Թոնդրակը բազմածին հրաբուխ է, պատմական Հայաստանի Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Ապահունիք գավառում: Բարձրությունը՝ 3584 մ է: Ունի լավ պահպանված խառնարան, որտեղ կան խառնարանային լճակներ: Գագաթային մասը կոնաձև է և գոգավոր, բաժականման ներս ընկած խառնարանով: Խառնարանի շրջագիծը 2000 մ է, խորությունը 320 մ: Թոնդրակի խառնարանում կան բազմաթիվ տաք աղբյուրներ: Էլզե Ռեկյուն գրում է, որ Թոնդրակ խառնարանը 350 մ խորություն ունի: Նրա ասելով՝ երկրաբան Թեյլորն այնտեղ դիտել է գեյզեր: Այժմ գեյզերներ չկան, սակայն կան տաք աղբյուրներ:
Ըստ ավանդույթի
Ըստ հայոց Ավանդույթի – Հնում երբ Վահագն Ռազմի Աստվածը, ռազմի արվեստն էր սովորեցնում հայ Ռափայներին-Ռափայուհիներին (հայոց հսկաներ՝ կին եւ տղամարդ), վարժանքից հետո նրանք երեկոյան աստղալույսի տակ հավաքվում էին Թոնդրակ լեռնագագաթի հրաբխի կրակի շուրջ, զրուցում էին, Թոնդրակ լեռան մեջ լավաշ-հաց թխում:
Մի օր էլ Վահագնը Թոնդրակից կրակի մոխիրներ վերցրեց, տվեց հայոց սկայ-ռափայներին եւ պատվիրեց, որ բաժանեն մարդկանց, թոնդիր շինեն եւ կրակ վառեն, հաց թխեն, կանանց հանձնարարեց, որ կրակը միշտ վառ պահեն: Վահագնը բարձրացավ երկինք եւ մինչեւ օրս էլ երկնքից հսկում է, որ ոչ մեկ հայի տան Թոնդրի կրակը չհանգչի»:
Թոնդրակ – հայկական թոնիր
Թոնդրակ բառը ցույց է տալիս, որ լեռը հիշեցնում է հայկական թոնիրը: Մինչև այժմ դեռ չեն դադարել ընդերքի ուժերը, և լանջերից ու խառնարաններից դուրս են գալիս գազեր ու եռման ջրեր:
Պատմական տեղեկություններ կան այն մասին, որ 1550-ական թվականներին հրաբուխը խիստ աշխուժացել է:
Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1855 թվականին:
Թոնդրակը դեպի հարավ մասնատված է Բերկրի գետով ու նրա վտակներով: Բարձր մասերում ունի սառցապատման հետքեր: Մերձգագաթային մասերում ձյունը պահպանվում է շուրջ տարի: Լեռնազանգվածի լանջերը պատված են հյութալի մարգագետիններով:
Թոնդրակյան շարժում
Թոնդրակյան շարժումն իր անունը ստացել է այս լեռան անունից, քանի որ շարժման կոնտրոնն է եղել Թոնդրակ ավանը:
Թոնդրակյան շարժումը շատ հզոր շարժում է եղել : Թոնդրակյանները ձգտում էին բարձրաստիճան հոգևորականության վերացման, մերժում էին Հիսուսի աստվածությունը, ժխտում էին անդրշիրիմյան աշխարհը: Նրանք գտնում էին, որ մարդն ունի մեկ երկրային կյանք և այսպես կոչված երկնային արքայությունը պետք է կառուցել երկրի վրա:
Թոնդրակյան շարժումը միջնադարյան Հայաստանի ամենանշանակալից երևույթներից էր։ Այն հսկայական ազդեցություն է թողել հետագա սոցիալական շարժումների վրա:
Լուսանկարները՝ Տիգրան Շահբազյանի