info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Տաթև վանական համալիր

Տաթև վանական համալիր

Տաթև վանական համալիր

Տաթև վանական համալիր և գիտակրթական հզոր կենտրոնը գտնվում է Սյունիքի մարզի համանուն գյուղում՝ Որոտան գետի աջափնյա եզերքին: Այն հայոց պատմության մեջ եզակի հանդիպող կառույց է՝ հարուստ պատմությամբ, ճարտարապետական բազմաթիվ յուրահատուկ լուծումներով: Տաթև վանական համալիրը եղել է միաժամանակ հոգևոր, մշակութային, կրթական, ռազմական և գիտական կենտրոն: Համալիրի տարածքում ձևավորված համալսարանը համեմատվել է Գլաձորի համալսարանի հետ, եկեղեցիների և աշխարհիկ կառույցների ճարտարապտությունն անընդմեջ փոփոխվել է և ամբողջացրել բոլոր ժամանակներում վանքի դերն ու գործունեությունը:

Անվան ծագումը

Անվան բացատրության հետ կապված կա պահպանված մի ավանդություն, ըստ որի վանական համալիրը կառուցող վարպետը բանվորներից երկու տաշեղ է պահանջում և դրանք համբուրելով ասում՝ «Հոգին սուրբ տա թև»: Դա արտաբերելով նրա ուսերին թևեր են բուսնում, և թռչում գնում է անհայտ ուղղությամբ: Ասում են, որ վարպետի այդ խոսքերից էլ վանքն անվանում են Տաթև: Սա անվան բացատրության ավանդազրույցի՝ ժողովրդի մեջ տարածված տարբերակն է: Սակայն անվան պատմագրական բացատրությունն այլ է:

Տաթև վանական համալիր

Կա մեկ այլ վարկած, ըստ որի՝ վանքը կոչել են Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի անունով, ում Թադեոսը կարգել էր Սյունիքի առաջին եպիսկոպոս: Եվստաթեոսը տանջամահ է եղել վանքի տարածքում, իսկ հետագայում նրա գերեզմանոցի վրա կառուցել են եկեղեցի, որը 4-րդ դարում օծել է Գրիգոր Լուսավորիչը: Ասում են, որ այդ եկեղեցու ավերակները գտնվում են ներկայից Տաթև վանական համալիրից ոչ այնքան հեռու:

Պատմություն

Տաթև վանական համալիրի մասին հիշատակությունները սկսվում են 4-րդ դարից՝ հիշատակվելով հայոց իշխանների և նախարարների հատուկ աստիճանակարգման հրովարտակում, որը կոչում էին գահնամակ: Այնտեղ Տաթևի վանքը հիշատակվում է «Տաթևավանք» անվամբ: Ստ. Օրբելյանը նշում է, որ 4-րդ դարում կառուցված Տաթևի վանքի առաջին եկեղեցին եղել է անշուք մի կառույց, որն աչքի չէր ընկնում ո՛չ ճարտարապետական լուծումներով, ո՛չ միաբանների թվով: 

Տաթև վանական համալիրի ծաղկումը

Տաթևի վանքի գործունեությունը նոր թափ է ստանում 9-րդ դարում, երբ Դավիթ եպիսկոպոսը գնում է վանական համալիրի տարածքում գտնվող հողերը և սկսում համալիրի ընդարձակման գործը: Այդպիսով սկիզբ է դրվում Տաթև վանական համալիր և գիտակրթական կենտրոնի՝ որպես եպիսկոպոսանիստ հռչակվելու փուլը, երբ Սյունյաց նահանգում վանքը ձեռք է բերում մեծաթիվ կալվածքներ և դառնում ֆեոդոլական խոշոր կազմակերպություններից մեկը:

Տաթև վանական համալիր

 

Ստ. Օրբելյանի փաստմամբ, այդ ժամանակաշրջանում վանական համալիրին հարկատու էին Սյունիքի 678 գյուղեր: Նման խոշոր եկամուտներն անշուշտ անդրադառնում էին վանական համալիրի թե՛ շինարարական, թե՛ հոգևոր-մշակութային գործունեությանը: 

Ճարտարապետություն

Տաթևի վանական համալիրը Հայաստանի երբևէ գոյություն ունեցած հզոր հոգևոր կենտրոններից մեկն է եղել: Միաբանների թիվը կազմել է մինչև 500, իսկ վանական համալիրի կազմում անընդհատ տեղի են ունեցել վերակառուցողական աշխատանքներ՝ Տաթև վանական համալիրը համապատասխանեցնելով յուրաքանչյուր ժամանակաշրջանի հզորության հետ: 

Տաթև վանական համալիրը դարեր շարունակ շրջապատված է եղել պարսիսպներով, իսկ հարավային և արևելյան հատվածները եզերվել են ձորերով: Վանական համալիրը տարբեր շրջաններում իր մեջ ներառել է բազմաթիվ վանքապատկան և աշխարհիկ մի շարք կառույցներ: Վանական համալիրի կազմում են Պողոս-Պետրոս տաճարը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Սբ. Աստվածածին մատուռ-եկեղեցին, Սբ. Գրիգոր Տաթևացու դամբարանը, Գավազան-սյուն հուշարձանը, մատենադարանը, սեղանատունը, մի շարք բնակելի տարածքներ, հյուրատուներ:

Պողոս-Պետրոս տաճար

Թերևս գլխավոր հուշարձանը, որի մասին պետք է խոսել Պողոս-Պետրոս տաճարն է, որն իր անվամբ էլ հուշում է, որ նվիրված է եղել Պողոս և Պետրոս առաքյալններին: Տաճարի կառուցումը սկսվել է 895թ. և տևել 11 տարի՝ ավարտվելով 906թ.: Տաճարի կառուցման հովանավորն ու նախաձեռնողը եղել է Սյունյաց իշխան Աշոտ Սյունին, իսկ մտահաղացումը կյանքի է կոչվել Հովհաննես եպիսկոպոսի շնորհիվ: Տաճարի բացման և օծման արարողությունը եղել է հանդիսավոր, որին հրավիրված են եղել մի շարք հայ իշխաններ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Վասպուրականի գեհերց իշխան և հետագայում թագավոր Գագիկ Արծրունին և անձամբ  Սմբատ Ա Բագրատունի թագավորը:

Տաթև վանական համալիր

Տաճարի գմբեթը հիմնված է երկու հզոր սյուների վրա, որոնք խորհրդանշում են երկու առաքյալներին, իսկ այդ սյուների հիմքում թաղվել են առաքյալնների մասունքները: 

Տաճարի հարավային կողմին կից գտնվում է սրահ-գավիթը, որը կառուցվել է 1043թ.: Պողոս-Պետրոս տաճարի հարավային մուտքի մոտ գտնվում է Գրիգոր Տաթևացու դամբարան-մատուռը, որը կառուցվել է 1787թ.: Իսկ արևմտյան մուտքի մոտ է գտնվում փոքր գավիթը, որի շուրջ եղել են նշանավոր վանականների գերեզմանոցները: Սակայն 1895թ. այն հիմնովին քանդել են և տեղում կառուցել զանգակատունը:

12-րդ դար

Տաթև վանական համալիրը մեծապես վնասվել է 1138թ. երկրաշարժից, իսկ 1170թ. վիճակն ավելի է վատթարացել սելջուկ-թուրքերի հարձակումներից: Նրանք քանդել, ավերել և կողոպտել են Բաղաբերդը,  Տաթև վանական համալիրը՝ կործանելով Սյունյաց թագավորությունը: Այդ ամենի արդյունքում, վանական համալիրի առաջնորդները տեղափոխվում են Նորավանք, որտեղ 1216թ. հիմնվում է նոր եպիսկոպոսություն:

Գավազան-սյուն

Գավազան-սյան կառուցման վերաբերյալ կան երկու տարեթվեր՝ 895թ. և 906թ.: Հնարավոր է, որ այս տարրակարծությունը կապված է Պողոս-Պետրոս տաճարի կառուցման ընթացքի հետ: Գուցե գավազան-սյան կառուցումը սկսվել է տաճարի հետ միասին՝ 895թ., և ավարտվել միայն 906թ.: Անկախ կառուցման տարեթվից, գավազան-սյունն ունի եզակի հոգևոր, մշակութային, գիտական, ճարտարապետական և շինարարական արժեք հայոց պատմության մեջ:

Գավազան-սյունը խորհրդանշել և նվիրված է եղել Սուրբ Երրորդյության գաղափարին: Այն ճոճվող սյուն է, որն ունի 9 մ բարձրություն և վանական համալիրում դարերի ընթացքում պահպանված և երբևէ չվերանորոգված կառույցն է: Ճոճվող մեխանիզմի շնորհիվ, սյունն, անկախ ամեն ինչից, պահում է Երկրի մակերևույթի հանդեպ 90° անկյունը: Մասնագետները կարծում են, որ գավազան-սյան կառուցումը հետապնդել է երկու նպատակ՝ բնական աղետների՝ հատկապես երկրաշարժի ժամանակ, այն տեղացիներին նախազգուշացրել է աղետի մասին: 

Իսկ մյուս կողմից այն պաշտպանողական նպատակ էր հետապնդում՝ տեղեկացնելով համալիրին մոտեցող զինված հեծյալների մասին, քանզի գավազան-սյունը զգում էր ցանկացած դղրդյուն: Գավազանի ճոճվող հատկության շնորհիվ, այն հաճախ անվանել են նաև «կենդանի գավազան»:

Կա կարծիք, որ Զորաց քարերի  պես գավազան-սյունը եղել է աստղադիտական կարևոր նշանակության գործիք:

Ավանդություն

Գավազան-սյան մասին հիշատակվում է նաև մի ավանդությունում, ըստ որի Լենկ Թեմուրի հարձակումների ժամանակ, նա հրամայում է արմատախիլ անել գավազանը և այդ նպապակով տասնյակ զույգ գոմեշների և գութանի շղթայի օգնությամբ փորձում ն տապալել սյունը, սակայն շղթան կտրվում է, իսկ գոմեշները հայտնվում են ձորում: Այդ ամենից հետո Լենկ Թեմուրը լքում է Տաթև վանական համալիրը:

Տաթևի համալսարանը

Մինչ Տաթև վանական համալիրի վարդապետական դպրոցը կձևավորվեր որպես համալսարան՝ դեռևս 10-րդ դարում այն հայտնի էր որպես ուսուցչական, կրթական կենտրոն՝ համարվելով դպրության խոշորագույն կենտրոններից մեկը: Իսկ ահա 14-րդ դարում (ենթադրվում է նաև ավելի շուտ) Տաթև վանական համալիրը հռչակ է ձեռք բերում նաև որպես համալսարան՝ չզիջելով Գլաձորի համալսարանին: Վերջինիս օրինակով, այնտեղ նույնպես ուսումը տևում էր 7-8 տարի, որտեղ դասավանդում էին տարաբնույթ առարկաներ՝ սկսած գիտական, վերջացրած հոգևոր թեմաներով:

Տաթևի Մեծ անապատ

Բացի այդ, համալսարանին կից գործում էր նաև մանրանկարչական դպրոց: Հոգևորականնների թիվը Տաթև վանական համալիրում հասնում է մինչև 1000-ի, որտեղ ապրում և ստեղծագործում էին մի շարք հայտնի արվեստի, մշակույթի գործիչներ: Համալսարանի նման խոշոր և բազմակողմանի գործունեությունն անշուշտ նպաստեց նաև մի շարք դասագրքերի, աշխատությունների, ձեռագրերի ստեղծմանը: 

Տաթև վանքից ոչ այնքան հեռու գտնվում է Տաթևի Մեծ անապատը, որը կառուցվել է 1660թ. ՝ 1658թ. երկրաշարժից կործանված Հարանց անապատի տեղանքում: Տաթևի Մեծ Անապատում, ըստ Առաքել Դավրիժեցու, հոգևոր ծառայություն էին կատարում մոտ 700 միաբաններ:

Հոդվածը գրելիս օգտվել ենք  «Դիվան հայ վիմագրության» և Ա. Ղանալանյանի «Ավանդապատում» աշխատություններից:

Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:

Վանքեր և եկեղեցիներ