Բնակավայրի արևելյան մասում՝ Ներքին Ուլգյուր գյուղատեղիում (Աղավնաձորից մոտ 5կմ հյուսիս-արևմուտք), Սբ Աստվածածին (XI-XIVդդ.) փոքրաչափ, ուղղանկյուն հատակագծով եկեղեցի-մատուռն է, որը վերանորոգվել է խորհրդային տարիներին:
Հուշարձանի հարավային կողմում երկու վիշապակոթողներ են, որոնցից մեկը խաչքարի է վերածվել 1001թ., մյուսը՝ XI-XII դդ.: Հետագայում (1199) վիշապներից մեկի ստորին մասում քանդակվել է նոր հորինվածք, թիկունքին՝ փորագրվել արձանագրություն:
Ուլգյուրը (Ժամիդուզ) միջնադարի նշանավոր ճարտարապետ Մոմիկի ծննդավայրն է։ Ուլգյուր գյուղատեղիի եկեղեցու գերեզմանատանը հայտնաբերվել են նրա ծնողների՝ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ՝ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը:
1995թ. և 2004թ.Վերին և Ներքին Ուլգյուրներում հայտնաբերված այս արձանագրությունները հնարավորություն են տվել կազմելու Մոմիկի տոհմածառը: Վերին Ուլգյուր գյուղատեղիի մյուս՝ Սբ Ստեփանոս եկեղեցուց (XIIIդ.) պահպանվել են միայն հիմնապատերը:
Մոմիկ
Մոմիկը (Մոմիկ Վարդպետ) ստեղծագործել է հիմնականում Վայոց ձորի Աղբերց վանքում, Նորավանքում, հավանաբար՝ նաև Կիլիկիայում: Աշակերտել է Հովասափ քահանային, սովորել Գլաձորի համալսարանում:
Եղել է Օրբելյան իշխանական տան քարտուղարը, գլխավոր նկարիչը, ճարտարապետն ու քանդակագործը: Մոմիկի պատվիրատուներն էին Սյունաց մետրոպոլիտներ Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Օրբելը, Ստեփանոս Տարսայիճը, Օրբելյան մեծ իշխան Բուրթելը և իշխանուհի Թամթա խաթունը:
Մոմիկի գործերը
Մոմիկի անունն առաջին անգամ հիշատակվում է 1283 թ-ի մի ձեռագրում («Ծաղկել է խորանները»): Վաղ շրջանի նրա ստեղծագործությունը վկայում է, որ Մոմիկը ծանոթ էր արևմտյան պատկերագրության առանձնահատկություններին. մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, դիմանկարների արտահայտչականությամբ և զարդանկարի հստակությամբ: Նրա լավագույն գործը 1302 թ-ի Ավետարանն է («Պատերազմի Ավետարան»): Ենթադրվում է, որ մանրանկարիչը ծաղկել է նաև 1283 թ-ին ընդօրինակված «Կեռան թագուհու Ավետարանը» և Դավիթ գրչի հիշատակարանում (1287 թ., Թեղենյաց վանք) նշված «Մոմիկի շքեղազարդ» մատյանը:
Նրա հիշատակին նվիրված խաչքար է դրվել Նորավանքում:
Մոմիկի անունով ՀՀ-ում կոչվել են Քրիստոնեական մշակույթի երիտասարդական միությունը և զբոսայգի Եղեգնաձորում, Իջևանում կանգնեցվել է արձանը: 2010 թ-ին` ծննդյան 750-ամյակի առթիվ, Նորավանքի համալիրում բացվել է Մոմիկի թանգարանը, թողարկվել են հուշամեդալ և նամականիշ:
Լուսանկարները՝ Հրաչուհի Այվազյանի, Քրիստինե Սաֆարյանի և Տիգրան Շահբազյանի