Վանա լիճը բոլոր կողմերից եզրավորող 6 պատմական լեռներն են՝ Սիփան (4058 մ), Վարագ (3200 մ), Արտոս (3550 մ), Ընձակիսար (3074 մ), Գրգուռ (2478 մ) և Նեմրութ (2935 մ)։
Ի սկզբանե այս նախագծի անունն էր «Վանա լճի 4 գագաթներ»։ Սակայն Ընձակիսար և Գրգուռ լեռների ձմեռային վերելքից հետո նախագիծը վերանվանեցինք «Ծովու բոլոր»։ Միջնադարում Վանա լճի շրջակա տարածքները, որ Տուրուբերանի ուՎասպուրականի գավառներն էին, մի ընդհանուր անունով կոչվում էին «Ծովու բոլոր»։
Վանի շրջակայքի լեռները բարձրանալու համար մեզնից պահանջվեց մի քանի տարի։ Ամեն վերելք մի առանձին ճանապարհորդություն էր՝ իր պատմությամբ ու ջերմ հուշերով։ Վերելքների շնորհիվ տեսանք Վանա լիճը բոլոր կողմերից: Վայելեցինք Վանի ամենատպավորիչ արևածագերն ու մայրամուտները: Ծանոթացանք Վանի ավազանում ապրող մարդկանց հետ: Լսեցինք հետաքրքիր պատմություններ:
Ի դեպ, կարևոր է նաև այն փաստը, որ վերջին 100 տարում մենք առաջին հայերն էինք, ովքեր ոտք դրեցին Արտոս, Վարագ, Ընձակիսար և Գրգուռ պատմական լեռների գագաթներին:
Առաջնորդվելով մեր լեռնագնացային փորձով այս նախագիծը բաժանել ենք մասերի և առաջարկում ենք ձեզ էլ տեսնել Վանա սարերը։ Այժմ բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն լինել Վանա լճի գագաթներին:
Միացեք մեզ՝ բացահայտեք ձեր Վանը:
Վանա լիճը բոլոր կողմերից եզրավորող գագաթների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ սեղմելով տվյալ լեռան նկարին և անցնելով հղումով՝
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: