Արարարտն է ինձ ուղեկցել դեպի իր գագաթ
Արարատն ինձ «ուղեկցել է» մանկությունից սկսած, ու ես միշտ իմացել եմ, որ մի օր ամենամոտ կետից եմ զգալու գագաթը։ Ու երբ զգացի, որ Արարատ բարձրանալու մտքից շունչս կտրվում է, հասկացա, որ բարձրանալու ճիշտ ժամանակն է: Արշավել սկսել եմ վերջին 10 ամիսների ընթացքում՝ Արարատ բարձրանալու հստակ որոշմամբ: 2023-ի հոկտեմբերին՝ առաջին արշավին բարձրացել եմ Արա լեռ ու հայտարարել, որ Արարատի վերելքի նախապատրաստական փուլը սկսված է։ Վերելքն իմ պատկերացրածի ու երազածի պես էր։ Պատրաստվելու ընթացքում ոչ մի լեռ նման հեշտությամբ, սիրով ու էմոցիաներով չեմ բարձրացել, ինչպես Արարատը։
Արարատը՝ որպես ճանապարհի ուղեկից
Արարատի ճանապարհին հանդիպել եմ միայն դրական էմոցիաների մեծ հոսքի, ու կարելի է ասել՝ Արարատն է ինձ ուղեկցել դեպի իր գագաթ։ Ճանապարհին զրուցում էի Արարատի հետ ու անընդհատ շնորհակալություն հայտնում՝ ինձ այդքան սիրով ընդունելու ու գագաթ ուղեկցելու համար։ Ուղեղումս անընդհատ պտտվում էր հենց «Արարատ» երգը, ու ամեն քայլիս բարձրաձայն երգում էի՝ «հիմա հասկանում եմ ես, ինչ ես դու հայոց համար»…
Արարատն ինձ նվիրեց իր գրկում պահած սերը
Արարատի վերելքով իմ կյանքում ևս մեկ անգամ ապացուցվեց տիեզերական մի շատ պարզ կանոն. որ ցանկացած երևույթի՝ սար, մարդ, աշխատանք, երբ միայն սեր ես տալիս, մի օր նույն սերը վերադարձնում է քեզ։ Արարատն ինձ վերադարձրեց այն մեծ սերն ու էներգիան, որը դրսևորվել էր արևածագերի ու մայրամուտների ժամերն, իր գագաթից նայելու ու երազելու ընթացքում:
Մինչ վերելքն Արարատն իմ երազանքն էր, իսկ հիմա՝ մինչև հաջորդ տարի ապրելու մոտիվացիան, քանի որ կրկին պատրաստվում եմ վերադառնալ Արարատ:
Արարարտը ներդաշնակություն գտնելու մասին է
Արարատում ես գտա այն հարազատությունն ու խաղաղությունը, որ մինչ օրս չէր հանդիպել ոչ մի տեղ։ Տպավորություն ունեի, թե ամենահարազատ ու սիրելի մարդու կողքին եմ… Արարատն ինձ տուն էր հիշեցնում։ Արարատը ցանկացած դժվարություն սիրով ու ժպիտով հաղթահարելու, հոգու ու հզորության մասին էր։
Արևածագից մինչև մայրամուտ
Արարատի վերելքի 3 օրերի ընթացքում ապրել եմ իմ կյանքի ամենասիրուն պահերը: Վերելքի ամեն քայլը զգացել եմ ամեն բջիջով ու երբեք չեմ մոռանա իմ կյանքի ամենասիրուն արևածագը՝ Արարատի գագաթին հասնելու ճանապարհին։ Երազանքին հասնելու ճանապարհն արևոտ էր, տաք ու անսահման դրական էներգիայով լի։ Ինձ Արարատի գագաթին կբնութագրեմ երջանիկ բառով։
Իմ կյանքը վերարժևորվեց 5165-ով և այո՝ փոխվեց 5165-ով։
Անահիտ Հարությունյան
Առաջիկա արշավներ