info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Ցլուգլուխ լեռ

Ցլուգլուխ լեռ

Ցլուգլուխ լեռը գտնվում է Գեղամա լեռնավահանի հյուսիսում: Բարձրությունը  2393 մ է: Հին քարտեզների վրա այն հանդիպում է Մեծ Լճասար անվամբ:

Անվանումը

Փորձեցի ճշտել, թե ինչու են փոխել անվանումը: Հանրագիտարաններում և համացանցում փնտրելը արդյունք չտվեց: Մեր գրասենյակում փակցված քարտեզի վրա գրված էր Ցլուգլուխ: Զանգահարեցի այդ քարտեզի հեղինակ Անուշավան Բարսեղյանին: Նա հաստատեց, որ այժմ սարի պաշտոնական անունը Ցլուգլուխ է: Անվանափոխության հարցերով զբաղվել են քարտեզագիրներ, որոնք, գյուղ առ գյուղ շրջելով, տեղացիներից ճշտել են հին անվանումները և անվանափոխել: Ինձ հետարարքրում էր անվան հետ կապված պատմությունը, որն այդպես էլ չհաջողվեց պարզել, բայց անվան հետ կապված որոշ հարցեր պարզ դարձան: Ուշադիր զննելով այդ տարածքի քարտեզը՝ գտանք հարցի պատասխանը: Հավանաբար անունը փոխել են, քանի որ Գեղամա լեռներում՝ Աժդահակից հյուսիս, գտնվում է մեկ այլ լեռ Լճասար անունով՝ 3153 մ բարձրությամբ: Ենթադրեցինք, որ անվանափոխել են, որպեսզի շփոթություն չառաջանա, քանի որ երկու Լճասարերն էլ գտնվում են Գեղամա լեռնավահանում և Գեղարքունիքի մարզում:

Սկսեցինք արշավը Լճաշեն գյուղից

Լճաշենը գտնվում է Գեղամա լեռների հյուսիսային թեք լանջին, ունի բարձր դիրք շրջապատի նկատմամբ: Գյուղի արևելյան կողմում Լճաշենի հնավայրն է՝ Հայաստանի տարածքում հնագիտական հնագույն հուշարձաններից: Այն հայտնաբերվեց 1950-ական թվականներին Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով: Ուսումնասիրությունները փաստում են, որ Լճաշեն բնակավայրը սկզբնավորվել է մ.թ.ա 4-րդ հազարամյակում:

Լճաշենը հետաքրքիր է իր թաղման ծեսերով: Այստեղ գտնվել են սայլեր, որոնք ձիերով ու եզներով թաղվել են հանգուցյալի հետ: Այդ սայլերից այժմ կարող եք տեսնել Հայաստանի պատմության թանգարանում:

Հայաստանի պատմության թանգարան

Լճաշենում հայտնաբերված արժեքավոր հնագիտական նյութերից են նաև Արեգակնային համակարգի մոդելը, ցլերի բրոնզե արձանիկները, ոսկեձույլ գորտը և այլ ոսկյա իրեր, որոնք հավանաբար պատրաստվել են մ.թ.ա 2-րդ հազարամյակում Զոդից բերված ոսկով:

Արեգակնային համակարգության մոդել

Արեգակնային համակարգության մոդել (աղբյուրը՝ Հայաստանի պատմության թանգարան)
Ք. ա. XII-XI դդ., Սևանի ավազան, բրոնզ

Դրվագված թիթեղն Արեգակնային երկրակենտրոն համակարգության մոդել է: Ստորին մասի կենտրոնում՝ խաչաձև հիմքով և կիսաբոլորակ սայրով սակրի տեսքով պատկերված է Երկիր մոլորակը (պատկերը հիշեցնում է ժամանակակից աստղագիտական գրականության մեջ ընդունված Երկիր մոլորակի նշանը): Այն շրջապատված է ջրի և մթնոլորտի շերտերը նշող երկու օղակներով: Գլխավերևում համեմատաբար ավելի խոշոր շողարձակող սկավառակը խորհրդանշում է Արեգակը: Արեգակի և Երկրի միջև զետեղված են անզեն աչքով դիտվող հինգ մոլորակները՝ Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն և Լուսինը: Վերջինս համարվել է Երկրին ամենամոտ գտնվող ինքնուրույն լուսատուն: Երկրակենտրոն սիստեմի այսպիսի դասավորությունը հանդիպում է նաև հայկական միջնադարյան ձեռագրերում:

Եվ վերջապես ,Լճաշենի արժեքավոր գտածոներից է ուրարտական արձանագրությունը: Որտեղ հիշատակվում է Արգիշտի առաջինի կողմից Իշտիկունի քաղաքի գրավման մասին: Իշտիկունին այժմյան Լճաշենն է:

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում