Տեխնիկական բարդության լեռները՝ ինչպիսին են օրինակ՝ Կազբեկն ու Էլբրուսը, պահանջում են նաև տեխնիկական գույք և հանդերձանք։ Նման տեխնիկական վերելքներին պետք է պատրաստվել ավելի լրջորեն՝ անչափ կարևորելով մեզ անհրաժեշտ պարագաները։ 5000 մետրից բարձր լեռներում ամեն ինչ արդեն այլ է, իսկ տեխնիկական 5000 և բարձր լեռներում՝ առավել ևս։
Ստորև ներկայացնում ենք տեխնիկական վերելքի գույք հանդերձանքը։
Հանդերձանք
Բաճկոն
5000 մետրից բարձր լեռներում շերտերով հագնվելը խիստ կարևոր է։ Անհրաժեշտ է ունենալ 2 բաճկոն: Առաջին բաճկոնը ֆլիսե համազգեստի հետ միասին պետք է ծառայի որպես միջին շերտ՝ ապահովելով մարմնի ջերմությունը։ Այս բաճկոնը, ինչպես նաև ֆլիսե համազգեստն ու թերմոներքնազգեստը պետք է հնարավորինս ճիշտ նստեն մարմնի վրա և համապատասխանեն մեր կառուցվածին։ Մյուս բաճկոնը պետք է պաշտպանի քամուց և ցածր ջերմաստիճանից:
Ցանկալի կլինի, որ երկրորդ բաճկոնն ունենա քամուց և անձրևից պաշտպանող գլխարկ:
Ֆլիսե վերնազգեստ
Այս գործվածքը նաև անվանում են արհեստական բուրդ: Ֆլիսն առավել թեթև ու փափուկ է քան բուրդը:
Եվ, ի տարբերություն բրդյա շապիկի, ֆլիսե վերնազգեստն անգամ թրջվելուց հետո շարունակում է որոշ չափով տաք պահել մարմինը:
Թերմոներքնազգեստ
Թերմոներքնազգեստ՝ սա հատուկ գերշնչող նյութերից պատրաստված շապիկ և տաբատ է, որը հագնում են անմիջապես մարմնին:
Այն լավ ներծծում է քրտինքը և արագ չորանում: Արդյունքում մարմինը մնում է չոր և հետևաբար ավելի տաք: Թերմոներքնազգեստը պետք է լինի հնարավորինս մոտ լիինի մարմնին և գրկի մարմինը։
Տաբատ
Տեխնիկական վերելքների գագաթ բարձրանալու օրվա համար անհրաժեշտ է քամուց ու ցրտից պաշտպանող ալպինիստական տաբատ կամ դահուկորդի համազգեստ: Այն պետք է լինի անջրաթափանց, տաք, մեմբրանե շերտով: Տաքացնող նյութը կարող է լինել բնական՝ սագի փետուր, կամ սինթետիկ: Բնականը ավելի լավ է տաքացնում, ավելի թեթև է: Նույնքան տաքացնող սինթետիկը ավելի ծանր է, որպես կանոն, բայց նաև ավելի էժան:
Առաջնորդվեք ըստ ձեր նախապատվության: Մեմբրանե շերտն էլ միաժամանակ և՛ անջրաթափանցություն է ապահով, և՛ շնչում: Սա ոչ պարտադիր, բայց ցանկալի պայման է:
Սակայն մինչ գագաթ հասնելը՝ նախորդող օրերի համար անհրաժեշտ կլինի ևս մեկ տաբատ, որը կլինի համեմատաբար ավելի բարակ։
Գուլպա
Արշավային բրդյա գուլպաներ՝ լինում են կամ սինթետիկ, կամ մերինոյի բրդից: Այս կենդանիների բուրդը թեթև է և շատ տաք, արագ կլանում է քրտինքը և չորանում:
Այսպիսի գուլպաները ունենում են անատոմիական ձև, հաճախ անկար գործվածքով: Ցանկալի է ունենալ մի քանի զույգ տարբեր հաստության գուլպաներ:
Անհրաժեշտ գույք
Բարձր լեռնային կոշիկներ
Արշավային կոշիկները պետք է լինեն հարմար, հաստ տակացույով և չսեղմող, իսկ բարձր լեռնային կոշիկները՝ առավել ևս: Արշավային կոշիկները ընտրելիս պետք է համոզվել, որ ընտրել եք մեկ կամ երկու համարով մեծ կոշիկներ։ Կարելի է փորձարկել և հագնել հաստ գուլպաներով, ոտքը հարվածել հատակին ու տեսնել՝ ինչ է կատարվում ոտքի մատների հետ։
Քանի որ տեխնիկական վերելքների համար նախատեսված կոշիկները պինդ են, նախատեսված ժայռոտ և սառցապատ տեղանքներով քայլելու համար, ուստի պետք է պաշտպանեն ոտքերը կոպիտ հարվածներից։ Տեխնիկական վերելքների համար նախատեսված կոշիկները պետք է ունենան կատվիկները հագցնելու հարմարանք, դա շատ կարևոր է։
Կատվիկներ
Կատվիկներն ըստ պատրաստման նյութի լինում են երկու տեսակի՝ պողպատե և ալյումինե։ Չնայած ալյումինն ավելի թեթև է և հարմար քայլքի համար, սակայն այնքան էլ դիմացկուն չէ։
Տեխնիկական վերելքների համար խորհուրդ են տրվում պողպատե տարբերակները, քանի որ ավելի պինդ են և դիմացկուն։ Կատվիկները պետք է հարմար լինեն և առաջին հերթին համապատասխանեն մեր կոշիկների հետ։
Սառցահատ
Սառցահատ ձեռք բերելու ժամանակ պետք է ուշադրություն դարձնել սառցահատի երկարությանը։
Երբ սառցահատն ուղիղ պահում ենք, այն պետք է լինի ոտնաթաթից մոտ 10 սմ բարձր։
Ալպինիստական պարան
Ալպինիստական պարաններն ունենում են տարբեր երկարություններ և տրամագիծ։ Օրինակ՝ սառցադաշտային վերելքների ժամանակ պետք է ընտրել չոր վերամշակում անցած պարաններ, որոնք ի տարբերություն մյուս տեսակների, շուտ չեն կլանում ձյան և սառույցի խոնավությունը։
Խոնավանալու դեպքում պարանն ավելի է ծանրանում՝ դառնալով լրացուցիչ ծանություն։
Սաղավարտ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, այն սաղավարտները, որոնք նախատեսված են հեծանվային կամ դահուկային սպորտի համար, չեն կարող կիրառելի լինել 5000 մետր և բարձր տեխնիկական վերելքների ժամանակ։ Ուստի պետք է փնտրել տեխնիկական վերելքների համար համապատսխան սաղավարտներ։
Նման սաղավարտների դեպքում, որքան էլ դժվար լինի ընդունել այդ փաստը, նախընտրությունը պետք է տալ առավել ծանր մոդելներին։ Քանի որ անկախ նրանից, որ ստիպված ենք լինելու առավել ծանր-ծանր քայլել, միևնույն է սաղավարտների նման մոդելներն առավել դիմացկուն են և կարող եք մեզ պաշտպանել նույնիսկ մի քանի հարվածների դեպքում։
Զսպանակակեռիկ
Զսպանակակեռիկները հիմնականում անհրաժեշտ են գույքի լավ ամրեցման, հանգույցներ ստեղծելու և պարանից միասին կապված լինելու համար։
Տեխնիկական վերելքների դեպքում զսպանակակեռիկները պարզապես անհրաժեշտություն են։
Ուսապարկ (50 լ և ավելի մեծ)
Ուսապարկի չափսերը կախված են վերելքի տևողությունից, սակայն հիմնականում նախընտրելի է 60 լ չափսը։ Տեխնիկական վերելքների համար ուսապարկ ընտրելիս պետք է առաջնորդվել ոչ թե գույնով և դիզայնով, ինչպես կարող ենք մեզ թույլ տալ անել մեկօրյա արշավների նախապատրաստվելիս, այլ պետք է մանրամասնորեն ուսումնասիրել ուսապարկի հնարավորությունները։
Առաջին հերթին պետք է համոզվել, որ ուսապարկի չափսերն ու ձևը համապատսխանում են մեր մեջքի կառուցվածքին և ճիշտ են նստում ու գրկում կոնքերը։ Արտաքին տեսքի հետ կապված պետք է վստահ լինել, որ ուսապարկը ջրակայուն է և ունի որոշակի հարմարանքներ սառցահատաի, սաղավարտի և նմանատիպ այլ գույքի, աքսեսուարների համար։
Արշավային ձեռնափայտեր
Արշավային ձեռնափայտեր՝ կիսում են ոտքերի լարվածությունը՝ թեթևացնելով քայլքը: Սակայն 5000 մերտ և բարձր տեխնիկական վերելքների ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ձեռնափայտի ծայրային հատվածին, որը նախատեսված կլինի ձյան շերտով քայլելու համար։
Քնապարկ
Քնապարկ՝ ունենում են ջերմաստիճանի երեք ցուցանիշ՝ կոմֆորտ, մինիմում և էքստրեմալ:
Կոմֆորտը ցույց է տալիս օդի այն ջերմաստիճանը, որի պայմաններում ամենանպատակահարմարն է տվյալ քնապարկը, իսկ էքստրիմը՝ նվազագույնը, որի դեպքում կյանքին լուրջ վտանգ չի սպառնա:
Աքսեսուարներ
Տաք գլխարկ
Նախապատվությունը կարելի է տալ ֆլիսե գլխարկներին, քանի որ ինչպես ֆլիսե համազգեստի դեպքում, այնպես էլ գլխարկի՝ այն լավագույնս կապահովի ջերմություն և կպաշտպանի քամուց։
Արևային ակնոց
Արևային ակնոցը պետք է լինի լեռնային՝ առնվազն 3-րդ կատեգորիայի պաշտպանությամբ: Արևային ակնոցների ապակիներն ունեն դասակարգում: Առաջին և երկրորդ կատեգորիաները նախատեսված են քաղաքի և թեթև զբոսանքի համար, և մեզ այս դեպքում անհրաժեշտ չեն:
Երրորդ կատեգորիան փոխանցում է արևի լույսի 8-18%-ը, 4-րդը՝ 3 – 8%-ը: Քանի որ 5000+ տեխնիակակն լեռները ձնածածկ են, կարևոր է ընտրել համապատասխան լեռնային ակնոց, հակառակ դեպքում ձնային կուրությունը կլինի բավականին լուրջ խոչընդոտ և վերելքը չեղարկելու հիմնավոր պատճառ։
Buff
Բաֆերը պաշտպանում են ինչպես քամուց ու փոշուց այնպես էլ ձնից ու ցրտից: Քայլելու ժամանակ Buff-ը պաշտպանում է վիզը և կանխում է քամու ներթափանցումը:
Ուժեղ քամու ժամանակ այն քաշում եք վերև և ծածկում դեմքը:
Ձեռնոց
Ֆլիսե ձեռնոցներ (2 զույգ)։ Մի զույգը մատներով, իսկ մյուսը՝ թաթման:
Դահուկի ձեռնոցը նույնպես կարելի է վերցնել: Կարևորը որ արտաքինից ունենա ջրակայուն պինդ շերտ, իսկ ներսից՝ փափուկ տաքացնող շերտ:
Ճակատային լապտեր
Քանի որ գագաթի օրվա վերելքները սկսվում են գիշերը, պետք է պարտադիր ունենալ ճակատային լապտեր: Արշավից առաջ անպայման պետք է ստուգել մարտկոցները:
Եվ մի մոռացեք ցանկացած վերելքի համար վերցնել մի քանի զույգ պահեստային մարտկոցներ։
Անհատական դեղատուփ
Դեղատուփի պարունակությանը ծանոթացեք այստեղ։ Հղումով բացվող նյութում փորձել ենք հավաքագրել բոլոր հիմնական դեղամիջոցներն ու իրերը, որ պարտադիր պետք է լինեն ձեր անհատական առաջին օգնության հավաքածուի մեջ:
Կարևո՛ր է․ հնարավոր է, որ ոմանք ունենան ալերգիա որոշ դեղամիջոցների կամ նյութերի հանդեպ: Այստեղ ներկայացված ցուցակը բացարձակ չէ: Համոզվե՛ք, որ չունեք ալերգիա որևէ դեղամիջոցից, մինչ այն ընդունելը, և ուրիշին դեղահաբ առաջարկելուց առաջ համոզվեք, որ նա նույնպես ալերգիկ չէ:
Այլ պարագաներ
- Հողաթափեր
- Թերմոս
- Power bank
- Ներքնազգեստ
- Հեռախոս
- Անձնագիր, դրամապանակ և այլ կարևոր փասթաթղթեր՝ այս ամենը կեղտոտվելուց կամ թրջվելուց ապահով պահելու համար կարելի է պահել պինդ զիպ փականով պատյանների մեջ
- Ուսապարկի պաշտպանիչ ծածկոց կամ պոլիէթիլենային տոպրակներ իրերի փաթեթավորման համար
- Անձնական հիգիենայի պարագաներ
- Ջրաման
- Հիգիենիկ շրթներկ
- Արևապաշտպան քսուք կամ սփրեյ առնվազն 50spf պաշտպանության մակարդակով
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: