Վարագա ճոխ գյոզալը
Ու երբ ինչպես բոլոր քրդական գյուղերում, այնպես էլ այստեղ՝ Վարագավանքի մոտ, դեպի մեզ վազեցին գյուղի երեխաները, ես բացեցի Սամվել Կարապետյանի «Եղեռն եղեռնից հետո» գիրքը, ցույց տվեցի վանքի հին լուսանկարը և նայելով նրանց անմեղ աչքերին հարցրի․
– գյոզա՞լ
– ճոխ գյոզալ
Պատասխանեցին երեխաները, մանկական հետաքրքրությամբ նայեցին գիրքը, փայլող աչքերով նայեցին մեր գրպաններին, նրանց ուշքն ու միտքը մի բան թռցնելն ու մի փարա ստանալն էր:
Հ.Գ. Ով գիտի, մեկ էլ տեսար մի օր մի քուրդ գիտնական գրի իր հուշերում, որ հայերի հանդեպ վերաբերմունքը փոխվեց այն օրից, երբ Վարագա սարից իրենց գյուղ իջան մի խումբ լեռնագնացներ, որոնցից մեկի ձեռքին գիրք կար:
Տիգրան Շահբազյան
Վարագավանքը մեր օրերում
Վարագավանքի պատմությունը
Վարագավանքը գտնվում է պատմական Հայաստանի Վասպուրական նահագնում: Կառուցվել է 7-րդ դարում։ Գտնվում է Վան քաղաքից հարավ-արևելք, Վարագա լեռան արևմտյան լանջին։
1856 թվականին Վարագա վանքի վանահայրությունը ստանձնել է Մկրտիչ Խրիմյանը (Խրիմյան Հայրիկ): Վարագավանքում Խրիմյանը մնացել է մինչև 1862 թվականը, երբ տեղափոխվել է Մշո Սուրբ կարապետ: 1857 թ-ին հիմնադրել է Վարագավանքի հոգևոր ժառանգավորաց վարժարանը, իսկ 1858 թ-ին վերսկսել «Արծվի Վասպուրականի» հանդեսի հրատարակությունը:
Վարագավանքի վարժարանը եղել Է նոր տիպի դպրոց. Վանում առաջինը այստեղ են աշակերտներին տրամադրվել սեղաններ, գրատախտակ, քարտեզներ ու բնագիտական նկարներ, վերացվել էր մարմնական պատիժը: Դասավանդել են արտասահմանում կրթված մտավորականներ Մ. Արտամետցյանը, Մ. Փափազյանը, Մ. Գալպակչյանը, Մ. Ռուբենյանը, Ն. Փիրղալամյանը և ուրիշներ։ Ծրագրային առարկաներ են եղել սրբազան պատմությունը, աստվածաբանությունը, եկեղեցական երաժշտությունը, ճարտասանությունը, քերականությունը, աշխարհագրությունը, ազգային պատմությունը և այլն։ Վասպուրականում առաջին անգամ այստեղ է դասավանդվել հայրենագիտություն առարկան, որի նպատակն էր նաև հետազոտել հայրենի բնությունը, պատմական հուշարձաններն ու բանահյուսությունը։ Այդ հետազոտությունների արդյունքներն ընդհանրացվել են առարկայի ուսուցիչ Խ. Խրիմյանի 1883-ին հրատարակված «Հայրենագիտություն» 3 մասից բաղկացած գրքում։ 1862-ին դպրոցը տվել է առաջին շրջանավարտները։ Ժառանգավորացն ունեցել է գրադարան, թանգարան, տպարան, որտեղ տպագրվել է նաև «Արծվի Վասպուրական»-ը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: