2024 թվականի փետրվարի 3-11-ը մեր խումբը 2-րդ անգամ իրականացրեց վերելք Կիլիմանջարո (5895 մ)՝ Աֆրիկայի ամենաբարձր կետը: Այս լեռը ներառված է աշխարհի ամենաբարձր «7 հրաբուխ» նախագծում՝ որպես Աֆրիկա աշխարհամասի ամենաբարձր գագաթ։ Խմբի անդամների համար Կիլիմանջարո բարձրանալը ոչ միայն հերթական նվաճումն էր, այլև հաստատակամության և ամրության իսկական խորհրդանիշ, որը ոգեշնչեց բազմաթիվ լեռնագնացների հետևել իրենց երազանքներին:
Սուահիլի լեզվով «ցրտի աստծու լեռ» կոչվող Աֆրիկայի հսկան բաղկացած է 3 հրաբխային կոներից՝ Կիբո (5895 մ), Մավենզի (5355 մ) և Շիրա (4006 մ): Խմբի անդամներին Աֆրիկա էր բերել նախորդ տարի Կիլիմանջարո բարձրացած մասնակիցների պատմությունները, 5000 մետրից բարձր լինելու գրավչությունը ու նպատակը: Նույնիսկ հնարավորությունը բաց թողնելու վախը, ինչպես նշում է մասնակիցներից Անի Հակոբյանը։ 9-օրյա տևողությամբ վերելքի ընթացքում մեր խումբն անցավ Մարանգու երթուղու խոնավ անտառներով, ճահճային և կիսաանապատային գոտիներով: Իսկ վերջին օրը Կիբո ճամբարից (4720մ) Կիլիմանջարոյի (Ուհուրու) գագաթ քայլեցինք սառցադաշտային գոտուց, մինչև ձնածածկ գագաթ:
Կիլիմանջարոյի գագաթ տանող երթուղիները
Կիլիմանջարոյի գագաթին հասնելու համար օգտագործվում են մի քանի հիմնական երթուղիներ: Յուրաքանչյուր երթուղի ունի իր երկարությունը, բարդությունը և բնության տեսարանները: Հիմնական երթուղիներն են՝ Մարանգու, Մվեկա, Ումբվե, Մաչամե, Լեմոշո, Շիրա և Ռոնգայ։ Վերելքի համար ընտրել ենք Մարանգու երթուղին, որն ամենահին և հարմարավետ տարբերակն է՝ կահավորված լեռնային խրճիթներով: Դրանք ներառում են մահճակալներ և առաջին անհրաժեշտության բոլոր հարմարությունները: Սա միակ երթուղին է, որտեղ վրանային ճամբարները արգելված են:
Վերելք ԿիլիմանջարոՍա միակ երթուղին է, որտեղ վրանային ճամբարները արգելված են: Այս երթուղին այլ կերպ անվանում են նաև «Կոկա-կոլա»։ Դրանք ներառում են մահճակալներ և առաջին անհրաժեշտության բոլոր հարմարությունները։ Նման վերելքների համար այս հարմարավետությունը եզակի է իր տեսակով և նկատելիորեն հեշտացրեց մեր վերելքը։ Երթուղու երկարությունը 64 կմ է և մեզանից պահանջվեց 5 օր այն անցնելու համար։
Ճանապարհորդություն հինգ կլիմայական գոտիներով
Կիլիմանջարոյի ամենազարմանալի առանձնահատկություններից մեկը նրա բնական միջավայրի բազմազանությունն է: Գագաթին հասնելու ճանապարհին մեր խումբը անցավ հինգ տարբեր կլիմայական գոտիներով: Առաջին կանգառը Մարանգու անցակետն էր (1830մ), որտեղից խոնավ և խիտ ջունգլիներով քայլեցինք դեպի Մանդարա ճամբար (2720մ): Գիշերակացն անցկացրեցինք արշավներին ոչ այնքան հատուկ, հարմարավետ փայտե տնակներում: Վերելքի 2-րդ օրվա մեր նպատակակետը Հորոմբո ճամբար էր (3720մ): Երթուղին անցնում էր ճահճային գոտով, որի ընթացքում վայելեցինք Մավենզի հրաբխային կոնի գեղեցիկ տեսարանը։ Դե իսկ Հորոմբո ճամբարը մեզ համար ուներ հրաշալի տեսարան դեպի Կիբո գագաթ։
Մասնակիցներից Աստղիկ Բաբալարյանը նշում է. «Կիլիմանջարոն ինքնին յուրահատուկ սար է, որովհետև դու անցնում ես բոլոր կլիմայական գոտիներով՝ տրոպիկականից մինչև սառցադաշտ: Հենց դա է ամբողջ վերելքը յուրահատուկ ու անմոռանալի դարձնում: Վստահաբար կարող եմ ասել, որ մինչև 4700 մ բացարձակ դժվարություն չեմ զգացել ու անասելի թեթևությամբ եմ բարձրացել»:
Կլիմայավարժեցում
Հորոմբո ճամբարից ակլիմատիզացիոն վերելք իրականացրեցինք դեպի Zebra Rocks կոչվող բնական հուշարձան (4010մ): Կիլիմանջարոյի առաջին վերելքի ժամանակ մենք հասկացանք, թե ինչքան կարևոր է կլիմայավարժեցումը: Առանց կլիմայավարժեցման կարող են զարգանալ լեռնային հիվանդության ախտանիշներ՝ գլխացավ, սրտխառնոց, թուլություն, անքնություն։
Մոտ 4 ժամ տևած կլիմայավարժեցման ընթացքում մենք Հորոմբո ճամբարից (3720 մ) բարձրացանք Zebra Rocks (4010 մ): Մեկ ժամ հանգստից հետո կրկին վերադարձանք Հորոմբո ճամբար: Խմբի անդամները հավաստում են, որ բարձրությունների այս կտրուկ տատանումը օգնեց աստիճանաբար ընտելանալ բարձրությանը: Նպաստեց օրգանիզմի հարմարվողականությանը՝ ավելի անվտանգ դարձնելով հետագա վերելքի բարդ փուլը:
Կիլիմանջարո․ լեռնային մարտահրավեր
Կլիմայավարժեցումից հետո սկսցեցինք մեր հաջորդ կարևորագույն երթուղին՝ Հորոմբո ճամբարից (3720մ) դեպի Կիբո ճամբար (4720մ)։ Ինչպես նշում է մասնակիցներից Անի Հակոբյանը․ «3700 մ-ից դեպի 4700 մ ճամբար գնալու ճանապարհը իրականությունից կտրված քայլք է։ Ոնց որ երևակայական Մարս մոլորակով քայլես»:
Արշավի ողջ ընթացքում մեզ ուղեկցում էր մոտ 40 հոգանոց խումբ՝ զբոսավարներ, պորտերներ և խոհարարներ։ Նրանցից ոմանք ավելի արագ էին քայլում, որպեսզի ժամանակին հասցնեին մեզ համար ճաշ պատրաստել։ Այս վերելքը արդեն ենթադրում էր որոշակի դժվարություններ։ Ֆիզիկական և հոգեբանական լարվածությունը շատերի համար անխուսափելի էր։ Այո, Կիլիմանջարոն վախեցնող գեղեցկությամբ լեռ է, և պետք է պատրաստ լինել դիմանալու դեպի գագաթ տանող լեռնային դժվարություններին։ «Երբ մենք հասանք Կիբո ճամբար (4720 մ), գրեթե բոլորիս ինքնազգացողությունը սկսեց վատանալ: Անձամբ ես ուզում էի նվնվալ և լաց լինել, բայց դիմացա: Տիգրանի հարցին, թե՝ «Արաքս, լա՞վ ես», պատասխանեցի ՝ «Այո, ամեն ինչ կարգին է», բայց շարունակեցի լուռ տառապել և տագնապել»․ իր զգացողությունների մասին խոսելիս կիսվեց Արաքս Հովակիմյանը։
Վերելքի օրը
Կեսգիշերին սկսում ենք քայլքը դեպի գագաթ։ Գիշերը երկար էր, ինչպես նկարագրում են մասնակիցները՝ անվերջանալի և ցուրտ։ Բայց լուսաբացին մեզ սպասում էր Գիլմանի կետից բացվող լուսաբացը։ Սա առաջին գագաթն է 5685 մ բարձրության վրա և հիշարժան պահերց մեկը խմբի համար։ Աստղիկ Բաբալարյանը պատմում է․ «Հասնելով Գիլմանի կետին՝ իմ գագաթ չհասնելու անհանգստությունն անցավ։ Հասկացա, որ կհասնեմ անպայման, պտտվեցի ու այդ պահին կարողացա լիարժեք նայել արևածագին, որն աննկարագրելի սիրուն էր»։ Անի Հակոբյանը հիշում է, որ դեպի գագաթ ճանապարհն իր համար մի փոքր դժվար եղավ։ Ռեֆլեքսները դանդաղել էին։ Ինքն իրենից պահանջում էր արագ քայլել, բայց ապարդյուն` քայլում էր դանդաղ։
Եվս մի քանի ժամ քայլելուց հետո մեր խումբը կանգնած էր Աֆրիկայի ամենաբարձր կետի՝ Կիլիմանջարոյի գագաթին (5895մ): Շատերի երազանքի ճանապարհն արդեն հաղթահարված էր։ «Իմ հույզերը հասնում էին անհանգստությունից, վախից, վայրի հոգնածությունից, մինչև էյֆորիայի։ Ես երջանկություն էի զգում և անսահման երախտագիտությամբ էի լցված մեր ուղեկցորդների և Կիլիի հանդեպ, որ մեզ թողեց իր գագաթին հասնել». հենց այսպես է իր զգացողությունները նկարագրում Արաքս Հովակիմյանը, ում մտքերը կիսում են նաև վերելքի մյուս մասնակիցները։
Վայրէջքը և հավաստագրերի հանձնումը
Գագաթին մոտ 40 րոպե մնալուց հետո սկսեցինք վայէջքը՝ մեզ հետ բերելով սեփական ուժերի նկատմամբ հավատ և որ պետք չէ թերագնահատել բնության և սեփական օրգանիզմի հնարավորությունները: Միջանկյալ ճամբարում մեզ սպասվում էր տոնական ճաշ: Ճաշից հետո պորտերները շնորհավորեցին մեզ բարձրանալու կապակցությամբ և սկսեցին երգել ու պարել: Պետք է նշել, որ այս ուղևորության հաջողությունը նաև մեզ ուղեկցող անձնակազմի և պորտերների շնորհիվ էր, ովքեր ողջ ճանապարհին իրենց ուսերին տանում էին խմբի բեռները: Ճանապարհի գրեթե ողջ ընթացքն անցել է տեղացիների դրական երգերի ուղեկցությամբ և այդ էներգիան, իհարկե, փոխանցվում էր նաև մեզ:
Մարանգու անցակետում տեղի ունեցավ խմբի հավաստագրերի հանձնման հատուկ արարողությունը: Խմբի յուրաքանչյուր մասնակցի համար ուղեկցող անձնակազմը երգելով ու պարելով փոխանցեց հավաստագրերը և շնորհավորեց Կիլիմանջարոյի գագաթ հասնելու կապակցությամբ:
Կիլիմանջարոյի գերմարդիկ՝ պորտերները
Գաղտնիք չէ, որ մեծ վերելքների ժամանանակ լեռնագնացների հիմնական բեռը մեծամասամբ իրենց վրա են կրում կենդանիները (ձիեր, ջորիներ): Թեև Կիլիմանջարոն հայտնի լեռնային ուղղություն է, սակայն երկրի սոցիալական ծանր պայմանները ստիպում են մարկանց կատարել այդ աշխատանքը: Տեղացի պորտերները ողջ ճանապարհն անցել են մեզ հետ՝ իրենց ուսերին կրելով մինչև 40 կգ բեռ: Մեզանից յուրաքանչուրն ուներ իր անձնական պորտերը: Վերելքի ընթացքում հասկացանք, որ նրանք միայն բեռնակիրներ չեն:
Ողջ ճանապարհի ընթացքում նրանք հոգում էին մեր անվտանգության և հարմարավետության մասին: Արշավի ողջ ընթացքը ուղեկցվում էր մեր պորտերների ուրախ երգերով: Սառը և տագնապ առաջացնող գիշերարային վերելքների ժամանակ պորտերների ոգեշնչող երգերը իսկական փրկություն էին մեզ համար: Խոսելով Կիլիմանջարոյի մասին Հրաչուհի Այվազյանը վստահեցնում է. «Պրոտերների և ուղեկցորդների աջակցության շնորհիվ է, որ մարդկանց մեծ մասը հասնում է գագաթ: Երբ ճանապարհին չէինք կարողանում բարձրանալ, նրանք նույնիսկ մեզ էին օգնում բարձրանալ:Անհրաժեշտությա դեպքում իրենց վերնահագուստն ու ձեռնոցներն էին տալիս մասնակիցներին։ Ուղեկցորդներից մեկը նույնիսկ իր կոշիկները տվեց մասնակիցներից մեկին, ով որոշել էր դադարեցնել ճանապարհը՝ անհարմար կոշիկների պատճառով»:
Կարևոր է նշել, որ պորտերների աշխատանքային իրավունքները կարգավորում է Կիլիմանջարոյի բեռնակիրների աջակցության ասոցացինան (Kilimanjaro Porters Assistance Project): Խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր էր թողնել 250-300 դոլլար թեյավճար: Ճանապարհորդության վերջում հասկացանք, որ իրենց աշխատանքը ավելին արժե, քան սահմանված գինը: Վստահորեն կարող ենք ասել, որ Կիլիմանջարոն հաջողված տուրիստական ուղղություն է՝ շնորհիվ խմբին ուղեկցող անձնակազմի և իրենց կատարած գերմարդկային աշխատանքի:
“Kilimanjaro, hakuna matata”. Կիլիմանջարոյի երգը
Them Mushrooms խմբի “Jambo Bwana” երգը դարձավ Կիլիմանջարոյի մեր վերելքի երաժշտական խորհրդանիշը: Այս ուրախ ու էներգիայով լի երգը, որը սուահիլի լեզվով նշանակում է «Բարև, պարոն»: Երգը տեղացի ուղեկցորդների և պորտերների կողմից հնչում էր ողջ վերելքի ընթացքում: “Jambo bwana” երգը մեզ հետ բերել ենք որպես «հուշանվեր»: Երգի մեղեդիները միանգամից տեղափոխում են Կիլիմանջարո, հիշեցնելով այս ֆանտաստիկ ուղևության ամենավառ պահերը:
Ահա երգի կրկներգը:
Jambo, jambo Bwana (Բարև, բարև պարոն)
Habari gani (ինչպե՞ս ես)
Mzuri sana (շատ լավ )
Wageni, mwakaribishwa (Օտարերկրացիներ, բարի գալուստ)
Kilimanjaro, hakuna matata (Կիլիմանջարո, խնդիր չկա)
Աֆրիկյան սաֆարին, մենք և Մասսայի ցեղը
Կիլիմանջարոյի մեր արկածային ճանապարհորդությունն ավարտեցինք անմոռանալի ուղևորությամբ դեպի Տարանգիրե ազգային պարկ: Սաֆարին տվեց եզակի հնարավորություն՝ մոտիկից տեսնելու Տանզանիայի կենդանական աշխարհը: Բացառիկ հնարավորություն ունեցանք այցելել աֆրիկյան Մասսայի ցեղի ներկայացուցիչներին։
Այցը լիովին այլ աշխարհ էր՝ արտասովոր և հարուստ մշակույթով և երաժշտությամբ։ Չնայած ժամանակակից քաղաքակրթության զարգացմանը՝ նրանք գրեթե ամբողջությամբ պահպանել են իրենց ավանդական կենսակերպը: Այս յուրահատուկ այցելությունը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալ նրանց ավանդույթների ու առօրյայի հետ՝ զգալով Մասսայի ցեղի արտասովոր կապը բնության հետ։
Կիլիմանջարոն 2-րդ անգամ էլ մեզ թույլ տվեց հասնել իր գագաթին: Այս ֆանտաստիկ ճամփորդությունը կարևոր փորձառություն էր մեր ակումբի և իր մասնակիցների համար: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ բարձունքներ հաղթահարելը միայն ուժի մասին չէ. այն հաստատակամության, միասնության և ոգեշնչման ճանապարհ է։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: