info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Տեսիլք լեռ և քարանձավ

Տեսիլք լեռ

Տեսիլք լեռ և քարանձավ

Տեսիլք լեռ ՝ գտնվում է Տավուշի մարզում՝ Գանձաքար գյուղից արևելք:  Միափորի լեռնաշղթայի ճյուղավորություններից մեկի՝ Վարագի լեռների լեռնահամակարգում: Բարձրությունը՝ 1372 մ: Լեռը լավ արտահայտված է: Իջևան քաղաքից դեպի Գանձաքար նայելիս հստակ երևում է: Տեսիլք լեռան գագաթին նախկինում ամրոց է եղել: Այստեղից լավ է երևում Աղստևի ամբողջ հովիտը: Բավականաչափ ընդարձակ (մի քանի հեկտար) տարածություն են շրջափակել վաղ հայկական այս ամրոցի պարսպապատերը: Պատերը եռաշարք են եղել, որոնց լայնությունը հասել է մինչև 3 մ, շարված խոշոր, անմշակ քարերով, առանց շաղախի: Նման է կիկլոպյան բերդերին:

Ամրոցի հյուսիսային կողմից 213 մ երկարությամբ մեկ շարքով, իսկ արևելյան կողմից 3 մ բարձրությամբ երկշարք պատեր են շարված և միայն արևմտյան կողմից ամրոցը պաշտպանված է անմատչելի քարաժայռով: Կանգուն են մնացել պարսպապատերի որոշ հատվածները:

Ամրոցի հարավային թեք լանջերում ուր հնարավոր չի եղել բնակվել, թաքցվել են անասունները, իսկ հյուսիսային մասում նկատվում են բնակարանների հիմնապատեր: Հարավային կողմում պահպանվել են 2 -3 մ լայնությամբ երկու մուտքը:

Ամրոցում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են 12 կավե կարմիր, սև և երկնագույն սափորներ ու հնագիտական այլ իրեր, որոնք կարելի է թվագրել մ. թ. ա. IV—III դդ.:

Լեռան լանջերին է գտնվում նաև 12-րդ դարում կառուցված եկեղեցու ավերակները:

Տեսիլք քարանձավ

Լեռան արևելյան կողմում է գտնվում Տեսիլքի քարանձավը: Քարանձավի մեծ սրահում գտնվող 2 ճեղքից լույս է ընկնում քարանձավի մեջԱսում են՝ որ քարանձավը նախկինում բուժկետ է եղել ամրոցի համար, վիրավորներին տեղափոխել են այնտեղ:

Ավանդազրույցի համաձայն քարանձավից դեպի անտառ  դուրս եկող  ճանապարհի վրա մի երկար ուղղաձիգ ձգվող անցք կա: Տարիներ առաջ գյուղացիներից մեկին պարանով կապել են և իջեցրել այդ անցքից, որպեսզի հասկանան մինչև ուր է գնում: Այդ մարդը զգուշացրել է, որ եթե գոռա, ուրեմն դեռ կենդանի է, սակայն իջեցնելուց հետո նա սկսել է ծիծաղել: Բարձրացրել, հանել են նրան և տեսել, որ նա խելագարվել է: Այդ օրվանից գյուղացիները վախենում են գնալ այդ ճանապաարհով:

Լուսանկարները՝ Դավիթ Սիմոնյանի, Հրաչուհի Այվազյանի և Տիգրան Շահբազյանի

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում