info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

ՈՒրծ լեռ

Ուրծի լեռներ

«Մերն է» լեռնային նախագծի շրջանակներում մեր հերթական արշավի ուղղությունը Ուրծ լեռն էր: Բուռն արշավական ձմեռվա վերջին արշավն էր: Փետրվարի 23-ն էր, բայց եղանակը լրիվ գարնանային էր, բարձրանում էինք թեթև հագնված, ոմանք նույնիսկ կարճաթև շապիկներով: Բարձրանալ սկսեցինք հարավային լանջով, որպեսզի խուսափենք խորը ձնից, բայց պարզվեց, որ հարավային կողմում ձյուն ընդհանրապես չկա: Արշավի մեկնարկի հատվածը նման էր անապատային գոտու, ամբողջովին չոր ու ցամաք: Իմ ամենասիրած լանշաֆտն է, երբ չորս բոլորը բաց է, վայելում ես տեսարանները, օդն էլ չոր ու մաքուր: Սկզբում բարձրանում էինք մեքենայի ճանապարհով մինչև սկսվեց զառիթափ վերելքը: Նախ մի քանի խոսք Ուրծի լեռների մասին:

Ուրծի լեռներ

Երկարությունը՝  27 կմ

Առավելագույն բարձրությունը՝ 2446  մ

Ամենաբարձր գագաթը՝ Ուրծ լեռ

Ուրծի լեռնաշղթան գտնվում է Վեդիի վտակ Շաղափի ու Արածո գետերի միջև` ՀՀ Արարատի մարզի հարավում: Ձգվում է հս-արմ.-ից հվ.-արլ.: Լանջերն անհամաչափ են: Հյուսիսային լանջերը երկար ու մեղմաթեք են, հարավայինը` կարճ ու զառիթափ` կտրտված խոր ու սելավաբեր ձորակներով: Կազմված է պալեոզոյի և էոցենի կրաքարերից, ավազաքարերից, թերթաքարերից ու մերգելներից: Լանդշաֆտը ստորոտում կիսաանապատային է, բարձրադիր գոտում` լեռնատափաստանային:

Ուրծ լեռնագագաթ

Հանդիսանում է Ուրծի լեռների ամենաբարձր կետը՝ 2446 մ: Գտնվում է Լանջառ գյուղից 5 կմ հվ.-արմ:

Հաճախ Ուրծ լեռան անվանումը շփոթում են ուրց խոտաբույսի անվանվան հետ և լեռանն անվանում Ուրցի լեռներ: Սակայն Ուրծ անվանումը եկել է պատմական Այրարատ նահանգի Ուրծ գավառի անվանումից:

Ուրծասարի լեռնանցքը (1910 մ բարձրության վրա) միմյանց է կապում Շաղափի և Արածո գոգավորությունները:

Հաղթահարելով մի քանի վերելք ու վայրէջք հասանք գագաթ: Եղանակը հիասքանչ էր, շողում էր արևը, քամի չկար: Հազվադեպ է լինում, որ լեռան կատարային հատվածում քամի չլինի: Միայն օրացույցն էր հիշեցնում, որ դեռ ձմեռ է: Գագաթից բացվում էին հիանալի տեսարաններ: Դեռ լանջերից իր հմայքով մեզ գերեց Թեժքար լեռը (1735 մ), որը գտնվում է Տիգրանաշենից հարավ: Ողջ արշավի ընթացքում Թեժքարի տեսարանը ուղեկցում էր մեզ: Հնարավորություն ունեցանք վայելելու լեռան տեսարանը տարբեր անկյուններից: Գագաթից դեպի հարավ երևում էր Սադարակը, դեպի հարավ-արևմուտք` Արմաշի լճերը, ոլորապտույտ Արաքս գետը և օդում կախված Սիսն ու Մասիսը: Գագաթից դեպի հյուսիս լանջերը ամբողջովին ծածկված էին ձնով: Ներքևում երևում էր Սուրբ Կարապետ վանքը:

Ուրծի լեռներում հաճախ են հանդիպում բեզոարյան այծեր ու մուֆլոններ, որոնք կարմիր գրքում գրանցված կենդանիներ են և որսը խստիվ արգելվում է: Այս տարածքը միջանցիկ գոտի է, քանի որ անմիջապես հարում է Խոսրովի արգելոցին:

Գագաթից լեռնաշղթայի կատարային մասով շարժվեցինք դեպի արշավի վերջնակետը` Լանջառ գյուղ:

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում