info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Տավուշի բերդ / Ցլիկ Ամրամի ամրոց

Տավուշի բերդ

Տավուշի բերդ

Տավուշի բերդը կամ ինչպես այլ կերպ անվանում են Ցլիկ Ամրամի բերդը միջնադարյան բերդ է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Տավուշ գավառում:

Պատմական ակնարկ

Բերդի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ և առաջին անգամ հիշատակվում է X-րդ դարի սկզբից՝ որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ X-XI դդ. այն պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին, XII-XIII դդ.՝ Զաքարյաններին։ XIV դ. վերջից բերդը եղել է լքված այժմ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում։

Տավուշի բերդ

Բերդի կառուցվածքային առանձնահատկությունները

Տավուշը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Միջնաբերդը գրավում էր բարձրադիր, զառիթափ ժայռերով եզերված բլրի գագաթի նեղ (առավելագույն լայնությունը 25մ), լեզվականման տարածքը։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները (մինչև 12մ բարձրությամբ, կառուցված ոչ խոշոր գետաքարերով և ճեղքված անդեզիտի քարերով) պահպանվել են արևելյան և հյուսիսարևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին, ուր պահպանվել են ճեղքված խոշոր քարերով կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդներ, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր, կացարանների և տնտեսական շինությունների հետքեր։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով (մնացորդները պահպանվել են)։

Ավանդություն

Ըստ ավանդության, երբ արաբները գալիս են այս կողմերը, Աշոտ Երկաթն իր զորքով ամրանում է Ղալի քար կոչված ապառաժին շինված բերդում։ Թշնամին պաշարում է այն, բայց ոչինչ չի կարողանում անել բերդականներին։ Մի պառավ կին թաքուն դուրս է գալիս բերդից, որ պաշարվածների համար ուտելիք բերի։ Արաբները բռնությամբ իմանում են նրանից ջրի ճանապարհը և կտրում ջուրը։ Չնայած դրան, բերդում գտնվող Աշոտ Երկաթը անձնատուր չի լինում։ Մի մութ գիշեր նա իր զորքով դուրս է գալիս բերդից և տեղափոխվում Սևանի կողմերը:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Բերդեր և ամրոցներ