info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Թռչկանի ջրվեժ

Թռչկան

Թռչկան

Թռչկանի ջրվեժ` գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։ Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք։ Սնումը հալոցքային (42%) և ստորերկրյա (35%) է, վարարումը՝ մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62 %-ը։

Թռչկանի ջրվեժ

Վերին հոսքում ափերը ցածրադիր են և գետն ունի հարթավայրային բնույթ. հոսում է ընդարձակ գետահովտով։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին Չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք, այստեղ է եղել 1988 թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը։Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։

Չիչկան գետ

Չիչկան գետը հարուստ է եղել կարմրախայտ ձկնատեսակով: Ձվադրման շրջանում ձկները գետի հոսանքին հակառակ են լողում: Ու մի օր էլ գյուղացիներն ականատես են լինում, թե ինչպես են կարմրախայտերը գետի հոսանքին հակառակ լողալով գալիս ու թռչում մոտ 25 մ բարձրություն ունեցող ջրվեժի վրայով, ինչից հետո էլ ջրվեժի անունը մնում է Թռչկան:

Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։

Թռչկանի պայքար

2011թ. հայոց բնապահպանական շարժման տարեգրության մեջ նշանավորվեց որպես Թռչկանի տարի: «Ռոբշին» ՍՊԸ-ն, ստանալով համապատասխան լիցենզիա, Թռչկանի ջրվեժի տարածքում՝ Չիչկան գետի հունի վրա 1050 կիլովատ դրվածքային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան էր ուզում կառուցել։

Բնապահպանները պնդում էին, որ ՀԷԿ-ի կառուցման արդյունքում գետի հունը կփոխվի եւ զգալի վնաս կհասցվի ջրվեժին ու տարածքի կենսաբազմազանությանը։Սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 6-ն ընկած հատվածում մի խումբ բնապահպաններ և հայրենի երկրի բնության ճակատագրով մտահոգ քաղաքացիներ անխոնջ պայքար մղեցին Թռչկան ջրվեժի տարածքում փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ: Պայքարը տվեց իր ցանկալի արդյունքը՝ շնորհիվ թռչկանցիների համառ ու անկոտրում կամքի և ՀՀ բազմաթիվ քաղաքացիների աջակցության: Այսօր Թռչկանի կաթիլներին ոչ մի վտանգ չի սպառնում:

«Կաթիլներս». այսպես է կոչվում Շիրակամուտ գյուղի բնակչուհի, Թռչկանի պայքարի ակտիվ մասնակից, հեռուստառեժիսոր Անի Եղիազարյանի հեղինակային ֆիլմը, որը նվիրված է Թռչկանի պայքարին և թռչկանցիներին: Ֆիլմում օգտագործված են հեղինակի և պայքարի մյուս մասնակիցների կողմից նկարահանված կադրերը: Տևողությունը՝ 48 րոպե:

«Կաթիլներս». ֆիլմ Թռչկանի պայքարի մասին

Լուսանկարները՝ Կարո Սահակյանի, Մարկո Ուկոլայի և Տիգրան Շահբազյանի

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում