«Ես համարձակվել էի ոտք դնել Հայաստանի ամենաբարձր կետում, և դա ամենակարևորն էր»,-ասում է Մարգարիտա Հովհաննիսյանը՝ պատմելով Արագածի Հյուսիսային գագաթ կատարած արշավի մասին։
Armenian Geographic-ը օրերս երկօրյա արշավ էր կազմակերպել դեպի Հայաստանի ամենաբարձր՝ Արագածի Հյուսիսային գագաթ, որն ունի ծովի մակերևույթից 4090մ բարձրություն: Մեզ հետ էր նաև Մարգարիտան, որի արշավային փորձում այս վերելքն ամենաբարդն էր:
Հայաստանի ամենաբարձր կետում
Մարգարիտան պատմում է, որ սա իր առաջին գիշերակացով արշավն էր, ու գիշերը նա ցրտի պատճառով չի կարողացել քնել. «Վերելքի ընթացքում ևս եղանակը բարեհաճ չէր մեր նկատմամբ. օգոստոս ամսվա համար բավականին սառն էր, քամոտ ու մառախլապատ։ Սակայն բոլոր դժվարություններն ու անհարմարություններն այժմ միայն արշավը նկարագրելիս եմ հիշում։ Ընդհանուր զգացողությունս այն էր, որ ես կարողացա ևս մի բարձունք նվաճել, հաղթահարել իմ հանդեպ ունեցած կասկածներս ու վախերս։ Ես համարձակվել էի ոտք դնել Հայաստանի ամենաբարձր կետում, և դա ամենակարևորն էր»։
Արշավականը նախկինում Արագածի որևէ գագաթում առհասարակ չէր եղել։ Նախորդ անգամ միայն քայլել էին Արագածի լանջերով, ու այդ ժամանակ ինքը սիրահարվել է այդ տեղանքին: Մարգարիտան պատմում է, որ Արագածի Հյուսիսային գագաթը հասնելն իր համար խորհրդանշական էր այնքանով, որ ինքն այն համարում էր Արարատի վերելքին ժամանակավորապես փոխարինող վերելք։ Նա նշում է, որ իր արշավային կյանքը սկսել է՝ Արարատի վերելքին պատրաստվելու համար:
Սարերը ստիպում են ռիսկի դիմել
«Այս ամառ նախատեսում էի բարձրանալ Արարատ, բայց համավարակի պատճառով վերելքը չեղարկվեց։ Ես, որ ամբողջ տարին ապրել էի այդ մտքով, մարզվել, վազել ու հոգեպես պատրաստ էի դժվար վերելքի, զգում էի կուտակած էներգիաս ու կարողություններս ռեալիզացնելու կարիք։ Մինչև վերջ, իհարկե, կասկածներ ունեի՝ «տեսնես կկարողանա՞մ», քանի որ շատերից էի լսել, որ Արագածի Հյուսիսայինը տեխնիկապես Արարատի վերելքից բարդ է։ Բայց, արի ու տես, ես դա արեցի, ու հիմա շատ գոհ եմ ու երջանիկ»,- ասում է նա։
Խոսելով այս արշավի ընթացքում եղած հետաքրքիր պահերի մասին՝ Մարգարիտան նշում է, որ արշավների ընթացքում հետաքրքիր դրվագներն ամեն րոպե են տեղի ունենում. «Մի վայրում, որտեղ հավաքված են միևնույն արժեհամակարգը կիսող այդքան դրական մարդիկ, հումորն ու հիշարժան պահերն անպակաս են։ Արագածի վերելքի նախորդ օրը նույնպես արշավել էինք, որպեսզի մեր մարմինները հարմարվեն կլիմային ու վերելքի բարդությանը։ Այդ օրը խմբի անդամներից մեկը ողջ ճանապարհին սունկ հավաքեց։ Երբ ճամբար հասանք, նա սունկը դրեց կաթսայի մեջ ու եփեց։ Հետո հերթով առաջարկում էր։ Ես, որ նույնիսկ քաղաքի սուպերմարկետից գնած ու տանը զգուշորեն պատրաստած սունկն եմ վախենում ուտել, սիրով ճաշակեցի։ Ու ի՜նչ… երբևէ իմ կերած ամենահամեղ սունկն էր։ Այ, արշավների հետ կապված հենց դա՜ եմ սիրում։ Այն, ինչ մտածում ես, թե երբևէ չես անի, անում ես սարերում։ Սարերը փոխում են մեզ, ստիպում դուրս գալ ստանդարտներից, դիմել ռիսկի, ինչ-որ տեղ էլ արկածախնդիր լինել, ու այս ամենը գունավորում է մեր կյանքը, հիշողություններ կուտակում, և դու զգում ես, որ լիարժեք կյանքով ես ապրում»։
Դեպի Արարատ
Մարգարիտան պատմում է, որ ArmGeo-ի արշավներին սկսել է մասնակցել իր գործընկերոջ խորհրդով, որը 2019-ին բարձրացել էր Արարատ. «Մինչ այդ Արարատն ինձ համար «սուրբ» լեռ էր, որին պետք էր սիրել բանաստեղծություններով, երգերով, թաղծել իր մասին, ափսոսալ, ապրել կարոտով, բայց երբեք մոտ չգնալ։ Երբ նա ոգևորված պատմում էր իր զգացողությունների մասին, ես ասացի՝ «երանի՜ քեզ, դու եղել ես Արարտի գագաթին»։ Կատակով ասում էի՝ «արի նկարվեմ հետդ, ստորագրությունդ տուր», այ, այդքան անհասանելի էր դա ինձ համար, իսկ ով բարձրացել էր գագաթ՝ «մեծն հերոս»։ Պաթոսախառն այս զրույցի ընթացքում գործընկերս շրջվեց ու շատ հանգիստ տոնով հարցրեց. «Է, շատ ես ուզում, դու ինչի՞ չես բարձրանում»։ Այդտեղից էլ սկսվեց իմ երազանքի ճանապարհը։ Երազանքը դարձավ նպատակ՝ շատ իրատեսական ու շոշափելի։ Ոգևորությունս այնքան մեծ էր, որ սկզբում գրանցվեցի վերելքի համար, հետո նոր սկսեցի մարզումներս։ Ցավոք, այս տարի հայտնի պատճառներով չկարողացա իրագործել նպատակս, բայց մյուս տարի անպայման կանեմ դա, եթե ոչինչ չխանգարի։ Ասում են, եթե Արագած բարձրացել եմ, Արարատ էլ կբարձրանամ»։
Նա նշում է, որ սկզբում արշավներին մասնակցում էր, որպեսզի պատրաստվեր Արարատի վերելքին, սակայն հիմա վստահեցնում է, որ անգամ եթե Արարատ երբեք էլ չբարձրանա, արշավները մնալու են իր ապրելակերպի մի մասը: Մարգարիտան իր կյանքի տարբեր փուլերում տարբեր զգացողություններ է ունեցել լեռների հանդեպ. «Հիմա, երբ սկսել եմ սարեր բարձրանալ, քիչ-քիչ հասկանում եմ լեռների բնավորությունը, դրանց գագաթին փնտրում եմ ոչ թե սիմվոլներ, այլ ազատություն, մաքուր օդ ու անսահմանության զգացողություն»։
Լեռները բոլորի համար չեն
Մարգարիտան մեզ հետ արշավում է այս տարվա փետրվար ամսից. «Շաբաթվա ընթացքում ArmGeo-ի էջին հետևելը, առաջիկա արշավներին ծանոթանալը և շաբաթ-կիրակի արշավներից մեկին միանալը դարձել է իմ հանգստի պլանների անբաժան մի մաս։ Ինչ սկսել եմ արշավել, դարձել եմ ավելի իրական ու բնական՝ զերծ ամեն տեսակ ձևականություններից, ավելորդ քաղքենիությունից։ Սարերում դու պետք է բնական լինես, դու այդպիսին դառնում ես։ Սովորել եմ հաղթահարել բոլոր «բայց»-երն ու «իսկ»-երը, հավատալ սեփական ուժերիս, սովորել եմ նաև վստահել մարդկանց, երբեմն լիովին անծանոթ։ Նաև սկսել եմ հետաքրքիր կերպով հաղթահարել ցուրտը, մրսել, բայց չհիվանդանալ։ Զարմանալի մի հատկություն ունեն լեռները. այնտեղ դու զգում ես, որ քեզ հետ ոչ մի բան չի պատահի, եթե իհարկե հետևես սահմանված կաննոններին ու զգույշ գործես։ Արշավներն ինձ սովորեցրել են չտրտնջալ, արագ գործել ու մտածել, ճիշտ կողմնորոշվել, սիրել հայրենիքի ամեն անկյունն առանց ավելորդ պաթոսի, նախ ճանաչել մեր երկիրը, հետո ասել, որ սիրում ես այն»։
Մարգարիտայի խոսքով՝ արշավները մարդուն ինքնավստահություն են տալիս, նա սկսում է բարձունքներ հաղթահարել թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով. «Այն, որ համարձակվել ես հասնել գագաթ, ստիպում է քեզ հավատալ, որ դու ցանկացած ոլորտում էլ կարող ես բարձր նշաձող սահմանել ու հասնել դրան… Ինձ գրավում է նաև այն, որ լեռներում տեսնում ու զգում ես այն, ինչ շատ-շատերն այդպես էլ չեն տեսնում իրենց ողջ կյանքի ընթացքում։ Լեռները ոչ բոլորի համար են, միայն նրանց, ովքեր պատրաստ են թողնել փափուկ բազմոցն ու ինտերնետը, մեկ կամ մի քանի օրով հրաժեշտ տալ առօրյա հարմարավետություններին, վերցնել ծանր ուսապարկը ու առաջ՝ դեպի բնության աշխարհ։ Փոխարենը վարձատրվում ես անմոռանալին ու անկրկնելին տեսնելու եզակի հաճույքով: Ուրախ եմ նաև, որ արշավներին մասնակցելը և ակտիվ ֆիզիկական մարզումներով զբաղվելը փոխել է ոչ միայն իմ, այլև ինձ շրջապատողների մտածելակերպն ու ապրելակերպը։ Ինչպես ես եմ ժամանակին ոգեշնչվել տարբեր մարդկանցով, այնպես էլ ես եմ այսօր շատերի համար օրինակ դառնում, և դա անչափ հաճելի է։ Շատ զանգեր եմ ստանում ընկերներիցս, ասում են՝ «միշտ հետևում ենք քեզ, հիանում ենք քեզնով, իսկ կարո՞ղ ենք մենք էլ միանալ»։ Դե, իհարկե կարող եք, բոլորդ էլ միացեք, արշավել սկսելու համար երբեք էլ ուշ չէ, սարերը միշտ սպասում են մեզ»։
«Մեկը՝ բոլորի, բոլորը մեկի համար»
Արշավականը նշում է, որ արշավելիս դժվարությունները հիմնականում տեխնիկանան են լինում, որոնք հետո արագ մոռացվում են. «Հաղթահարում եմ լավ մարդկանց շնորհիվ, այ, նրանց օգնությունը երբեք չեմ մոռանում։ Սայթաքում ես, մեկը պարզում է ձեռքը, շնչակտուր ես, խմբի ղեկավարը նկատում է ու կանգ առնում։ Արագածի վերելքի ժամանակ նման փորձություններ շատ եղան։ Տաք գլխարկս մոռացել էր վերցնել, խմբի աղջիկներից մեկն իրենը առաջարկեց ու երկու օր գլխարկն ինձ մոտ էր։ Վրանը բացելիս չգիտեի ինչից սկսել, մյուսներն արդեն հմուտ էին, տղաներից մեկը եկավ, ասաց՝ «արի քեզ օգնեմ, բոլորից շուտ խփես վրանդ»։ Վերելքի ժամանակ էլ դարձյալ արշավականներից մեկն իր տաք հագուստը տվեց ինձ։ Հուսամ, ուրիշ մեկի լավությունը չեմ մոռացել։ Մի խոսքով, սարերում սովորում ես գոյատևել խմբով, «մեկը բոլորի, բոլորը մեկի համար» սկզբունքով։ Եթե հետ ես մնում, ամբողջ խումբը կանգնում ու սպասում է այդ մեկին, միևնույն ժամանակ յուրաքանչյուրը գիտակցում է, որ իր արած ամեն քայլն ազդում է մնացածի վրա»։
Մարգարիտան կարծում է՝ արշավելը և սարերը բացահայտելը մտածելակերպ է, ու շատերը գուցե այդպես էլ չհասկական, թե մարդ ինչու պետք է հանգստյան տները, ամառանոցն ու լողավազանը թողած իր հանգստյան օրն անցկացնի քարքարոտ ու դժվար հասանելի լեռներում.
«Մեր կյանքն էլ է այդպիսին. ոմանք ընտրում են հարթ ճանապարհը, մյուսներն էլ կյանքի իմաստը տեսնում են բարդություններ հաղթահարելու մեջ։ Ամեն դեպքում, ես ուրախ եմ, որ ընտրել եմ երկրորդ տարբերակը, քանի դեռ ֆիզիկական կարողություններս թույլ են տալիս հաճախ ճախրել «բարձունքում»։
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: