Սասունը Կարինե Բաբայանի աչքերով
Ինձ միշտ գրավել է Սասունի մշակույթը՝ «Սասնա Ծռեր» ամենասիրելի էպոսը, սասունցիների ուժն ու համարձակությունը։ Հասկացել էի, որ չեմ կարող բաց թողնել այդ ուժի, քաջության սկզբնաղբյուրը բացահայտելու հնարավորությունը։
Ուղևորությունն ինձ համար բացառիկ էր նաև Անդոկ լեռան վերելքով, որը հայերի ապաստանն է եղել և հայոց պատմության ամենածանր էջերի ականատեսը։ Ինչ֊որ բան հուշում էր, որ վերադառնալու եմ բոլորովին այլ մտքերով ու զգացողություններով։
Սասունի շունչը
Սասուն մուտքը նշանավորվեց սառնորակ աղբյուրի մոտ կանգառով։
Երբեք չեմ մոռանա Սասնա ջրերի զրնգուն ձայնն ու համը և մեր խմբի զրույցները` աղբյուրի շուրջ հավաքված։
Կարծում եմ` տեսնելով այդ ուրույն դիմագծով և բնավորությամբ սարերը, անհնար է չվարակվել բացահայտելու ցանկությամբ։
Իրական Սասունը
Երբ անցնում էինք Սասունի ճամփաներով, անընդհատ զուգահեռներ էի անցկացնում իմ պատկերացումների Սասունի հետ։ Խառը, ոչ միանշանակ զգացողություններ էին, որովհետև շատ հարազատ ու ծանոթ բնություն էի տեսնում: Վերջապես տեսնում էի գրքերում կարդացած Սասունը, և տեսնում էի նրա ներկան։ Միանշանակ, իրական Սասունը բացահայտվեց տեղի հայերի հետ ծանոթության և նրանց կենցաղը տեսնելու ճանապարհով։
Տեղացի հայերը
Հայերի հետ ծանոթությունն առանցքային էր մեր ուղևորության համար և դարձավ բեկումնային պահ՝ խորապես ընկալելու հայ ժողովրդին, Հայոց պատմության անցյալն ու ներկան։ Չէի պատկերացնի, որ կգա մի օր, երբ կզրուցեմ Սասունում ապրող հայերի հետ, կհյուրընկալվեմ նրանց տանը։
Պարզվում է, որ հայկական արժեքներ կարելի է պահպանել անհնարին թվացող պայմաններում և նույնիսկ չխոսելով հայերեն։ Ուրախ եմ, որ այդ ճանապարհին մեր կողքին էր ուղեկցորդ Սոֆիան, ով կարծես կամուրջ լիներ հայերի ու հայերի միջև: Այսօր իմ աչքերում Սասունը պատկերվում է լեռների տեսարանին սասունցիների հետ մեղրով թեյ խմելու հիշողություններով և նրանց պատմություններով, որոնք սերունդներին համախմբում են իրենց շուրջը։
Վերելք Անդոկ լեռ
Անդոկի վերելքին տրամադրվելը բարդ էր էմոցիոնալ տեսանկյունից:
Օրը շատ վաղ ու լուռ սկսեցինք, ինչը նաև պայմանավորված էր մինչ այդ տեսածի, ապրածի և մոտեցող վերելքի մասին մտքերով։ Խմբի բոլոր անդամներն ունեին իրենց սպասումները, գուցե անհանգստությունները վերելքի հետ կապված, բայց բավական էր լսել Հայրիկ Մուրադյանի «Բարի Լուսո» -ն և քայլել սարերում, որ մեր բոլորիս դեմքին ժպիտ հայտնվեր։ Արևի առաջին շողերի հետ տեսա մի անծայրածիր, աննման գեղեցկություն և հզորություն։ Այդ պահին հասկացա` անպայման հասնելու եմ գագաթ։
Աշխարհն Անդոկի գագաթից
Անդոկ վերելքը տպավորիչ էր ամբողջ ընթացքով` լուսաբացից մինչև մայրամուտ։
Այն սպասելիքները, որոնք ունեի սկզբում, վերածվեցին ջերմության և անսահման երախտագիտության զգացմանն Անդոկին և Սասնա սարերին։
Ամենատպավորիչ ակնթարթներից կառանձնացնեմ Անդոկի գագաթ հասնելը։ Զգում էի, որ գտնվում եմ անցյալի և ներկայի խաչմերուկում։ Աշխարհը Անդոկի գագաթից այլ անկյան տակ էր երևում։
Կարծում եմ` պարտադիր տեսնել և ապրել է պետք այդ էմոցիաները։
Նաև տպավորվեց մայրամուտը Անդոկի լանջերից, որն իմ տեսած ջերմագույն երևույթներից էր։ Այդ մայրամուտը անթառամների, ալոճի և լեռների խրոխտ պարի խտացումն էր։ Անթառամների մի փունջ էլ ինձ հետ տուն բերեցի` այդ հուշերը վառ պահելու համար։
Սասունի ուժը
Անդոկը մտքի վերելք էր, Անդոկի գագաթից Սասնա սարերի ուժը զգալու և Սասուն աշխարհը տեսնելու մասին էր։ Վերելքից հետո հասկացա, որ մեր ինքնության բացահայտման ճանապարհին, դեռ շատ գագաթներ ունեմ նվաճելու։ Իսկ Անդոկի պատգամն այն մասին է, որ արմատները կանչում են, պարզապես պետք է լսել նրանց ձայնը և պատմությունը։
Ըստ իս` Սասունի ուժը Սասունի սարերի և այդ սարերում ապրող մարդկանց մեջ է։
Սասունցիները, ովքեր ուժ ու զորություն են ստացել լեռներից, դարերով պայքարել այդ լեռներում գոյության իրավունքը վաստակելու համար, և այն սասունցիները, ովքեր առ այսօր կպած են Սասունի հող ու ջրին։
Դեպի Սասուն ճանապարհորդության հիշողություններով և էմոցիանորով կիսվեց՝ Կարինե Բաբայանը: