info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Գառնու հեթանոսական տաճար

Գառնի

Գառնի՝ հեթանոսությունից մինչև քրիստոնեություն

Գառնու հեթանոսական տաճարը գտնվում է Կոտայքի մարզում՝ Գառնի գյուղում: Համարվում է հելլենիստական և հայկական մշակույթների և ճարտարապետության յուրօրինակ կառույց:

ՅՈՒՆԵՍԿՕ

2011թ. Գառնու հեթանոսական տաճարն ու Պաղեստինում գտնվող Բատիր վայրը ստացան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մելինա Մերկուրի միջազգային մրցանակը: Այն շնորհվում է երկու տարին մեկ այն անհատներին կամ կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն են ունենում մշակութային լանդշաֆտի պահպանման և կառավարման բնագավառում:  

Արևի աստծո տաճար

Կան վարկածներ, ըստ որի տաճարը նվիրված է եղել հեթանոս արևի աստված Արեգ-Միհրին: Հայ արքաներից Տրդատ Ա-ն իր հովանավոր աստված էր համարում հենց նրան և մասնագետները տրամաբանական են համարում, որ Տրդատն իր գահակալությունից հետո Գառնի գյուղում կառուցած լինի իր հովանավոր աստծոն նվիրված տաճար: Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ 

Ավանդություն

Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում անդրադառնում է Գառնու տաճարի հիմնադրմանը՝ ակամա բացատրելով նաև անվան ծագումը: Հայոց պատմիչը հիմնվելով ավանդազրույցների վրա, գրում է, որ Գառնու տաճարը կառուցել է Հայկ Նահապետի որդին՝ Գեղամը: Նաև նշում, որ Գեղամը կառուցելով մի դաստակերտ՝ ապարանք, այն անվանում է իր թոռան՝ Գառնիկի անունով:  

Գառնի. հեթանոսական անտիկ կառույց

Ավանդությունից զատ՝ պատմական վկայությամբ տաճարը կառուցել է Տրդատ Ա թագավորը: Նա 66թ. Հռոմում գահադրվելուց հետո վերադառնում է Հայաստան և սկսում մի շարք շինարարական աշխատանքներ: Նա վերանորոգում է Գառնիի ամրոցն ու այնտեղ ձեռնամուխ լինում նոր հուշարձանների կառուցմանը: Գառնիի ամրոցում է կառուցվում Գառնիի տաճարը, արքունական բաղնիքը, իսկ 7-րդ դարում նաև Սբ. Սիոն եկեղեցին: Նրա շուրջ տարածվում է Ազատ գետի կիրճը, որտեղ գտնվում է Քարերի սիմֆոնիան:

Այն հայկական ճարտարապետության անտիկ շրջանի եզակի ամրաշինական համալիր կառույց է:  

Քրիստոնեության ազդեցությունը

4-րդ դարում Գառնու տաճարը վերանորոգվում է պայմանավորված ոչ այնքան կառույցների վիճակից, որքան Հայաստանում քրիստոնեության ընդունումից և տարածումից: Ըստ պատմաբան Հ. Մանանդյանի, հեթանոսական տաճարի ցելլան՝ այդպես էին կոչում անտիկ տաճարների գլխավոր սրահները, քանդել են և տեղում կառուցել եկեղեցի: Վերացրել են հեթանոսական ճարտարապետությանը բնորոշ հիմնական տարրերը՝ զոհասեղանները, կուռքերը: Բացի այդ, տաճարը հարմարեցրել են մշտական բնակության համար, ինչպես բնորոշ են հայկական եկեղեցիներին, որտեղ հոգևորականները ծառայություն էին մատուցում և ապրում:

Հելլենիստական կառույց

Գառնու տաճարն իր ճարտարապետությամբ պատկանում է հելլենիստական շրջանին՝ ունենալով այդ ոճին բնորոշ առանձնահատկություններ: Այն պատկանում է պերիպտեր տեսակի հունական պաշտամունքային կառույցներրն, որոնք առանձնանում են սյունաշար հորինվածքով: Պերիպտեր կառույցներ առավել բնորոշ են եղել Հին Հունաստանին: Տաճարը գտնվում է իննը աստիճանների վրա, որը նույնպես հեթանոսական տաճարներին բնորոշ լուծում է: 

Ի դեպ, Երերույքի տաճարը նույնպես կառուցված էր աստիճանների վրա, ինչի պատճառով մասնագետները թյուրիմացաբար տաճարը համարում էին հեթանոսական, մինչդեռ համալիրը եղել է վաղքրիստոնեական կառույց:

Ն. Մառը նշում էր, որ այդ ժամանակաշրջանում ձևավորվել էր հայկական ճարտարապտության երկու դպրոց՝ տեղական, որն առավել տիպիկ էր հայկական մշակույթին, և հունահռոմեական ազդեցությունը կրած դպրոցը, որը լավագույնս միաձուլվել էր հայկական ճարտարապտական ոճին: 

Քանդակագործություն

Տաճարի եռանկյուն ճակատը, սյուների, դրանց վրա հիմնված սալաքարերի, առաստաղի, խոյակների քանդակազարդ հորինվածքները չեն կրկնում մեկը մյուսին: Սա հարդարանքի արվեստում մեկնաբանվում է որպես բազմազանություն մեկ ամբողջության ներքո: Հայ մասնագետները պնդում են, որ անկախ հելլենիստական ազդեցությանը, տաճարը միանշանակ կառուցել են հայ վարպետները, քանզի օտարազգի վարպետներն, ովքեր սովոր էին աշխատել մարմարի հետ չէին կարող տեղական քարերը մշակել այդպիսի նրբությամբ: 

Երկրաշարժ. 17-րդ դար

Գառնու տաճարը հիմնահատակ կործանվեց 1679թ. երկրաշարժից՝ կանգուն ոչինչ չմնաց և երբեմնի հզոր տաճարը վերածվեց ավերակների կույտի: Բարեբախտաբար ավերակները հետագայում թույլ տվեցին ճշգրտորեն վերակառուցել տաճարն իր նախնական տեսքով: 

Վերակառուցում. 20-րդ դար

Տաճարի վերակառուցման մտահաղացումը ծնվեց միայն 1880-ականներին այն էլ ռուս հնագետ Ալ. Ուվարովի կողմից: Միայն թե նա առաջարկում էր տաճարի մնացորդները տեղափոխել Թիֆլիս և վերակառուցել այնտեղ, սակայն բարեբախտաբար Երևանի նահանգապետը մերժում է այդ գաղափարը, որը պայմանավորված էր միայն տեխնիկական անհնարինությամբ:

Սակայն միայն 1969թ.՝ 3 դար հետո, սկսվեցին վերակառուցողական աշխատանքները, որոնք ավարտվեցին 1975թ.: 

Մշակութային արժեք

Մի շարք ուսումնասիրողներ նշել են տաճարի բացառիկության և կարևորության մասին: Ճարտարապետ Ալ. Սահինյանը տաճարը համարում է՝ «ճարտարապետական արվեստի կատարյալ մի ստեղծագործություն», իսկ ճարտարապետ Թ. Թորամանյանը, ով կատարել է նաև Երերույքի տաճարի պեղումները, Գառնու տաճարը համարում է «հայ գեղարվեստի թագուհի»:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ