Տեխնիկական վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ
Տեխնիկական բարդությամբ լեռները, օրինակ՝ Կազբեկը կամ Էլբրուսը, պահանջում են համապատասխան գույք և հանդերձանք: Նման տեխնիկական վերելքներին պետք է պատրաստվել լրջորեն՝ կարևորելով վերելքի համար անհրաժեշտ պարագաները։ 5000 մետրից բարձր լեռներում ամեն ինչ արդեն այլ է, իսկ տեխնիկական 5000 մետրից բարձր լեռներում՝ էլ ավելի բարդ է:
Ստորև ներկայացրել ենք տեխնիկական վերելքի գույքը և հանդերձանքը։
Հանդերձանք
Բաճկոն
5000 մետրից բարձր լեռներում շերտերով հագնվելը խիստ կարևոր է։ Անհրաժեշտ է ունենալ 2 բաճկոն: Առաջին բաճկոնը և ֆլիսե համազգեստը պետք է ծառայեն որպես միջին շերտ: Սա կապահովի մարմնի ջերմությունը։ Բաճկոնը, ինչպես նաև ֆլիսե համազգեստն ու թերմոներքնազգեստը, պետք է հնարավորինս համապատասխանեն մեր մարմնի կառուցվածքին։
2-րդ բաճկոնը պետք է պաշտպանի քամուց և ցածր ջերմաստիճանից: Ցանկալի է, որ այն ունենա պաշտպանիչ գլխարկ:
Ֆլիսե վերնազգեստ
Այս գործվածքը նաև անվանում են արհեստական բուրդ: Ֆլիսն առավել թեթև ու փափուկ է, քան բուրդը:
Ի տարբերություն բրդյա շապիկի, ֆլիսե վերնազգեստը նույնիսկ թրջվելուց հետո է շարունակում որոշ չափով տաք պահել մարմինը:
Թերմոներքնազգեստ
Թերմոներքնազգեստը հատուկ գերշնչող նյութերից պատրաստված շապիկ և տաբատ է, որը կրում են անմիջապես մարմնի վրա:
Այն լավ ներծծում է քրտինքը և արագ չորանում: Արդյունքում մարմինը մնում է չոր և հետևաբար՝ ավելի տաք:
Տաբատ
Տեխնիկական վերելքների համար անհրաժեշտ է ունենալ 2 տաբատ: Գագաթ բարձրանալու օրվա համար անհրաժեշտ է քամուց ու ցրտից պաշտպանող ալպինիստական տաբատ կամ դահուկորդի համազգեստ: Այն պետք է լինի անջրաթափանց և տաք: Ոչ պարտադիր, բայց ցանկալի պայման է, որ տաբատը ունենա մեմբրանե «շնչող» շերտ:
2-րդ տաբատը անհրաժեշտ է գագաթի վերելքին նախորդող օրերի համար: Այն պետք է լինի համեմատաբար ավելի բարակ:
Գուլպա
Արշավային գուլպաները լինում են սինթետիկ կամ մերինոյի բրդից: Այս կենդանիների բուրդը թեթև է և շատ տաք: Արագ կլանում է քրտինքը և շուտ է չորանում:
Այսպիսի գուլպաները ունենում են անատոմիական ձև և հաճախ անկար գործվածքով են: Ցանկալի է ունենալ մի քանի զույգ, տարբեր հաստության գուլպաներ:
Անհրաժեշտ գույք
Բարձր լեռնային կոշիկներ
Արշավային կոշիկները պետք է լինեն հարմար, հաստ տակացուներով և չսեղմող: Սովորաբար արշավային կոշիկները ընտրում են այն հաշվարկով, որ այն կրեն հաստ գուլպայով, այսինքն՝ մեկ կամ երկու համար մեծ: Արշավից առաջ անպայման կրեք այն, որպեսզի այն ընդունի ձեր ոտքի ձևը: Արգելվում է նոր կոշիկներով սկսել վերելքը:
Տեխնիկական վերելքների համար նախատեսված կոշիկները պինդ են և նախատեսված ժայռոտ ու սառցապատ տեղանքներով քայլելու համար: Դրանք պետք է պաշտպանեն ոտքերը կոպիտ հարվածներից։ Տեխնիկական վերելքների համար նախատեսված կոշիկները նաև պետք է ունենան կատվիկներն ամրացնելու հնարավորություն:
Կատվիկներ
Կատվիկները լինում են երկու տեսակի՝ պողպատե և ալյումինե։ Չնայած ալյումինն ավելի թեթև է և հարմար քայլքի համար, սակայն այնքան էլ դիմացկուն չէ։
Տեխնիկական վերելքների համար խորհուրդ է տրվում պողպատե տարբերակները, քանի որ ավելի պինդ են և դիմացկուն։ Կատվիկները պետք է հարմար լինեն և առաջին հերթին համապատասխանեն մեր կոշիկներին։
Սառցահատ
Սառցահատ ձեռք բերելու ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել սառցահատի երկարությանը։
Երբ սառցահատն ուղիղ պահում ենք, այն պետք է լինի ոտնաթաթից մոտ 10 սմ բարձր։
Ալպինիստական պարան
Այս Պարաններն ունենում են տարբեր երկարություններ և տրամագիծ։ Սառցադաշտային վերելքների ժամանակ պետք է ընտրել չոր վերամշակում անցած պարաններ: Ի տարբերություն պարանների մյուս տեսակների, սրանք շուտ չեն կլանում ձյան և սառույցի խոնավությունը։
Խոնավանալու դեպքում պարանն ավելի է ծանրանում՝ դառնալով լրացուցիչ բեռ մեզ համար։
Սաղավարտ
Այն սաղավարտները, որոնք նախատեսված են հեծանվային կամ դահուկային սպորտի համար, չեն կարող կիրառվել 5000 մետր և բարձր տեխնիկական վերելքների ժամանակ։ Ուստի պետք է փնտրել տեխնիկական վերելքներին համապատասխան սաղավարտներ։
Նման սաղավարտների դեպքում նախընտրությունը պետք է տալ առավել ծանր տեսակներին։ Անկախ նրանից, որ ավելի ծանր բեռով ենք քայլելու, միևնույն է, սաղավարտների այս տեսակները ավելի դիմացկուն են: Դրանք կարող են մեզ պաշտպանել նույնիսկ մի քանի հարվածներից։
Զսպանակակեռիկ
Զսպանակակեռիկները հիմնականում անհրաժեշտ են գույքի լավ ամրացման, հանգույցներ ստեղծելու և պարանից միասին կապված լինելու համար։
Տեխնիկական վերելքների դեպքում զսպանակակեռիկները պարզապես անհրաժեշտություն են։
Ուսապարկ (50 լ և ավելի մեծ)
Ուսապարկի չափսերը կախված են վերելքի տևողությունից, սակայն հիմնականում նախընտրելի է 60 լ չափսը։ Տեխնիկական վերելքների համար ուսապարկ ընտրելիս՝ պետք է մանրամասնորեն ուսումնասիրել ուսապարկի հնարավորությունները։
Առաջին հերթին պետք է համոզվել, որ ուսապարկի չափսերն ու ձևը համապատասխանում են ձեր մեջքի կառուցվածքին: Պետք է վստահ լինել, որ ուսապարկը ջրակայուն է և ունի որոշակի հարմարանքներ սառցահատի, սաղավարտի և նմանատիպ այլ գույքի համար։
Արշավային ձեռնափայտեր
Արշավային ձեռնափայտերը կիսում են ոտքերի լարվածությունը և թեթևացնում քայլքը: 5000 մ և բարձր տեխնիկական վերելքների ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել ձեռնափայտի ծայրային հատվածին: Այն պետք է նախատեսված լինի ձյան շերտի վրայով քայլելու համար։
Քնապարկ
Քնապարկերը ունենում են ջերմաստիճանի երեք ցուցիչ՝ «comfort», «minimum», «extreme»:
«Comfort»-ը ցույց է տալիս օդի այն ջերմաստիճանը, որի պայմաններում առավել նպատակահարմարն է տվյալ քնապարկը: «Extreme»-ը ցույց է տալիս նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում կյանքին լուրջ վտանգ չի սպառնա:
Աքսեսուարներ
Տաք գլխարկ
Նախապատվությունը տվեք ֆլիսե գլխարկներին: Ինչպես ֆլիսե համազգեստի դեպքում, այնպես էլ գլխարկի՝ այն լավագույնս կապահովի ջերմություն և կպաշտպանի քամուց։
Արևային ակնոց
Արևային ակնոցը պետք է լինի լեռնային և առնվազն 3-րդ կարգի պաշտպանությամբ: Արևային ակնոցների ապակիներն ունեն դասակարգում: Առաջին և երկրորդ կարգերը նախատեսված են քաղաքում կրելու և թեթև զբոսանքների համար: Տեխնիկական վերելքների դեպքում այս տարբերակները անհրաժեշտ չեն:
Երրորդ կարգը փոխանցում է արևի լույսի 8-18%-ը, 4-րդը՝ 3 – 8%-ը: 5000 մետրից բարձր տեխնիկական լեռները ձնածածկ են և կարևոր է ընտրել համապատասխան լեռնային ակնոց: Հակառակ դեպքում ձնային կուրությունը կլինի բավականին լուրջ խոչընդոտ և վերելքը չեղարկելու հիմնավոր պատճառ։
Բաֆ (Buff)
Բաֆերը պաշտպանում են ինչպես քամուց ու փոշուց, այնպես էլ ձնից ու ցրտից: Բաֆը պաշտպանում է վիզը և կանխում է քամու ներթափանցումը:
Ուժեղ քամու ժամանակ բաֆով ծածկում ենք նաև դեմքը:
Ձեռնոց
Ունեցեք 2 զույգ ֆլիսե ձեռնոցներ։ Մեկ զույգը մատներով, իսկ մյուսը՝ թաթման:
Դահուկի ձեռնոց նույնպես կարելի է վերցնել: Կարևոր է, որ ձեռնոցները արտաքինից ունենան ջրակայուն պինդ շերտ, իսկ ներսից՝ փափուկ տաքացնող շերտ:
Ճակատային լապտեր
Ճակատային լապտեր ունենալը պարտադիր է, քանի որ գագաթի վերելքները սկսվում են գիշերը: Արշավից առաջ անպայման պետք է ստուգել լապտերի մարտկոցները:
Եվ մի մոռացեք ցանկացած վերելքի համար վերցնել մի քանի զույգ պահեստային մարտկոցներ։
Անհատական դեղատուփ
Դեղատուփի պարունակությանը կարող եք ծանոթանալ այստեղ։ Հղումով բացվող նյութում փորձել ենք հավաքագրել բոլոր հիմնական դեղամիջոցներն ու իրերը, որոնք պարտադիր պետք է լինեն ձեր անհատական դեղատուփում:
Պետք է հաշվի առնել, որ ցուցակում ներկայացված դեղերի ցանկը միանշանակ բոլորի համար չէ: Շատերը հնարավոր է ունենան ալերգիա որոշ դեղամիջոցներից կամ նյութերից: Վստահ եղեք, որ չունեք ալերգիա որևէ դեղամիջոցից, մինչ այն ընդունելը: Իսկ եթե ունեք, ապա ընտրեք տվյալ դեղահաբին փոխարինող այլընտրանքային տարբերակ: Ուրիշին դեղահաբ առաջարկելուց առաջ էլ համոզվեք, որ նա նույնպես ալերգիկ չէ:
Այլ պարագաներ
- Հողաթափեր
- Թերմոս
- լիցքավորիչ (power bank)
- Ներքնազգեստ
- Հեռախոս
- Անձնագիր, դրամապանակ և այլ կարևոր փասթաթղթեր: Այս ամենը կեղտոտվելուց կամ թրջվելուց ապահով պահելու համար կարելի է պահել պինդ զիպ փականով պատյանների մեջ
- Ուսապարկի պաշտպանիչ ծածկոց և պոլիէթիլենային տոպրակներ
- Անձնական հիգիենայի պարագաներ
- Ջրաման
- Հիգիենիկ շրթներկ
- Արևապաշտպան քսուք՝ առնվազն «50spf» պաշտպանության մակարդակով
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: