Թեքսարի լեռներ
Թեքսարի լեռնաշղթան գտնվում է Վայոց Ձորի մարզում, կազմում է Արփա գետի և նրա աջ վտակ Եղեգիսի ջրբաժանը: Սկսվում է Վարդենիսի լեռների Սանդուխտասար գագաթից և դեպի հարավ-արևմուտք ձգվելով հասնում մինչև Շատին գյուղը: Երկարությունը` շուրջ 20 կմ է: Ամենաբարձր գագաթը Սեմասարն է (3385 մ), Արփա գետի վերնագավառում, Գետիկվանք գյուղից 7 կմ հյուսիս արլևելք: Բարձր գագաթներից են նաև Ճաղատսարը՝ 3334 մ, Շեկսարը՝ 3149 մ, Թեքսարը՝ 2898 մ, Գայլեձորը՝ 2762 մ:
Լեռնաշղթան ունի անհամաչափ կառուցվածք: Դեպի Եղեգիս իջնող լանջերը կարճ են և զառիթափ, իսկ դեպի Արփայի հովիտ՝ երկար և մեղմաթեք: Հյուսիսահայաց լանջերն անտառապատ են, բայց ենթարկված են հողմնահարման: Անգամ անտառապատվածության պայմաններում քայքայված նյութը հասնում է մինչև Եղեգիսի հովիտ: Դեպի Արփայի հովիտ իջնող լանջերը նույնպես ենթարկվել են հողմանահարման, քայքայման ու տեղատարման: