info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Վարդ Գրիգորյան

Վարդ Գրիգորյան

Ուխտասար

Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:

Մասնագիտությամբ պատմաբան եմ: Աշխատում եմ Հայաստանի ազգային արխիվում:

Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:

2013 թ. ընկերուհիներիս հետ միասին որոշեցինք բացահայտել Արցախը: Առաջին արշավներն ավելի շատ էքսկուրսիաների էին նման, որոնց ընթացքում ի հայտ եկան յուրաքանչյուրիս նախասիրությունների տարբերությունները: Ես ար­վար­ձանասերն էի: Չնայած տարբեր ցանկություններին՝ Կաչաղակաբերդը երեքիս ուշադրությունն էլ գրավել էր, որի մասին լսել էինք, որ իբր թե այդքան էլ հեշտ չի գնալը, ու ամեն մեկի խելքի բանը չէ: Մի բան գիտեինք, որ հաստատ գնալու ենք ու գնացինք, բայց 2015 թ.-ին: Հենց տեղում սկսեցինք ուղեկ­ցորդ փնտրել ու ծանոթացանք Ազատի հետ, որից էլ առաջին անգամ լսեցի ArmGeo-ի մասին:

Վարդ Գրիգորյան

Վերելքն ինձ համար թեթև անցավ, հետոն էր վատ, քանի որ հանդերձանքի մասին չէի մտածել ու կեդերով էի բարձրացել: Արդյունքում ոտքերս վնասեցի ու մի ամբողջ տարի չկարողացա որևէ տեղ գնալ: Կաչաղակաբերդը շատ բան փոխեց երեքիս մեջ էլ: Աղջիկները հստակ որոշեցին, որ սար ու ձորերն իրենցը չեն, իսկ ես ընդհակառակը, մի ամբողջ տարի մինչև ոտքերս էի կարգի բերում, անհամբեր սպասում էի, երբ եմ առաջին անգամ լեռ բարձրանալու. ներքին անհագ ցանկու­թյուն ունեի: Ասում են, չէ՞, լեռները կանչում են…լրիվ իմ մասին է:

2016 թ. օգոստոսին վերջապես ստացվեց, Ազատի ասած, ArmGeo-ի հետ առաջին անգամ արշավ գնալ Ծղուկ լեռը, որից հետո արդեն հաստատ գիտեի, որ գտել եմ իմը՝ լեռները:

Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:

Սերը լեռների հանդեպ սովորեցրեց լսել ինքս ինձ, կյանքի կոչել իրական ցանկություններս: Նախկինում, երբ ինչ-որ բան էի ուզում անել, միշտ մտածում էի՝ ո՞նց կարող եմ առանց մոտ ընկերներիս մենակ ինչ-որ տեղ գնալ: ArmGeo-ն ու լեռները փոխեցին մտածելակերպս: Բնավո­րություն դարձավ ցանկացած պարագայում մյուս­ներին հարմարվելուն զու­գահեռ չկորցնել ինքդ քեզ ու գնալ սեփական ցանկու­թյունների հետևից:

Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:

Լեռները միակ տեղն են, որտեղ կարողանում եմ ընդհանրապես մոռանալ արտաքին աշխարհը, չմտածել ոչ մի բանի մասին՝ թե՛ լավ, թե´վատ: Լեռներից հետո մի տեսակ կարոտ եմ զգում ամեն ինչի հանդեպ: Լեռները կյանքդ ամեն անգամ 0-ից սկսելու հնարա­վորություն ու մեծ էնտուզիազմ են տալիս:

Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:

Հատուկ ստեղծագործություն չկա: Ավելի շատ լեռների հետ կապված պատ­մա­կան դրվագներ են: Օրինակ, երբ Սասունի լեռներում ես, մտքիդ է գալիս այն, թե ոնց են Ծովասարի ու Անդոկի լեռներում սասունցիները պատսպարվել ու ինքնապաշտպանական մարտեր տվել ամիսներ շարունակ…

Վարագ լեռան գագաթին / Վարդ Գրիգորյան

Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:

Մինչ օրս ամենահիշարժանը 2017 թ. Արցախի Կուսանաց լեռան արշավն է: Առաջին անգամ էի վրանային արշավ գնում: Մոտս այն տպավորությունն էր, որ կորուսյալ աշխարհում եմ հայտնվել: Տեսարաններն ու զգացողություններն աննկա­րագրելի էին: Դժվար է փոխանցել այն, թե ինչ ես զգում, երբ գիշերով արշավից հոգնած հետ ես գալիս, տուն չես գնալու ու անծանոթ հովիվները մթության մեջ քեզ թեյ են հյուրասիրում… անգամ չես տեսնում, թե իրենք ինչ տեսք ունեն:

Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:

Սիրածս արշավներն էքսպեդիցիոններն են, երբ չգիտես՝ ուր ես գնալու, որ պահին ինչ ես տեսնելու: Հեշտ հաղթահարելի կամ շատ հայտնի լեռները ինձ չեն ձգում: Լեռնային մի ավանդույթ էլ ունեմ. դեռ ոչ մի լեռ երկրորդ անգամ չեմ բարձ­րացել: Շատ կուզենայի Հայկական լեռնաշխարհի բոլոր ծածուկ անկյուններում հայտնվել:

Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:

Հանգստություն, ներդաշնակություն, բացահայտումների սպասում:

Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:

Արշավականները տարբեր են լինում, թերևս իրական լեռնասերները մարդիկ են, որոնք փորձում են լեռներում գտնել իրենց «ես»-ն ու իրենց նմաններին:

Վարդ Գրիգորյան

Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo-ի ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել նրանց թիմի հետ)

Ինչպես նշեցի Արցախում եմ լսել ArmGeo-ի մասին, որից հետո այլևս իրենց հետ եմ, քանի որ այն թիմն է, որը ոչ թե աշխատում, այլ ապրում է իր գործով ու անընդհատ նորը բացահայտելու ցանկությամբ:

Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:

Խորհուրդ կտայի երկար-բարակ չմտածել, ուղղակի գրանցվել ու գնալ: Ինչքան երկար ես մտածում, այնքան համարձակությունդ նվազում է:

Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին:

Ծանոթացեք մեր ակումբի մյուս անդամների հետ.