Թերմոներքնազգեստ
Ընդունված է համարել, որ բնական կտորները «շնչող են» և չեն քրտնեցնում, իսկ սինթետիկները հակառակը՝ վատն են, քրտնեցնում են, գրգռում մաշկը, չեն շնչում և այլն: Դա ամենևին այդպես չէ, նույնիսկ ճիշտ հակառակն է: Չնայած մեր տատիկները մեզ հետ չեն համաձայնվի, բայց բամբակն ամենավատ շնչող նյութն է: Բամբակե կտորն արագ թրջվում է և սառում, որի արդյունքում դուք մրսում եք: Ժամանակակից սինթետիկ կտորները լավագույնն են լուծում այս հարցը: Ժամանակակից սպորտային հագուստի արդյունաբերությունը շատ է զարգացել, մշակվել են հատուկ նյութեր, գործվածքի տեսակներ և համադրություններ, տարբեր տեխնոլոգիաներ, որոնք հագուստ հասկացությունը բարձրացնում են միանգամայն այլ մակարդակի:
Ինչ է թերմոներքնազգեստը
Թերմոներքնազգեստ (անգլ. base layer)՝ ակտիվ հանգստի և սպորտի սիրահարների հանդերձանքի անփոխարինելի մասն է կազմում: Այն եռաշերտ հանդերձանքի մեջ համարվում է առաջին շերտը, որը հագնում են անմիջապես մարմնին՝ ինչը ենթադրվում է անգլերեն անվանումից: Թերմոներքնազգեստի հիմնական նպատակը մարմնից քրտինքի արագ և արդյունավետ հեռացումն է: Հատուկ նյութերի և գործվածքի շնորհիվ այն արագ հեռացնում է խոնավությունը մաշկից և գոլորշիացնում՝ մարմինը չոր պահելով: Փոձարկումների արդյունքում պարզվել է, որ լավագույնը քրտինքը հեռացնում են պոլիէսթերը և պոլիամիդը: Հենց այս նյութերն են օգտագործվում թերմոներքնազգեստի արտադրության մեջ: Այնուամենայնիվ, հաճախ արտադրողները գործվածքի մեջ ավելացնում են բնական նյութեր՝ բամբակ կամ բուրդ՝ գործվածքն ավելի փափուկ և հարմարավետ դարձնելու համար: Ընդհանուր առմամբ կարելի է թերմոներքնազգեստները բաժանել հետևյալ տեսակների․
- Միաշերտ՝ քաղաքում սպորտով զբաղվելու, վազքի, մարզասրահների համար: Սրանք ունեն միայն մեկ շերտ՝ պոլիէսթերից կամ պոլիամիդից՝ քրտինքն առավել արդյունավետ հեռացնելու համար:
- Լեռնաին տուրիզմի և քայլարշավների համար: Սրանց արտաքին շերտի գործվածքն արված է օդային գրպանիկներով, որպեսզի դրանք պատնեշ հանդիսանան դրսի սառը օդի համար, իսկ ներքին շերտն արագ հեռացնում է քրտինքը: Արդյունքում ստանում ենք բարենպաստ համադրություն լեռնային պայմանների համար:
- Բրդյա թերմոներքնազգեստ՝ նախատեսված ցուրտ եղանակներին աշխատելու, ալպինիզմի և պարզապես ձմռանը տաք և չոր մնալու համար: Սրանք կարվում են մերինոս տեսակի ոչխարների բրդից և պոլիէսթերից: Մերինոսի բուրդը սովորական բրդից ավելի փափուկ է, նուրբ, հակաալերգիկ և ավելի արդյունավետ է հեռացնում խոնավությունը, և չափազանց տաք է պահում մարմինը: Պոլիէսթերն էլ ապահովում է քրտինքի հեռացումը և գործվածքի էլաստիկությունը, որպեսզի շապիկը հարմար նստի մարմնին:
Որակյալ թերմոներքնազգեստները մշակվում են հակաալերգիկ նյութերով: Քրտինքը հանդիսանում է հիանալի միջավյար բակտերիաների բազմացման համար: Հենց դրանց կենսագործունեության արդյունքում է առաջանում տհաճ քրտնահոտը: Հակաալերգիկ նյութերը չեզոքացնում են քրտնահոտը՝ պաշտպանելով մարմինը սնկային հիվանդություններից և այլ տհաճ երևույթներից:
Որակյալ թերմոներքնազգեստը կարելի է տարբերել հեևտյալ որակներով․
- Այն ամուր գրկում է մարմինը, բայց չի սեղմում և չի խանգարում արյան շրջանառությանը
- Կարերը տափակ են, պիտակները արտաքին կողմից են կարված
- Նույնիսկ ակիտվ ֆիզիկական աշխատանքի ժամանակ դուք չեք շոգում
- Չի թրջվում քրտինքից և քրտնահոտ չի առաջացնում
- Լվացքից հետո չի դեֆորմացվում ու չի կորցնում էլաստիկությունը, պահպանում է իր սկզբնական տեսքն անգամ հաճախակի կրելու դեպքում
Թերմոներքնազգեսի խնամքը
Թերմոներքնազգեստն այլ հագուստների պես կարելի է լվացքի մեքենայում լվանալ: Սակայն կան մի քանի նրբություններ, որոնց պետք է հետևել: Լվանալ պետք է ոչ ավել քան 40 աստիճանի ջրում: Օգտագործեք լվացքի գելեր փոշու փոխարեն, փոխարենը մի օգտագործեք լվացքի կոնդիցիոներներ, այս ամենը կարող է փակել ծակոտկենությունը և այդ դեպքում թերմոներքնազգեստը կկորցնի իր հնարավորությունները: Լվանալուց հետո պետք չէ այն քամել կամ դնել չորացնող մեքենայի մեջ: Անհրաժեշտ է այն թաց վիճակում կախել, որպեսզի աստիճանաբար քամվի: Տաք ջրից կամ քամելուց կարող է վնասվել հագուստի կառուցվածքը:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: