info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք վանական համալիրը գտնվում է Կոտայքի մարզում՝ Թեղենիս լեռան լանջի՝ թեղիներով շրջապատված բացատում: Այն տեղակայված է Բուժական գյուղից 3 կմ դեպի հյուսիս:

Հիշատակություններ

Թեղենյաց վանքի մասին առաջին անգամ հիշատակվում է 7-րդ դարի 20-ականներին, որը կապված էր հայ իշխան Վահան Գողթնացու հետ, ով որոշ ժամանակ թաքնվում էր վանքում:

Թեղենյաց վանք

Սակայն վանական համալիրը ծաղկում է ապրել 11-13-րդ դարերում, երբ կառուցվեց համալիրի՝ այժմ մեզ հայտնի գլխավոր հուշարձանախումբը: Համալիրն այդ ժամանակահատվածում մեծապես հովանավորում էին Վաչուտյանները:

Ճարտարապետություն

Թեղենյաց վանքը միջնադարում հզոր վանական համալիր էր, որը կազմված էր Կաթողիկե եկեղեցուց, գրատուն-դպրատնից, երկու գավիթներից, սեղանատնից և մատուռներից: Վանական համալիրի գրեթե բոլոր շինությունները կառուցված են  կարմիր կամ մուգ տուֆ քարից:

Կաթողիկե եկեղեցի. պեղումներ

Կաթողիկե եկեղեցին 12-րդ դարի կառույց է՝ մասնագետները ենթադրում են, որ կամ եկեղեցու կառուցումն ավարտվել է 1198թ. կամ այդ ժամանակահատվածում այն արդեն գոյություն ուներ: Դարերի ընթացքում եկեղեցին անցել էր հողի հաստ շերտի տակ, որը բացվեց 1979թ. Գ. Սարգսյանի գլխավորած արշավախմբի պեղումների ժամանակ: Եկեղեցու հիմքերը լավ էին պահպանվել, ինչի շնորհիվ մասնագետները վստահ են, որ այն եղել է սրածայր վեղարով կենտրոնագմբեթ կառույց: Մասնագետները դժվարանում են որևէ եզրակացություն անել եկեղեցու հարդարանքի մասին, սակայն պահպանված արևմտյան և հարավային մուտքի ներքին հատվածներում քանդականախշեր են փորագրված: 

Կաթողիկե անվան բացատրությունն ու ընտրությունը, ինչպես Թալինի, Մարմաշենի և Հովհաննավանքի Կաթողիկե եկեղեցիների դեպքում, պայմանավորված է վանական համալիրի գլխավոր կառույցը լինելու հետ:

Գրատուն-դպրատուն

Այն գտնվում է Կաթողիկե եկեղեցու հարավային կողմում: Գրատունն ուներ ուղղանկյուն հակատագիծ, իսկ սրահը բաժանված էր երեք մասին: Գրատունը միջին հատվածից կապված էր Կաթողիկե եկեղեցու հետ, իսկ հարավային կողմում գտնվում էր մյուս՝ դեպի դուրս տանող դուռը: Եվ ինչպես Կաթողիե եկեղեցու մուտքերի ներքին հատվածներն էին քանդականախշ, այնպես էլ զարդարված էր գրատան մուտքը: Համեմատել Կաթողիկե եկեղեցու մուտքի հետ չենք կարող, սակայն գրատան մուտքի նախշազարդերին կարծես առավել շատ են ուշադրություն հատկացրել: Ենթադրվում է, որ գրատունը կառուցվել է Կաթողիկե եկեղեցու հետ՝ 12-րդ դարում:

Վանական համալիրն ունի երկու գավիթ, առաջինը կառուցվել է 13-րդ դարում, որի սյուները գորշ բազալտից են եղել, իսկ պատերն առհասարակ կառուցված եմ կարմիր և սև տուֆից: Իսկ ահա երկրորդ գավիթը մասամբ գտնվում է հողի տակ, սակայն որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ այն նախատեսված է եղել ուսումնական գործունեություն ծավալելու համար, քանի նմանատիպ կառույցներ եղել ն նաև Հաղպատում, Սանահինում և Սաղմոսավանքում:

Եկեղեցիների պաշտամունքային կարգերը

Թեղենյաց վանքն իր հիմնադրման պահից մշտապես հայտնի է եղել հայկական եկեղեցիների պաշտամունքային կարգերի խստագույն պահպանմամբ: Այդ մասին է վկայել նաև Ներսես Շնորհալին, ով 12-րդ դարի երկրորդ կեսին որոշել էր վերականգնել հայկական եկեղեցիների կարգերը, որոնց ժամանակաշրջանի եկեղեցիները չէին հետևում: Նա նշում է, որ միայն երկու շատ հայտնի՝ Թեղենյաց և Մաքենացոց վանական համալիրներն են պատշաճ ձևով պահում եկեղեցու կարգերը: Ն. Շնորհալին օգտվում է այդ վանքերի ժամակարգերից և կազմում նոր ժամակարգ այլ եկեղեցիների համար: 

 

 

Հոդվածը գրելիս օգտվել ենք Վ. Պետրոսյանցի «Թեղենյաց վանքը իբրև մշակութային կենտրոն» և Գ. Սարգսյանի «Թեղենյաց վանքի պեղումները» աշխատություններից:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Մեր արշավները