Լեռների մեջ մարդը՝ մարդ
«Իմ Աստվածը բնությունն է». Գևորգ Հարոյան
«Ով այդ բլուրը բարձրանում է, գոռում է…»,-Ծակքարի (Ծաղկարի) լիճ կատարած երկօրյա արշավի զգացողությունների մասին այսպես է խոսում Armenian Geographic ակումբի անդամ Գևորգ Հարոյանը:
Զանգեզուրի լեռնաշղթայի մերձգագաթնային մասում գտնվող Ծակքարի լճում հուլիս ամսին դեռևս ձնաբեկորներ կան: Այնտեղ եղանակն ամառային է, լճի ջուրը՝ սառցային: Օրերս Armenian Geographic-ը կազմակերպել էր գիշերակացով վրանային արշավ դեպի Զանգեզուրի լեռնաշղթա: Վրաններում գիշերելուց հետո՝ արշավակնները ճանապարհվել են դեպի Ծակքարի լիճ:
Ծակքարի լիճը
Արդեն մոտ հինգ տարի արշավային կյանքով ապրող Գևորգ Հարոյանը պատմում է, որ թեպետ սա նրա երկրորդ այցն էր Ծակքարի լիճ, ինքը պատրաստ է նաև երրորդ անգամ գնալ այնտեղ, որովհետև շատ է սիրում այդ լիճը:
«Քայլում-քայլում ես, ու հրաշքը շատ անակնկալ կերպով բացվում է: Ով բլուրը բարձրանում է, բացկանչում է, ու նրա հետ եկողը, որը դեռ չի հասել, ասում է՝ «էս ի՞նչ եղավ, լուրջ տենց սիրո՞ւն է», ու գնում, նույն ձևով ինքն է բացականչում, որովհետև լիճը միանգամից, չքնաղ ձևով հայտնվում է դիմացդ՝ իր ամբողջ գեղեցկությամբ: Հա՛մ եղանակը տաք է, արյունդ երակներումդ եռում է, հա՛մ ջուրն էնքան սառն է, որ մտնում ես, առաջինը քեզ ես հայհոյում, թե ինչի մտար էդ ջուրը, բայց երբ դուրս ես գալիս ջրից, նորից մկաններդ սկսում են եռալ, ու ասում ես՝ «ի՞նչ լավ արեցի՝ լողացի»: Ձյուն է մեջը, չքնաղ տեսք ունի»,-խոսելով Ծակքարի լճի մասին՝ ասում է Գևորգը:
Նա զուգահեռներ է անցկացնում իր մարմնի ու հոգու զգացողությունների միջև, քանի որ լիճը գտնվում է սահմանային հատվածում, ու ասում է՝ թեև բարձր գոռալու ցանկությունը մեծ է, ռիսկային է աղմկելը. «Ծաղկարին սահմանի վրա է, ու ոնց որ ջուրն է հա՛մ հաճելի, հա՛մ սառը, տենց էլ զգացողությունն է այդպես հակասական, որ ասում ես՝ շատ բարձր չգոռամ, ամեն դեպքում վտանգավոր է: Տիկոն (հեղինակի կողմից. Armenian Geographic-ի հիմնադիր) էլ շատ զգուշավոր մարդ է, անընդհատ ասում էր՝ «ժողովուրդ, կամաց կլինեք, ռիսկային գործոն էլ կա»»:
Գևորգի համար տպավորիչ է եղել նաև այն, որ իրենք նախապես չեն որոշել, թե գիշերը վրանները որ հատվածում են խփելու, սակայն, ըստ նրա, հիանալի տեղ էին գտել. «Սիրուն լուսին էր, խարույկ, լավ մարդիկ… Շատ հավես էր»:
Բնությունն ու մարդը
Գևորգի կապը բնության հետ շատ ուժեղ է: Հիշում է, որ դեռ փոքր տարիքից անտարբեր չի եղել բնության նկատմամբ. «Մարդիկ կան, ասում են՝ ես երաժշտություն չեմ սիրում, փոքր երեխա չեմ սիրում, կամ բնություն չեմ սիրում. ինձ համար դա նորմալ չէ: Ահագին ուշ, բայց ես հասկացել եմ, որ իմ Աստվածը բնությունն է: Ես ոչ միայն նկատի ունեմ բնությունը՝ բառիս բուն իմաստով, այլ նաև մարդկանց, նրանց բնույթը: Իսկ ամեն արշավի գնալ, նշանակում է տեսնել նոր մարդկանց, նոր շփումներ, աշխարհայացքներ… Մարդաճանաչությունն էլ կարծես մի ուրիշ աշխարհ լինի: Ինձ համար ահավոր հետաքրքիր է ինչպես բնությունը, այդպես էլ՝ մարդը, որովհետև մարդը մե՛կ կարկուտ է, մե՛կ արև, մե՛կ անձրև, ու ես այդ ամենն ահավոր սիրում եմ… Հայաստանն էլ անընդհատ բացահայտելու տեղ է, իսկ Մեղրին շատ ունիկալ է: Ես սիրում եմ, որ երկար ես քայլում, որովհետև, երբ ճանապարհը կարճ է լինում, կարծես չհասցնես ինքդ քո հետ խոսել, մտքերով ընկնել, բայց որ ճանապարհը երկար է, անընդհատ խորհելու, հիանալու տեղ է տալիս»:
Գևորգը գտնում է՝ բազմաթիվ հմտություններ են զարգանում արշավների արդյունքում, սակայն ամենամեծ ձեռքբերումն իր համար ընկերներն են. «Իմ կյանքն այլևս շատ սերտ կապ ունի նրանց հետ: Հանկարծ եթե մի օր նրանց կյանքում մի տխուր մի բան լինի, էդ նաև իմն է, նույնը՝ նաև ուրախությունը: Մարդն ունենում է բակի ընկերներ, բանակի, համալսարանական… Հիմա, ես իմ կյանքի ամենաընկերներին եմ գտել այստեղ, կարելի է ասել՝ սարից փախածները: Որ ասում են՝ սարի գլխին մի բան կա, չեմ ասի՝ ինչ կա, այ, տենց գտել եմ ամենքին, ասել եմ՝ վայ, Տիկոն, վայ, Կարենը, վայ, Սիփանը, վայ, Ֆելոն…»:
Արշավականը համոզված է, որ մարդը բնության մեջ փոխվում է, ավելի լավն է դառնում, բարության էլեմենտներ են առաջանում նրա մեջ. «Ասենք, ինչ-որ մեկին Երևանում այդքան չես հավանել, այդտեղ տեսնում ես՝ մյուսի հանդեպ ինչ հոգատար է, կարծիքդ փոխում ես, որովհետև ինքը բնության մեջ ավելի է մոտենում բնությանն ու իր իրական դեմքն ավելի լավ է ցույց տալիս: Քաղաքը կարող է մարդուն մի քիչ խառնի, բայց մարդը բնության մեջ ամենաներքին դարակներից հանում է իր բնավորության գծերը»:
Լեռները խոսում են
Խոսելով այն մասին, թե ի՞նչ է նա փնտրում լեռներում, որ չկա քաղաքում՝ Գևորգն ասաց. «Ինձ թվում է՝ լեռներն այս աշխարհի ամենախոսուն բաներն են: Նախ, բնության մեջ բոլոր ձայները բնական են, քաղաքի պես չէ՝ ռեստորններից եկող երաժշտության, մեկը մյուսի հետ կապ չունեցող ձայներ… Արշավներին կարծես նույնանում ես բնության հետ, քեզ թվում է, թե քեզնից էլ է այդ քամու ձայնը գալիս, տեսարանը, ամեն ինչը, ոնց որ աչքով կուլ տաս, բերանով կուլ տաս: Այսինքն՝ եթե պատասխանը գտնես, իմ կարծիքով՝ էլ հետաքրքիր չի լինի: Ես կոնկրետ պատասխան չեմ փնտրում: Ես, օրինակ, երբ սպորտով եմ զբաղվում, երբեք չեմ անում դա, որ երկար ապրեմ, քավ լիցի, կարող է՝ մի ժամից մեռնեմ. էդ օրն է ինձ համար հաճելի: Նույնն էլ դա է: Ինձ թվում է՝ չկա պատասխան»:
Արշավականները Զանգեզուրի լեռնաշղթայում վրան էին խփել, խարույկ վառել, ու լուսնի շողերի ներքո հնչում էր Գևորգի կիթառի ձայնն ու Մհեր Բեկչյանի հեղինակած երգը՝ ամբողջացնելով այնտեղ հավաքվածներին միմյանց ու լեռնաշխարհի հետ. «Ուր ես դու, ուր ես դու, հայտնվիր այս խաղաղ գիշերում…»:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: