info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Տեղերի վանք

Տեղերի վանք

Տեղերի վանք

Տեղերի վանքը գտնվում Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Հիմնադրվել է XIII դարում։

Անվանում

Պատմագիտությանը հայտնի չէ Տեղեր տեղանվան ծագման վերաբերյալ գիտական որևէ մեկնաբանություն։ Հայտնի միակ բացատրությունը 18-րդ դ․ գրի առնված հրաշապատում-ավանդազրույցն է, որի համաձայն՝ իբր Տեղերում հաստատված Գրիգոր Լուսավորչի աչքին մի օր երևացել է Աստվածածինը բազում հրեշտակներով և իսկույն չքացել։ Տեսիլքի վկան իբր եղել են նաև Տեղերի բնակիչները, որոնց մի մասը սկսել է մատնացույց անել մի վայր և ասել՝ այստեղ էր, մյուսները՝ ոչ, այնտեղ էր, ուստի վայրը, որտեղ հետագայում կառուցվել է ներկայիս վանքը, կոչվում է Տեղեր։

Տեղերի վանք

Հենց այս անվամբ վանքը վկայված է 13-րդ դ․ վերաբերող որմերին պահպանված բազմաթիվ վիմագրերում։ Սակայն ուշ միջնադարում, վանքը հայտնի է եղել նաև Լրջակապույտ Սբ․ Նշան անվամբ։ Այս անվանակոչությանն առաջին անգամ հանդիպում ենք 1656 թ․ աշխարհացույցի հիշատակարանում։ Սակայն նոր անվանումը 17-18-րդ դարերում ի զորու չի եղել մոռացության մատնել վանքի նախնական անունը։

Ուշ միջնադարյան վկայություններում Տեղեր անվանումը հաճախ հանդիպում է Դըղր կամ Դղեր անվանաձևերով։

Պատմություն

Տեղերի վանքի կառուցման մասին, չեն պահպանվել մատենագիր արձանագրություններ, և վանքի կառուցման մասին տեղեկություններ քաղում ենք վանքի որմերին պահպանված վիմագրերից։

Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է 1213 թվականին, ըստ գմբեթի թմբուկի հարավային կողի վրա պահպանված արձանագրության։

Տեղերի վանքում պահպանված մի շարք նվիրատվական վիմագրեր անթվագիր են, և ենթադրվում է, որ դրանք փորագրվել են արդեն XIV-րդ դարում։ Իսկ արդեն XV-րդ դարում հանդիպում են թվագիր վիմագրեր, ինչպես նաև այս շրջանից առկա են կցկտուր մատենագրական արձանագրություններ։

XVII-րդ դարի 30-ական թվականներին, Տեղերի վանքը հիշատակվում է Երևանի խանին հարկատու հոգևոր կենտրոնների թվում։ Հայտնի է, որ 1766 թ․ ի թիվս այլ վանքերի, Տեղերի վանք է այցելու Սիմեոն կաթողիկոսը, ով ազդված լինելով վանքի անմխիթար վիճակից, փորձում է որոշ բարենորոգումներ անել։

Տեղերի վանքը խիստ տուժում է 1948 թ․ տեղի ունեցած երկրաշարժից։ 1950-ական թվականներին սկսվում է վանքի վերականգման աշխատանքները։

Ճարտարապետություն

Վանական համալիրը բաղկացած է Սբ․ Աստվածածին եկեղեցուց և գավթից։ Պաշտպանական նկատառումներից ելնելով`վանքը պարսպապատվել է:

Սբ․ Աստվածածին եկեղեցին ունի ճարտարապետական զուսպ ոճ։ Ներքուստ ունի խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Այն պատկանում է գմբեթավոր սրահատիպ եկեղեցիների տիպին։

Սբ․ Աստվածածին եկեղեցուն արևմտյան կողմից կից է գավիթը։ Ըստ գավթի հարավարևելյան սյան խոյակի վրա պահպանված արձանագրության` կառուցել է Աղբայրիկ ճարտարապետը 1221 թ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին: Գավթի արևմտյան զույգ անկյուններում վեր են խոյանում մատուռանման երկու փոքր եկեղեցիներ, որոնք արտաքուստ ուղղանկյուն, արևելյան կողմից փոքր խորանով կենտրոնագմբեթ կառույցներ են: Մատուռների մուտքը գավթի տանիքից են:

Նյութը պատրաստելիս օգտվել ենք  Ս. Կարապետյանի   «Վարձք» հանդեսի  «Տեղերի վանքը» աշխատությունից:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Առաջիկա արշավներ