Վարդենիսի լեռների բոլոր 3000 մետրից բարձր գագաթները հաղթահարված են
Հայաստանի ամենաբարձր լեռներում իրենց հետքը թողած արշավականները ավարտում են երկրի բոլոր 3000 մետրից բարձր լեռներում լինելու իրենց նախաձեռնությունը: Աղասի Մարտիրոսյանը և Հրաչ Արա-Իվանյանը 2017 թվականից մինչ օրս իրենց իսկ նախաձեռնության շրջանակներում բարձրացել են 120 գագաթ, որոնք բոլորը եղել են 3000 մետրից բարձր: Օրերս նրանք ամբողջութամբ վերջացրեցին Վարդենիսի լեռներ կատարած 12 վերելքների շարքը, որի շրջանակներում բարձրացել են շեռնաշղթայի բոլոր 3000մ-ից բարձր 23 գագաթները:
Ինչպես ծնվեց գաղափարը
Armenian Geographic-ի հետ զրույցում Աղասի Մարտիրոսյանը պատմեց, որ այդ գաղափարը շատ պատահական է առաջացել նրանց մոտ ու նախապես որևէ բան պլանավորված չի եղել: Նա ասում է, որ ամեն անգամ մարդիկ դասական տարբերակով բարձրանում էին Արագած, իսկ այդ ճանապարհին կողքից այլ սարեր էին երևում, որոնք ոչ ոք չէր բարձրանում: Իրենք սկսել են սկզբում բարձրանալ Արագածի լեռնազանգվածի բոլոր գագաթները. ոչ թե՝ հիմնական չորս գագաթը, այլ՝ մյուսները նույնպես: Այնուհետև բարձրացել են Գեղամա լեռները, հետո՝ Փամբակը. «Ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում: Մտածեցինք՝ հիմա գնանք, հերթով փորձենք բոլորը բարձրանալ: Մի քանի օր առաջ արդեն Վարդենիսի լեռներ կատարած վերելքներն ավարտեցինք»:
Երկուսով արշավելու դժվարությունները
Աղասին ու Հրաչն այս վերելքները հիմնականում երկուսով են իրականացրել, թեև ընթացքում երբեմն նրանց ընկերները միացել են որոշ վերելքների ժամանակ: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ դժվարություններ են եղել երկուսով սարեր բարձրանալիս: Ի պատասխան՝ նա ասաց. «Երբեմն մեր ընկերները գալիս են մեզ հետ, ու մանավանդ, որ ճանապարհը երկար է լինում, մեզ համար մի քիչ ավելի հարմար է դառնում մյուսների հետ: Սկզբից երկուսով ենք եղել, հիմա էլ էլի երկուսով ենք լինում: Դա, իհարկե, տալիս է նաև որոշակի առավելություններ արագության տեսանկյունից, որ կարող ես արագ գնալ կամ երկար քայլել: Դժվարության տեսանկյունից՝ եղել են արշավներ, որ մի քիչ բարդ են եղել, որոնք, այսպես ասած, քամել են մարդուն»:
Դժվար վերելքներից Աղասին առանձնացրեց ձմեռային վերելքները. «Ձմռանը վերցնում էինք ձնեթափեր, որ ձյան վրա հեշտ լիներ, բայց երբ ձյունը նոր էր եկած լինում, մի քիչ խրվում էինք, մանավանդ, որ օրերն էլ ավելի կարճ են լինում, ուզում ես այնպես անես, որ մթին չմնաս սարի վրա, քանի որ ձմռանը վտանգավոր կլինի»:
Անակնկալ հանդիպում արջերի հետ
Խոսելով իրենց արաշավների ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր դրվագների մասին՝ Աղասին պատմեց, որ երկու անգամ արջերի են հանդպել. «Շատ հետաքրքիր էր: Երկրորդ անգամ նույնիսկ հասցրել եմ լուսանկարել: Հենց Վարդենիսի լեռներում էր, որ բավականին մոտիկից տեսանք արջին ձագերի հետ: Այդքան էլ չէինք սպասում, մի քիչ անակնկալ էր, մի քիչ ադրենալին էր, բայց ամեն ինչ նորմալ անցավ: Ինչ-որ առումով մենք մտածել էինք, որ տեսնում ենք, չթողնենք՝ փախնենք, որովհետև կարող էր մեր հետևից հարձակվել. ավելի նորմալ, բնական պահեցինք մեզ»:
Անդրադառնալով Վարդենիսի լեռներ կատարած իրենց վերելքներին՝ Աղասին նշեց, որ այդ տարածքն առանձնացավ նրանով, որ ավելի վայրի էր ու արշավականներն ավելի քիչ էին գնացել, լուսանկարել այդ հատվածները. «Ավելի երկար ստացվեց, 12 անգամ գնացել ենք, որպեսզի ամբողջությամբ ավարտենք բոլորը: Եթե Արագած կամ Գեղամա 7-8 անգամով վերջացնում էինք, այստեղ 12 անգամ գնացինք: Օրինակ, Գեղամայի համեմատ՝ քայլելու կիլոմետրերի առումով անգամ ավելի քիչ ստացվեց, բայց ավելի շատ անգամներ գնացինք, որովհետև գուցե գագաթները մոտ լինեին, բայց հարաբերականով շատ էինք իջնում, որ նորից բարձրանայինք, ու ավելի քարքարոտ էր, չէր ստացվում մի անգամ գնալով շատ գագաթներ բարձրանալ: Ինքը շատ գեղեցիկ տեղ էր՝ իր տեսարանների առումով, այդ տարածքն ամեն ինչ ուներ, ու կարծում եմ՝ այն շատ թերագնահատված է տուրիզմի տեսակետից»:
Բացահայտված ուղղություններ
Մենք Աղասիից հետաքրքրվեցինք, թե արդյոք եղե՞լ են ուղղություններ, որ իրենք առաջինն են եղել, որ գնացել են: Ի պատասխան՝ նա ասաց, որ նման ուղղություններ շատ են եղել. «Օրինակ, չեմ լսել, որ արշավախումբ գնա դեպի Մեծ Սևքար (Սևսար) լեռ: Սովորական Սևսար շատ են գնում, ու հենց ArmGeo-ի հետ էլ ենք գնացել, բայց դրանից բացի՝ կա նաև Մեծ Սևսար (Սևքար), որը մենք գնացինք: Սանդուխտասար գնում են, բայց այդքան հաճախ չեն գնում, այդ սարն իրոք շատ սիրուն է թե՛ իր տեսքով, թե՛ կողքի տեսարաններով: Սոխասար ենք գնացել, ու արջին հենց այնտեղ գագաթին հանդիպեցինք: Ինքը բավականին լուրջ սար է՝ սիրուն ու շքեղ տեսքով: Այսինքն՝ սովորաբար խմբերը գնում են ամենահայտնիները Վարդենիս, Աստղոնք, մեկ-մեկ էլ կարող է՝ Սանդուխտասար գնան: Բայց Վարդենիսի լեռներ կատարած վերելքների արդյունքում ընդհանուր առմամբ 23 գագաթներով ենք մենք անցել»:
Աղասին նշում է, որ ինքը հիմա հիմնականում էքսպեդիցիոն վերելքներ է անում ու աշխատում է գնալ այնպիսի տեղեր, որ նախկինում չի եղել. «Հիմա ունենք փոքր ընկերական խումբ, որ գնում ենք, էլի նույն սկզբունքը պահում ենք, գնում ենք այնպիսի տեղ, որ նախկինում չենք եղել: Իրականում դա նախօրոք լավ մտածված է լինում, նայում ենք քարտեզները, չափում ենք, նայում ենք սպուտնիկով, տոպոգրաֆիկ քարտեզով, թե ոնց կարող ենք մոտենալ, ինչ offroad ճանապարհներ կան, մինչև որտեղ կարելի է մեքենայով հասնել ու որտեղից կարելի է քայլել: Այդ ամենը չափում-ձևում ենք, ու շատ մեծ է արշավների թիվը, որ այդպես ենք կազմակերպել ու իրականացնել, սակայն, բարեբախտաբար, վրիպակներ դեռևս չեն եղել, որ գնանք, չհասնենք, չլինի: Եղել է, որ մի քիչ ավելի երկար ենք քայլել, քան սկզբից նախատեսված էր և այլն, բայց, մեծ հաշվով, բոլոր վերելքները եղել են հաջողված»:
Ի՞նչ պետք է իմանալ
Արշավականը նշում է, որ նման վերելքներ իրականացնելու համար շատ կարևոր է փորձը, որ ժամանակի ընթացքում է առաջանում. «Դա երևի ամենակարևոր բանն է, ինչքան էլ պրակտիկայի մասին տեսականորեն խոսենք, որ սա սխալ է, ճիշտ է, սակայն լեռնային հոտառությունը ժամանակի ընթացքում առաջանում է հենց փորձի արդյունքում: Անհրաժեշտ է նաև գույքի տեսանկյունից հագեցած լինել, ինչն արդեն ահագին հեշտացնում է գործը: Այսինքն՝ մարդը պետք է լավ պատրաստված լինի: Մի կարևոր բան էլ կա. թե՛ ես, թե՛ Հրաչը, թե՛ մյուսները մեր խմբում, շատ ենք սիրում պունկտուալությունը: Այսինքն՝ ժամ պայմանավորվել, հետո մեկ կամ կես ժամ ուշ գալ, նման բաներ չկան, մենք նման հայացքների տեր մարդիկ չենք, ավելի չափված-ձևված ենք, ժամը ժամով, րոպեներով… Այսինքն՝ ավելի հաշվարկված է էլի ամեն ինչ անցնում, ու դա էլ երևի գլխավոր հաջողության գրավականն է»:
Էստաֆետը փոխանցված է
Խոսելով այն մասին, թե ի՞նչ են տվել այս վերելքները արշավականներին՝ Աղասին նշեց, որ իրենց շատ է դուր գալիս այն, ինչ իրենք անում են, ու սա իրենց համար գործ չի եղել. «Սա մեզ համար հաճելի է և հետաքրքիր, լի բացահայտումներով, երբեմն տեսնում ենք այնպիսի տեսարաններ, որ հետո գանձ են դառնում, ու ամեն տարին ունի իր հետաքրքիր բացահայտումները: Ամեն տեղ ինչ-որ հետաքրքիր բան ես բացահայտոմ, ու ասում ես՝ մենք այստեղ դեռ ետ կգանք»:
Նա պատմեց, որ երբ սկզբում սկսել են վերելքները, այդքան հաճախ չեն գնացել, քանի որ ավելի քիչ էր փորձը, ավելի դժվար էր ամեն ինչ. «Հիմա, հատկապես այս տարի, որ պանդեմիան սկսվեց, դա մեզ համար Հայաստանի սարերը մեծ քանակությամբ գնալու մեծ հնարավորություն էր»: Աղասին նշում է, որ այժմ էստաֆետը փոխանցված է Ջավախքի լեռներին, որի կեսն արդեն բարձրացել են:
Հայաստանի հնարավոր բոլոր 3000 մետրից բարձր լեռներում եղած արշավականն այս նախաձեռնությունն իր կյանքի մի կարևոր էտապ է համարում, որը նրան ու իր ընկերոջը բազմաթիվ բացահայտումներ է տվել:
Ներկայացնում ենք Վարդենիսի լեռների այն ցանկը, որոնցում եղել են Աղասին և Հրաչը:
Վարդենիսի լեռներ (Հարավ-Սևանի լեռներ)
- Վարդենիս 3522մ
- Աստղոնք 3470մ
- Սանդուխտասար (Տիկպիլական) 3454մ
- Մեծ Սևքար (Մեծ Սևսար) 3393մ
- Կոկ 3364մ
- Արջասար 3356մ
- Աստղաբերդ 3328մ
- Սոխասար 3308մ
- Սաքոյիվար (Սարիսուրբ) 3299մ
- Մրտավար 3287մ
- Ծափաթաղ 3273մ
- Սոխուտ 3226մ
- Կզնուտ 3206մ
- Գետիցսար 3196մ
- Քարպսակ 3141մ
- Քարագլուխ 3132մ
- Գամ 3113մ
- Դիվասար 3072մ
- Քոչասար 3070մ
- Սևքար (Սևսար) 3063մ
- Փորակ 3047մ
- Սմբատասար 3027մ
- Քառասնաղբյուր 3027մ
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: