5165-ի սրտում ծնված երազանքի ճանապարհը
Վարդգես Գևորգյանն ամենաերիտասարդ հայ լեռնագնացն է, որը բարձրացել է Արարատի գագաթ, և այնտեղ նշել իր 10-ամյակը։ Վարդգեսն արշավել սկսել է 6 տարեկանից, սկզբում մտածում էր, որ դժվար է լինելու, բայց սկսելով հեշտ արշավներից, կարողացել է հասնել ավելի բարդերին, և ի վերջո կարողացել է հասնել Արարատի գագաթ։ Ծննդյան տարեդարձը Մասիսի գագաթին նշելը Վարդգեսի հայրիկի՝ Կորյունի գաղափարն է եղել, Վարդգեսից ստացել է համաձայնությունն Արարատ բարձրանալու, և որոշել ամենահիշարժան օրը կազմակերպել։
– Ես չգիտեի, որ ծնունդիս օրն է լինելու վերելքը, մայիս ամիսն էր, պապան ասաց․ «քո ծնունդին դու պետք է Արարատի գագաթին լինես» ։
Վարդգեսն իր կյանքի ամենագեղեցիկ որոշումներից մեկը լսելուց հետո սկսել է ոգևորված պարապել՝ մասնակցել է տարբեր արշավների, բարձրացել է Արագածի հյուսիսային գագաթ, էդպես նախապատրաստել իրեն։
Արարատի վերելքը՝ պատկերացումներում և իրականության մեջ
Վերելքի ժամանակ Վարդգեսը հանդիպել է մի շարք դժվարությունների՝ իր պատկերացրած խոտածածկ ճանապարհի փոխարեն, քարքարոտ ճանապարհով է բարձրացել։ Բայց ամենադժվարը եղել է կատվիկները հագնելու պահը, այդ ժամանակ ոտքերն ու ձեռքերը շատ էին մրսել, և արդեն հոգնել էր։ Դժվարությունները հաղթահարելու համար օգնության են հասել հայրիկի ոգևորող խոսքերն, ու երազանքի ճանապարհն անցնելու հաստատակամ որոշումը։
– Ես մտածում էի, որ բարձրանամ ինձ լավ եմ զգալու, հիմա իմ ամբողջ ընտանիքը սպասում է իմ պատասխանին՝ բարձրանալու եմ, թե ոչ, ու էդպես մտածելով էլ բարձրացա։
Վերելքը նվաճելու հաղթանակն ու ուրախության արցունքները
Արարատի գագաթին կանգնելը Վարդգեսին տվել էր աննկարագրելի էմոցիաներ, ամենալավին հասնելու զգացողություն, տպավորություններ, որ այդ պահն ամենալավն են, ու դրանից ավելի գեղեցիկը չի լինում։ Վարդգեսն այնքան էր հուզվել, որ սկսել էր լաց լինել, և ինչպես ինքն ասաց, այդ արցունքները ցրտից չէին, դրանք ուրախության արցունքներ էին։
Արարատի գագաթին ծնված երազանքներն ընտրություն չունեն չիրականանալու
Վարդգեսի երազանքը բարձր լեռներ նվաճելն է, ու դրանց գագաթներին նոր ճանապարհների ու պատմությունների մասին երազելը։ Մի երազանք էլ ունի, ուզում է, որ իր երեխաներն էլ արշավական դառնան, անցնեն այն վերելքներով, որոնք Վարդգեսը սովորել է անցնել ու հաղթահարել իր հայրիկի շնորհիվ, և հենց նրանից էլ Վարդգեսը ժառանգել է արշավականի սիրտն ու գագաթներ նվաճելու ցանկությունը։
Վարդգեսի կարծիքով լեռներ բարձրանալու վախը կարելի է հաղթահարել անդադար փորձելով, և սկզբնական շրջանում ավելի հեշտ արշավների մասնակցելով։ Այս վախերի մեծ մասը Վարդգեսն արդեն հաղթահարել է՝ լեռների գրկում մեծանալով, և անդադար փորձելով։ Արարատի գագաթը նվաճելուց հետո հայր ու որդի նոր նպատակ են դրել իրենց առջև, մոտ ապագայում իրականացնելու համար՝ ցանկանում են Կազբեկ բարձրանալ, իսկ իրենց դեպքում, եթե կա ցանկությունը, ապա միանշանակ կլինի նաև դրա իրականացումը։
Վարդգես Գևորգյան
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել տեսանյութում՝
Արարատվածների պատմություններ