info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Պարզ լիճ – Գոշ – Գոշի լիճ

Տավուշ

Ճանապարհը տանում է Գոշ գյուղ

Այս երթուղին սկսվում է Պարզ լճից և ավարտվում Խաչարձան գյուղում:  Ճանապարհն անցնում է փարթամ բուսականությամբ պատված անտառով: Ճանապարհին հանդիպում են խաչքարեր: Մի քանի փոքրիկ գետակներ անցնելուց հետո բացվում է մի ընդարձակ մարգագետին, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Իջևանի լեռնաշղթան: Անցնելով մարգագետինները ճանապարհը տանում է դեպի Մխիթար Գոշի ծննդավայր՝ Գոշ գյուղ: Գյուղի վերևից արդեն երևում է Գոշավանքը: Գոշավանք (Նոր Գետիկի վանք) անունը ստացել է 1213 թ-ին՝ Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան: Վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

Հարուստ է երթուղու բուսական աշխարհը

Երթուղու ընթացքում կարող եք հանդիպել մասրենի, սորհունդ խոցված, խնկածաղիկ սովորական, սինդրիկ, ազնվամորի և այլն: Հարուստ է նաև երթուղու ֆաունան: Պարզ լճի շրջակայքում կարելի է հանդիպել երկկենցաղների տարբեր տեսակների: Հնարավոր է նկատել ծառերի ճյուղերի վրա ցատկոտող սկյուռների: Արշավի ընթացքում կարելի է նկատել անտառային կատու, ականջեղ ոզնի, այծյամ, աղվես և նապաստակ:

Լուսանկարները՝ Կորյուն Բոքսյանի, Սերգո Առաքելյանի, Բաբկեն Արզումանյանի և Տիգրան Շահբազյանի

Արշավներ Հայաստանում