Պաշտպանություն թունավոր օձերից
Բնության օրենքն է, որ ուժեղը հաղթում է թույլին, արագավազը հասնում ավելի դանդաղին, մեծը՝ վախեցնում փոքրին: Սակայն ցանկացած օրենք ունի բացառություններ: Բնության այս օրենքը խախտում են թունավոր կենդանիները: Թունավոր հիմնականում հանդիպում են երկկենցաղների և անողնաշարավորների մեջ, սակայն հանդիպում են նաև կաթնասուններ՝ բադակտուց, խլուրդների որոշ տեսակներ: Թույնի շնորհիվ փոքրիկ սարդը կարող է տապալել իրենից մի քանի հարյուր անգամ չափսերով մեծ կաթնասունի: Օձերը թերևս, ամենառաջինն են գալիս մեր մտքին, երբ խոսքը գնում է թունավոր կենդանիների մասին: Այստեղ բացառություն չեն կազմում նաև Հայաստանի թունավոր օձերը: Օձերը, դեռ անհիշելի ժամանակներից, իրենց ուրույն տեղն են զբաղեցրել մարդկանց մշակույթում՝ նրանք էպոսների, դիցաբանությունների և կրանական այլ առածների մեջ ունեցել են իրենց մշտական դերակատարությունը, եղել պաշտամունքի առարկա, եղել դիվական ուժերի մարմնավորումը՝ «հրեշը», ում պետք է հաղթի հերոսը: Բնականաբար ցանկացած լեգենդ և ժողովրդական բանահյուսություն հենց այնպես չի առաջանում, բայց եկեք թողնենք դա մի կողմ և խոսենք հարցի գիտական կողմի մասին:
Երկրագնդում տարեկան մոտ կես միլիոն մարդ է ենթարկվում թունավոր օձերի հարձակման, և նրանցից մոտ 30-40 հազարը մահանում է:
Օձերը երբեք մարդկանց վրա նախահարձակ չեն լինում, ընդհակառակը, խուսափում են մարդկանցից: Խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով, երբ մարդիկ անզգուշորեն տրորում են օձին, կամ պարզապես չափից շատ մոտենում նրանց: Սա առավել արդիական է լինում, երբ մայր օձը պաշտպանում է ձվերը:
Հաճախ, օրվա շոգ ժամերին, օձերը թաքնվում են թփերի, քարերի տակ, ժայռերի արանքում: Արշավականը կամ հողագործ գյուղացին չի նկատում և քայլելիս ոտքը դնում է օձի կողքին: Այս պարագայում խայթոցը օձի բնական արձագանքն է, իսկ մեղավորը՝ մարդը: Հիմնականում օձերը զգուշացնում են իրենց ներկայության մասին՝ հանելով բնորոշ ֆշշոցը: Այդ ձայնը նրանք հանում են թեփուկների միջոցով: Մարմնի իրար կպած գալարները շարժելիս՝ թեփուկների շփումից առաջանում է այդ բնորոշ ձայնը: Կա իժերի մի տեսակ՝ կոչվում են շառաչող օձեր, որոնք պոչի ծայրին ունեն ձևափոխված թեփուկներից կազմված բոժոժներ: Օձը թափահարում է պոչը և բոժոժներով արձակում բնորոշ շառաչող ձայնը, որտեղից էլ ստացել է այդ անվանումը:
Օձի թույնը և դրա ազդեցությունը
Օձերի թույնը դեղնավուն, թափանցիկ հեղուկ է, որը արտադրվում է զույգ թունավոր գեղձերում: Չորացրած վիճակում օձի թույնը պահպանում է իր թունավոր հատկությունը տասնյակ տարիներ:
Օձերի թույները բաժանվում են երեք մեծ խմբի՝
Նեյրոտոքսին
Խոցում է զոհի նյարդային համակարգը: Ուղեղից և ոնղուղեից նյարդային ազդակները դադարում են հասնել սիրտ, թոքեր, մկաններ: Զոհը պարալիզացվում է և չի կարողանում շարժվել: Հիմնականում մահանում է շնչահեղձությունից կամ սրտի կանգից: Նեյրոտքսինով զինված օձերից են՝ կոբրաների մեծամասնությունը՝ թագավորական կոբրայի գլխավորությամբ և ծովային օձերի մեծամասնությունը:
Հեմոտոքսին
Խոցում է արյան մեջ էրիթրոցիտները՝ ոչնչացնելով դրանք: Սրա արդյունքում արյունը մակարդվում է անոթներում, առաջանում է հեմոլիզ, հեմոգլոբինը անջատվում է արյան պլազմայից, ինչի արդյունքում խախտվում է օրգանիզմի սնուցումը՝ հանգեցնելով մահվան: Հեմոտոքսինով զինված օձերից են իժերի մեծամասնությունը՝ այդ թվում Հայաստանում հանդիպող չորսը տեսակի իժերը, որոշ կոբրաներ, Տրոպիկական շառաչող օձը:
Ցիտոտոքսին
Թերևս այս եռյակից ամենասարսափելին է: Ցիտոտոքսինը սպանում է խոցված բջիջները, տուժածի մոտ սկսվում է մեռուկացում և քայքայում: Այլ կերպ ասած սա օգնում է, որպեսզի օձի զոհը սկսի «մարսվել»՝ մինչև նրան կուլ տալը: Ի վերջո զոհը վերածվում է դոնդողանման զանգվածի, ինչը հեշտացնում է օձին կուլ տալ, և արդեն ներսում, մարսել այն: Ցիտոտոքսինով են զինված թագավորական մամբան՝ աշխարհի ամենավտանգավոր օձերից մեկը և որոշ կոբրաներ:
Սակայն պարտադիր չէ, որ օձը զինված լինի միայն մեկ որոշոկի տեսակի թույնով: Շատ հաճախ նույն տեսակը կարող է իր զինանոցում ունենալ մի քանի տեսակի թույներից բաղկացած կոկտեյլ, ինչն առավել մահացու է դարձնում նրան:
Հայաստանի թունավոր օձերը չորսն են, չորսն էլ իժերի ընտանիքից: Դրանք են՝ հայկական իժ, Հայկական լեռնատափաստանային իժ, Դարևսկու իժ և Գյուրզա:
Չնայած չորսն էլ թունավոր են, մարդու համար առավել մեծ վտանգ ներկայացնում է Գյուրզան: Այն զինված է ուժեղ հեմոտոքսինով, որը խոցում է նույնիսկ հասուն մարդուն: Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում, բացի Գեղարքունիքի մարզից: Տարածված է նախալեռնային և ցածր լեռնային տարածքներում, տափաստաններում, կիսատափաստաններում, կիսանապատաներում և նոսրանտառներում:
Թույնի տեղային ազդեցությունը
Խայթոցից անմիջապես հետո դեռևս ուժեղ ցավ չի լինում, սակայն 10-15 րոպե հետո առաջանում է ուժեղ և այրող բնույթի ցավ: Խայթած հատվածն այտուցվում է կամ ուռում և սկսում է տարածվել: Վերջույթն իր ծավալով կարող է երկու անգամ մեծանալ:
Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանի խայթոցները, քանի որ այտուցի կամ ուռածության հետևանքով կարող է առաջանալ շնչուղիների անցանելիության խանգարում, և մարդը կարող է խեղդվել: Սրանք թույնի տեղային ազդեցություններն են:
Թույնի ընդհանուր ազդեցությունը
Ինչպես նշեցինք իժերի թույնը ազդում է էրիթրոցիթների վրա՝ ջախջախելով դրանք: Տուժածի մոտ առաջ է գալիս գլխապտույտ, սրտխառնոց, փսխում, ծարավի զգացում, բերանի չորություն, փորլուծություն, ընդհանուր թուլություն, քնկոտություն, արյունահոսություն քթից, երբեմն էլ ժամանակավոր կուրություն: Տուժածն ընկնում է ծանր վիճակի մեջ, որն անվանում են շոկային վիճակ:
Առաջին օգնություն
Ոչ թունավոր օձերի խայթոցների դեպքում վերքը լվացեք և մշակեք յոդով, տեղադրեք վիրակապ: 99.9% դեպքերում ամեն ինչ ընթանում է առանց բարդությունների:
Իսկ եթե խայթել է թունավոր օձը, ապա պետք է․
- Նախ և առաջ հետ քաշվել, քանի որ օձը կարող է կրկին հարձակվել և կրկին խայթել:
- Պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել: Սա վերաբերում է և՛ տուժածին, և՛ օգնություն ցուցաբերողին: Հիշե՛ք՝ օձի խայթոցից ոչ ոք անմիջապես չի մահանում: Հայաստանի օձերի դեպքում դուք ունեք մի քանի ժամ, մինչև թույնը կսկսի ազդել: Այնպես որ դուք բավականաչափ ժամանակ ունեք տուժածին և՛ օգնություն ցուցաբերելու, և՛ հիվանդանոց տեղափոխելու համար:
- Եթե շրջակայքում այլ մարդիկ կան, ապա որևէ մեկին ուղարկեք ահազանգելու: Ձեզ մոտ անպայման նշեք խայթվելու ժամը:
- Անհապաղ սկսեք արտածծել թույնը: Իհարկե, դա դժվար գործողություն է, սակայն հիշեք, որ 5 րոպե արտածծելու ընթացքում կարելի է հեռացնել թույնի կեսը:
Ինչպե՞ս կատարել արտածծումը
Արտածծելու համար ծալքի ձևով բռնեք խայթված մասը և այնպես սեղմեք, որ խայթած երկու վերքերից երևան արյան կաթիլներ: Այնուհետև 10-15 րոպեի ընթացքում արտածծեք առավելագույն քանակությամբ արյուն և անընդհատ թքեք: Վերջում բերանը ողողեք ջրով: Հաշվի առեք, որ արյան միջոցով տուժածից ձեզ կարող են փոխանցվել տարբեր վարակներ՝ հեպատիտ, ՁԻԱՀ և այլն: Նաև հաշվի առեք, որ եթե բերանի խոռոչում ունեք բաց վերք կամ վնասված ատամ, ապա արտածծած թույնը կարող է ձեզ նույնպես խոցել: Սակայն խուճապահար նույնպես չարժի լինել, քանի որ թույնն ազդում է միայն արյան մեջ հատնվելու դեպքում: Այնպես որ, եթե արտածծած զանգվածը պատահաբար կուլ գնա, ոչ մի վնաս չի պատճառի ստամոքսում:
Եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ արտածծել թույնը, ապա 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած մասի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից: Ոչ մի դեպքում չի կարելի սեղմել վերքի վրա: Այս գործողությունը ևս թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը: Սեղմելը դադարեցրեք, երբ վերքից դադարի արյուն դուրս գալ:
Անպայման պառկեցրեք տուժածին
- Տուժածին պառկեցրեք կողքային անվտանգ դիրքում՝ սաղմնային դիրքով:
- Ոչ մի դեպքում նրան թույլ չտաք շատ շարժվել, կտրուկ շարժումներ անել, խայթված վերջույթը թափահարել, ինչպես նաև փորձել բռնել և սպանել խայթած օձին:
- Խայթված վերջույթը պետք է սրտի մակարդակից ներքև գտնվի, որպեսզի դժվարացնենք արյան հոսքը դեպի սիրտ:
- Ախտահանեք խայթած հատվածը ջրածնի պերօքսիդով:
- Ախտահանելուց հետո սեղմող վիրակապ դրեք ստերիլ բինտից: Ոչ մի դեպքում չտեղադրեք լարան, դա միայն կվնասի տուժածին:
Տուժածը չպետք է շարժվի
- Տուժածը չպետք է շարժվի, այլապես թույնն արագ կտարածվի ողջ մարմնով: Իսկ եթե, այնուամենայնիվ, նա ստիպված է շարժվել, ապա դա պետք է արվի հնարավորինս հանդարտ, առանց խուճապի և կտրուկ շարժումների, որպեսզի լրացուցիչ սթրեսի չենթարկվի:
- Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակի ժամանակ սիրտն արագ է աշխատում և նպաստում, որ թույնն ավելի արագ տարածվի ողջ մարմնով:
- Հանեք տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը՝ ժամացույցը, մատանիները, ապարանջանները, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ այտուցը կամ ուռածությունը կարող է զարգանալ շատ արագ, և տարածվել:
- Տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք՝ ջուր, հյութեր, հանքային ջուր:
- Անընդհատ հետևեք տուժածի գիտակցությանը, շնչառությանը և սրտի աշխատանքին կամ անոթազարկին:
Առաջին օգնություն ցուցաբերելիս պետք է հիշել
Օձի հարձակման ժամանակ մարդիկ հիմնականում մահանում են ոչ թե բուն խայթոցից, այլ սխալ կերպով ցուցաբերած օգնությունից:
Այդ պատճառով օգնություն ցուցաբերելիս հիշեք.
- Չի կարելի խայթած վերջույթին՝ վերքից վերև, լարան դնել:
- Լարան դնելը ոչ միայն չի օգնում, այլև ավելի է ծանրացնում տուժածի վիճակը: Լարանը կարող է պատճառ դառնալ, որ բժիշկները, տուժածի կյանքը փրկելու համար, ստիպված լինեն ոտքը կամ ձեռքը կտրել:
- Չի կարելի ծակծկել կամ կտրվածքներ անել խայթոցի շրջանում: Դա բերում է արյունահոսության, որի հետևանքով տուժածի վիճակը կարող է ավելի վատանալ: Բացի այդ կարող են վնասվել նյարդեր, զարկերակներ, ջլեր, իսկ վերքը կարող է թարախակալվել:
- Չի կարելի այրել խայթոցի շրջանը շիկացած մետաղով կամ լուցկով, քանի որ այն ոչ միայն չի օգնում, այլև առաջացնում է շատ ուշ լավացող վերքեր:
- Չի կարելի սառույց դնել խայթոցի վրա: Այն կարող է հանգեցնել ցրտահարության և պարզապես անիմաստ գործողություն է, որը ժամանակ է խլում: Իսկ ժամանակը նման դեպքերում ամենակարևոր ռեսուրսն է:
- Չի կարելի տուժածին ալկոհոլ առաջարկել:
- Չի կարելի տուժածին տալ ուժեղ ազդող դեղամիջոցներ, քանի որ դրանք թույլ չեն տա ճիշտ գնահատել վիճակը, երբ բժիշկները հիվանդանոցում տուժածին հետազոտեն:
- Որպես ցավազրկող կարելի է տալ միայն Անալգին կամ Պարացետամոլ:
Ինչպե՞ս խուսափել օձերի խայթոցներից
- Օձերի խայթոցներն ավելի շատ հանդիպում են գարնանը, երբ քնից արթնանալուց հետո, օձերը սոված են և ակտիվ որս են անում:
- Թունավոր օձերը վարում են մթնշաղային կյանք՝ ցերեկվա շոգին թաքնվում են ժայռերի ճեղքերում, կրծողների բներում, լքված հողային շինություններում, իսկ երեկոյան դուրս են գալիս որսի: Իսկ ոչ թունավոր օձերը ակտիվ են ցերեկը:
Ի՞նչ անել, եթե դուք առաջինն եք տեսել օձին
- Նախ պետք չէ վախենալ, կարելի է նայել, սակայն ոչ մի դեպքում ձեռք չտալ և չսպանել: Օձին հնարավորություն տվեք հեռանալ: Եթե այն չի հեռանում, հեռացեք ինքներդ: Պետք է հակառակ ուղղությամբ հեռանալ՝ ոչ թե վազելով, այլ շատ դանդաղ:
- Ինչպես նշել ենք, օձերը լսում են հողի ցնցումներն ու տատանումները: Ուստի, եթե քայլում եք այնպիսի վայրերով, որտեղ կարող են օձեր լինել, ապա վերցրեք ծանր փայտ և ամեն քայլի հետ հարվածեք հողին:
- Ավելի հաճախ օձերը խայթում են հատապտուղներ, սունկ և ցախ հավաքելիս, խոտ հնձելիս, խարույկի մոտ քնելիս և այլն: Այդ պատճառով մինչ հատապտուղը կամ սունկը պոկելը խորհուրդ է տրվում խոտերին փայտով հարվածել:
- Արշավների ժամանակ անհրաժեշտ է հագնել երկարաճիթ հաստ կաշվից արշավային կոշիկներ, հաստ պաշտպանիչ ուժեղացումներով արշավային տաբատ և զանգապան: Հանդերձանքի այսպիսի համադրությունը պետք է հիմնականում ապահովի բավարար պաշտպանություն իժերից:
- Քարքարոտ, ժայռոտ հատվածներով, թփուտների, բարձր խոտի միջով անցնելիս, տապալված ծառերի կամ կոճղերի վրա կանգնելիս ուշադիր եղեք: Ցերեկվա շոգ ժամերին օձերն այսպիսի վայրերում են պատսպարվում:
- Եվս մի խորհուրդ՝ մի դիպչեք հենց նոր սպանված օձի գլխին, թեկուզ այն պոկված լինի մարմնից: Պոկված գլխի մեջ դեռ երկար ժամանակ նյարդային իմպուլսներ են մնում և այն կարող է շարժվել և խայթել:
Հայաստանի թերևս բոլոր խոշոր բուժ. հաստատություններում առկա է անտիգյուրզին շիճուկը, որը հիմնականում բավարար հակաթույն է Գյուրզայի, Դարևսկու և Լեռնատափաստանային իժերի դեմ: Իր բաղադրությամբ տարբերվում է Հայկական իժի թույնը: Ինչը բարդույթներ կարող է առաջացնել, քանի որ մինչև համապատասխան հակաթույներ ներարկելը, պետք է պարզել, թե ի՞նչ օձ է ձեզ խայթել:
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որպեսզի, հնարավորության դեպքում բժիշկներին նկարագրվի, թե ի՞նչ օձ է խայթել: Ապահովելով սեփական անվտանգությունը՝ փորձեք նկարել օձին: Օձին սպանել չի կարելի, քանի որ բոլոր օձերը շատ կարևոր դեր ունեն էկոլոգիայի մեջ, իսկ նրանց մեծ մասը նաև Կարմիր գրքում է գրանցված՝ Դարևսկու իժն ընդհանրապես կրիտիկական վիճակում է գտնվում:
Մի՛ սպանեք օձերին, դժբախտ դեպքերից խուսափելու համար բավական է զգուշացնել օձին ձեր մոտենալու մասին: Մեծ խմբերով մեկ շարք կազմած քայլելիս՝ դուք գրեթե ամբողջովին ապահովագրում եք ձեզ օձի հետ առերեսումից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: