Թուխմանուկ (կամ Թուխ Մանուկ) լեռը Ծաղկունյաց լեռների բարձր գագաթներից է: Բարձրությունը՝ 2761 մ:
«Թուխ Մանուկ» անվան ծագումը
Թե ինչ ծագում են ունեցել Թուխ Մանուկները դեռևս ընդհանուր կարծիք չկա։
Ոմանք Թուխ Մանուկները կապել են նախաքրիստոնեական ժամանակների հետ, իսկ ոմանք էլ դրանք դիտել են որպես միջնադարյան ուխտավայրեր։
Դեռևս 19-րդ դարի կեսերից պատմական Հայաստանի տարածքում արձանագրեցին Թուխ Մանուկ անունով բազմաթիվ ուխտավայր սրբավայրեր։ Գարեգին Սրվանձտյանը գրում է որ «Հայաստանի մեջ մը տեսած տեղեր, հազիվ գրեթե կը գտնվի գեղ մը, որ Թուխ Մանուկ չունենա, թեև քաղաքնեու մեջ ալ կը գտնվին»։
Սակայն Թուխ Մանուկ հուշարձանները երբեք ուսումնասիրության առարկա չեն եղել։
Ճարտարապետական առումով Թուխ Մանուկները հիմնականում եղել են մատուռանման կառույցներ, իսկ երբեմն էլ գերեզմանաձև փոքրիկ շինություններ։
Հ.Աճառյանը, նկատի ունենալով մի քանի այլ հեղինակների կարծիքներ Թուխ Մանուկները համարում է միջնադարյան երևույթ։
«Բարբառներում- գրում է նա- Թուխ Մանուկ նշանակում է նոր հայտնված կամ անանուն սրբի գերեզման, որի վրա փոքրիկ տնակ են կառուցում իբրև ուխտատեղի»։
Թուխ Մանուկների պաշտամունքը
Դ. Խաչկունցը Թուխ մանուկների պաշտամունքը կապում է ջրի պաշտամունքի հետ։ Նրա կարծիքով շատ տեղեր ջրի ակը սուրբ է համարվում, իսկ Թուխ Մանուկների ջրերը հիվանդություն կբուժեն։
Թուխ մանուկներին մեծարողները մեծ մասամբ կանայք են, հատկապես տարիքավորները։ Ոչ մի վկայություն չկա որ Թուխ մանուկներում ծառայել են հոգևորականների կամ պաշտոնական եկեղեցու այլ ներկայացուցիչներ։ Դա ևս խոսում է նրանց ոչ քրիստոնեական բնույթի ու ծագման մասին։
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ քրիստոնեական ազգային և միջազգային սրբերի ցանկում իսպառ գոյություն չունի Թուխ Մանուկ անունով սուրբ կամ սրբություն։ Դրան հակառակ կան անեծքներ, որոնց մեջ արդեն Թուխ Մանուկները, Թուխերը, Աղեկ մանուկները դիտված են որպես չար ոգիներ և դևեր։
Ըստ Գարեգին Սրվանձտյանի թուխ մանուկներին պաշտել են նաև թուրքերը։ Ըստ ժողովրդի նա քրդու լամուկ է եղած և քրիստոնյա դառնալով նահատակվել է և սուրբ դարձել։
«Թուխ Մանուկ» ուխտատեղիները
Հայերի մեջ բացի վանական ուխտատեղիներից կան նաև երկրորդական ուխտատեղիներ, որտեղ խունկ ու մոմ են վառում։ Ինչպես օրինակ ջերմախտի ջրեր, որտեղ լողում են ջերմողները, ծառեր՝ որոնց ոստերի վրա կապում են հանդերձի կտրված կտորներ, գլխից կտրված մազի փունջեր։ Այդ ամենը անվանում են Թուխ Մանուկ։
Վանում եղել է հատուկ ջրհոր, որը գտնվելիս է եղել Ս. Նշան եկեղեցու մոտ ՝մատուռի ներսում և կոչվել է Թուխ Մանուկ։
Այս փաստերը գալիս են ապացուցելու, որ Թուխ Մանուկ ըմբռնման վերաբերյալ պետք է հաշվի առնել ոչ թե լոկ թուխ մանուկ արտահայտությունը, այլ նկատի ունենալ նաև նրանց հնարավոր տարատեսակները։
Այսպիսով տեսնում ենք որ Թուխ Մանուկ հասկացությունը իր կնիքն է դրել գյուղերի, գետերի, լեռների, ամրոցների վրա։
Թե ինչքանով Թուխմանուկ լեռան անունը կապ ունի թուխ մանուկ կոչվող այլ սրբավայրերի հետ և թե որքանով է այն համարվում ուխտատեղի` հստակ չենք կարող նշել։ Բայց և այնպես լեռան անունը հենց էնպես չի ընտրված և հնարավոր է, որ լեռը ինչ որ ժամանակ նույնպես համարվել է սրբատեղի։