Ծարասարը գտնվում է Գեղարքունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Վերին Շորժա գյուղից 8 կմ հարավ-արևելք: Եզրավորում է Սևանա լիճը հարավ արևելքից 40 կմ երկարությամբ: Այն ջրբաժան է հանդիսանում Թարթառ գետի և Սևանա լճի միջև: Լեռնաշղթայի միջին բարձրությունը կազմում է 2700 մ: Առավել բարձրադիր է հարավային հատվածը, որտեղ գտնվում է Ծարասար գագաթը (3427 մ): Հանդիսանում է Արևելյան Սևանի լեռնաշղթայի ամենաբարձր կետը: Բարձր գագաթներից են նաև Գոմքը (3052 մ), Մոխրասարը (3037 մ), Կատարաժայռը (3008 մ), Թրասարը՝(2869 մ):
Ծարասարի հյուսիսային լանջից է սկիզբ առնում Մասրիկ գետի աջ՝ Լուսնաձոր վտակը: Ծարասարի լանջերը ծածկված են մերձալպյան և ալպյան մարգագետիններով, իսկ բարձրադիր մասերում, որտեղ տարածված են կարկառները՝ ժայռային բույսերով:
Արևելյան Սևանի լեռնաշղթա
Արևելյան Սևանի լեռնաշղթան ունի ծալքաբեկորավոր կառուցվածք: Կազմված է հրաբխածին, մասամբ՝ նստվածքային ապարներից: Մեծ Ծարասարի տեղամասում լանջերի թեքությունը հասնում է առավելագույնի (ավելի քան 30°): Շատ հատվածներում տարածվում են քարացրոններ: Արևելյան Սևանի միջին հատվածներում բարձրությունները նվազում են, բայց ավելանում է լեռնաշղթայի ասիմետրիկությունը:
Լուսանկարները՝ Սասուն Դանիելյանի, Մարիա Հովսեփյանի, Էդուարդ Ստեփանյանի և Տիգրան Շահբազյանի