Վահանավանք
Վահանավանք վանական համալիրը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքից 7 կմ դեպի արևմուտք: Տեղակայված է Ողջի գետի աջ ափին գտնվող Տիգրանասար լեռան լանջին: Վահանավանքը 9-րդ դարի կառույց է, որի հիմնադրումն համընկել է 9-րդ դարի պատմաքաղաքական բարենպաստ ժամանակաշրջանի հետ:
Պատմություն
9-րդ դարը նշանավոր էր հայոց պատմության քաղաքական, մշակութային, հոգևոր կյանքում: 9-րդ դարի վերջում՝ համարյա 5 դար անց, Աշոտ Բագրատունիով վերականգնվում է հայոց պետականությունը: Հայերի համար սկսվում է նոր դարաշրջան՝ լի նոր հնարավորություններով: Այս վերածննդի վառ վկայությունն էր Տաթև վանական համալիրի Պողոս-Պետրոս տաճարի օծման հանդիսավոր արարողությունն ու համալիրի գործունեության ընդլայնումը: Այդ արարողությանը ներկա էին իշխանաց-իշխաններ, նշանավոր տոհմերի և հոգևոր ներկայացուցիչներ:
Այդ շարքերում էին նաև Սյունյաց Բաղք գավառի իշխան Ձագիկը և նրա ավագ որդի- գահաժառանգ Ջևանշերը, ովքեր Տաթևի վանական համալիրից և օծման արարողությունից տպավորված, որոշում են իրենց տարածքներում ևս կառուցել նմանատիպ վանական համալիր:
Իշխանազուն Վահան Սյունի
Չնայած իշխան Ձագիկի ավագ որդին Ջևանշերն էր, և ենթադրվում էր, որ հենց նա պետք է նախաձեռնի վանական համալիրի կառուցումը, սակայն մեզ անհայտ պատճառներով Վահանավանք վանական համալիրը հիմնադրում է Ձագիկ իշխանի կրտսեր որդի Վահանը:
Պատմական վկայությունների համաձայն, Վահանը տառապում էր հոգական հիվանդությամբ՝ «դիվահարվել էր», և երկար ժամանակ անց է կացրել Շատիվանքի և Տանձափարախի վարդապետների մոտ: Այնտեղ բուժվելուց հետո, նա վերադառնում է և կառուցում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի կառուցումն ավարտվում է 911թ.: Վանքը կոչում են Վահան Սյունու անունով՝ Վահանավանք, Վահանու վանք: Վահան Սյունին եղել է նաև վանական համալիրի վանահայրը:
Ճարտարապետություն
Վահան Սյունին Վահանավանքի տեղանքը որոշել էր՝ հաշվի առնելով Բաղաբերդ ամրոցի տեղագրությունն ու նշանակությունը: Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումից անմիջապես հետո, Վահան Սյունին հոգ է տանում վանական համալիրի տնտեսական ամրության մասին՝ վանքին նվիրաբերելով մի շարք կալվածքներ, այդ թվում նաև մոտակա մի քանի գյուղերը:
Համալիրի տարածքում կառուցվում է նաև դպրոց, ուր ուսանելու էին գալիս ոչ միայն մոտակա Բաղք-Ձորքի շրջանից, այլ նաև Սյունիքի ամբողջ տարածքից: Այդ դպրոցում է սովորել, հետագայում մեծ հռչակ ունեցող, Վահան Ա Սյունեցին՝ նույն ինքը Վահան Ջևանշիրյանը:
Ավելի ուշ՝ 11-րդ դարում, վանական համալիրում կառուցվում է ևս մի եկեղեցի՝ Սբ. Աստվածածինը: Եկեղեցու արևելյան պատին պահպանված արձանագրության համաձայն այն կառուցվել է 1086թ., սակայն ոչ մի այլ տեղեկություն կառուցման մասին չենք հանդիպում:
Վահան Ա Սյունեցի
Հետագայում՝ Ջևանշիր իշխանի որդի Վահանի օրոք և նախաձեռնությամբ կառուցվում է համալիրի սեղանատունը: Նա նախաձեռնում է ևս մի ծրագիր, և կավե թրծված խողովակներով, քաղցրահամ ջուր է ապահովում Տիգրանասարի ակունքներից: Նա հաջորդել է իր հորեղբորը՝Վահան Սյունուն (Վահան Ձագիկյան), և դարձել վանական համալիրի հաջորդ վանահայրը, իսկ արդեն 928թ.՝ կարգվել որպես Սյունյաց նահանգի թեմական առաջնորդ:
Այստեղ կարևոր է նկատել, որ Վահանավանքի և Ձագիկ իշխանի տոհմն այքան մեծ իշխանություն ուներ, որ չնայած թեմական կենտրոնը Տաթև վանական համալիրն էր, սակայն թեմական առաջնորդը նստում էր Վահանավանքում: Նրա օրոք միաբանների թիվը Վահանավանք համալիրում հասնում է 100-ի՝ նպաստելով վանքի դպրոցի ընդլայնմանը:
Հնագիտական պեղումներ
Վահանավանքի հնագիտական պեղումները սկսվել են 1966թ.՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Կապանի արշավախբի կողմից: Այդ աշխատաքները տևել են 40 տարի: Ըստ պեղումների՝ Վահանավանքը կառուցվել է նախաքրիստոնեական դամբարանադաշտի վրա. քրիստոնեական գերեզմանաքարերի տակ հայտնաբերվել են մ.թ.ա. 7–9-րդ դարեր թվագրվող քարարկղե գերեզմաններ:
Արքայական գերեզմանատուն
Վահանավանքի երբեմնի հզորության մասին է վկայում նաև այն փաստը, որ այստեղ են թաղված մի շարք հռչակավոր իշխաններ և Սյունյաց արքաներ, այդ թվում նաև՝ Վահան իշխանը, Սոփի թագուհին, Վաչագան իշխանի մայր Խաշուշը, Սմբատ Բ-ն և նրան հաջորդող բոլոր Սյունյաց թագավորները:
Ի դեպ, Սերո Խանզադյանն իր «Մխիթար Սպարապետ» պատմավեպում գրում է, որ հայ զորավար Դավիթ Բեկը, ով ծնունդով Բաղք գյուղից էր, նույնպես թաղվել է Վահանավանքում: Սակայն ուսումնասիրողները կասկածի տակ են դնում այս վարկածը՝ հիմնավորելով, որ այդ ժամանակ Վահանավանքից մնացել էին միայն ավերակները, իսկ նման նշանավոր զորավարին չէին կարող թաղել ավերակների տակ:
Հոդվածը գրելիս օգտվել ենք պատմաբան Գ. Գրիգորյանի «Վահանավանք» գիտական ուսումնասիրությունից:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: