ կերպով ցուցաբերած օգնությունից:

Այդ պատճառով օգնություն ցուցաբերելիս հիշեք.

Հայաստանի թունավոր օձերը

Ինչպե՞ս խուսափել օձերի խայթոցներից

  1. Օձերի խայթոցներն ավելի շատ հանդիպում են գարնանը, երբ քնից արթնանալուց հետո, օձերը սոված են և ակտիվ որս են անում:
  2. Թունավոր օձերը վարում են մթնշաղային կյանք՝ ցերեկվա շոգին թաքնվում են ժայռերի ճեղքերում, կրծողների բներում, լքված հողային շինություններում, իսկ երեկոյան դուրս են գալիս որսի: Իսկ ոչ թունավոր օձերը ակտիվ են ցերեկը:

Ի՞նչ անել, եթե դուք առաջինն եք տեսել օձին

Արշավելիս զգուշացեք օձերից

Հայաստանի թերևս բոլոր խոշոր բուժ. հաստատություններում առկա է անտիգյուրզին շիճուկը, որը հիմնականում բավարար հակաթույն է Գյուրզայի, Դարևսկու և Լեռնատափաստանային իժերի դեմ: Իր բաղադրությամբ տարբերվում է Հայկական իժի թույնը: Ինչը բարդույթներ կարող է առաջացնել, քանի որ մինչև համապատասխան հակաթույներ ներարկելը, պետք է պարզել, թե ի՞նչ օձ է ձեզ խայթել:

Հայաստանի թունավոր օձերը

Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի, հնարավորության դեպքում բժիշկներին նկարագրվի, թե ի՞նչ օձ է խայթել: Ապահովելով սեփական անվտանգությունը՝ փորձեք նկարել օձին: Օձին սպանել չի կարելի, քանի որ բոլոր օձերը շատ կարևոր դեր ունեն էկոլոգիայի մեջ, իսկ նրանց մեծ մասը նաև Կարմիր գրքում է գրանցված՝ Դարևսկու իժն ընդհանրապես կրիտիկական վիճակում է գտնվում:

Մի՛ սպանեք օձերին, դժբախտ դեպքերից խուսափելու համար բավական է զգուշացնել օձին ձեր մոտենալու մասին: Մեծ խմբերով մեկ շարք կազմած քայլելիս՝ դուք գրեթե ամբողջովին ապահովագրում եք ձեզ օձի հետ առերեսումից:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բլոգ Հայաստանի մասին