Այս ճարտարապետական համալիրը նշանավոր կրոնական կենտրոն էր: Գտնվում է Որոտան գետի աջափնյա ձորում, Որոտանի և նրա Տաթև վտակի միախառնման վայրում: Անապատի ստեղծման առիթը նույն ձորում, դեպի հարավ գտնվող Հարանց անապատի կործանումն էր 1658 թ.-ի երկրաշարժից, որից շատ չանցած Հակոբ կաթողիկոսը որոշում է նոր մենաստան կառուցել և այստեղ տեղափոխել նախկին անապատի միաբանությունը։ Տաթևի Մեծ անապատի շինարարությունը սկսվել է 1660 թ-ին:
Տաթևի Մեծ Անապատի հատակագիծը
Համալիրի կանոնավոր հատակագիծը ընդօրինակված է նախորդ Անապատից (միայն չափերն են մեծ): Կազմված է գեղեցիկ աշտարակներ ունեցող, ուղղանկյուն կրաշաղախ պարիսպներով պարփակված հիմնական մասից և նրան հարավից կից սեղանաձև հատակագծով օժանդակ մասից:
Տաթևի Մեծ անապատի համակառույցը տեղադրված է Որոտանի անդնդախոր ձորում: Մոտեցումը դեպի անապատ հնարավոր է Սատանի կամրջի կողմից, որից դեպի արևելք՝ Որոտանի նեղ կիրճը, զգալի լայնանում է և գետի աջ ափին կազմում մի թեքադիր փոքրիկ հովիտ, ծածկված խիտ անտառակով և փարթամ բուսականությամբ։ Ահա այս գեղեցիկ վայրում է կառուցված Մեծ անապատի պարսպապատ համալիրը, համարյա քողարկված շրջապատի հսկա ընկուզենիներով ու թզենիներով։ Տեղանքն ունի թեթևակի թեքություն դեպի արևելք՝ դեպի գետը և միանգամայն հարմար է խոշոր համակառույցի տեղադրության համար։ Անկասկած տվյալ տեղում անապատի հիմնադրումը թելադրված էր նաև սառնորակ աղբյուրի առկայությամբ, որը կառուցման ընթացքում թողել են բակում։
Տեղանքի ոչ մեծ թեքությունը հնարավորություն է տվել անսամբլն իրականացնել կանոնավոր հատակագծով: Ողջ հորինվածքը կազմված է ուղղանկյուն պարսպապատերով պարփակված հիմնական մասից և նրան հարավից կից սեղանաձև հատակագծով օժանդակ մասից։ Տաթևի Մեծ անապատի համակառույցը լրիվ անջատված Է շրջապատից և նրա ճարտարապետությունը դրսից ընկալելու հնարավորություն չկա։ Սակայն Սյունյաց աշխարհի բնությունը ստեղծել է մի այնպիսի կետ, որից կարելի է ընդգրկել ողջ անսամբլը և նրա շրջապատի համայնապատկերը։ Դա Որոտանի անդնդախոր ձորի հանդիպակաց լանջն է, որտեղից օձագալար անցնում է դեպի Տաթևի վանքը տանող ճանապարհը։ Այս գլխապտույտ բարձրությունից երևում է ողջ ձորը և նրա խորքում, կարծես գծագրված, Անապատի հորինվածքը։
Տաթևի Մեծ անապատն ինքնատիպ գլխավոր հատակագծով, ողջ հորինվածքի նշված հետաքրքրական առանձնահատկություններով իր ուրույն և արժանի տեղն է գրավում հայ ճարտարապետության միջնադարյան անսամբլների շարքում։
Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցի
Երկու պարսպագծերի միջև զետեղվել են անասնագոմեր ու տնտեսական շինություններ: Անապատի հարավարևմտյան մասում է սրբատաշ բազալտի քարով շինված միակ` Սուրբ Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին (1663 թ.): 1743 թ. եկեղեցու արևմտյան կողմին կից, Մելիք Եգանը կառուցել է կամարակապ գավիթ-սրահը, իսկ հյուսիսից կից է գմբեթավոր փոքր մատուռ-դամբարանը: Անապատի հարավում գտնվող սեղանատունը կամարակապ երկար շինություն է` խոհանոցով, փոքրիկ, նեղ պատուհաններով, ներսում երկշար քարե սեղաններով: Միաբանների համար, արևմտյան և հյուսիսային պարսպներին կից կառուցված են եղել 64 կամարաշեն խցեր, որոնց մի մասը` երկհարկ և եռահարկ, ունեցել դուռ և պատուհան: Բակում կանգուն են մնացել Г-աձև հատակագծով բնակելի սենյակների խումբը և տնտեսական օժանդակ շինություններ: Անապատի արևելյան աղբյուրը այժմ կիսաքանդ վիճակում է: Համալիրը խիստ տուժել է 1931թ. երկրաշարժից:
Տաթևի Մեծ Անապատը՝ հոգևոր, մշակութային կենտրոն
Անապատն ունեցել է լիարժեք տնտեսություն` այգիներ, կալատեղեր, հնձան, մառաններ, ջրաղաց, որի քարերը այժմ ջարդված են: Տարածքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են եղել խաղողագործության համար:
Միջնադարի հայ ճարտարապետության արժեքավոր, ինքնատիպ լուծումներով նմուշ է: Եղել է կրթական, կրոնական ու մշակութային մեծ կենտրոն: Տաթևի Մեծ Անապատում, ըստ Առաքել Դավրիժեցու, հոգևոր ծառայություն էին կատարում մոտ 700 միաբաններ: Այստեղ է կրթություն ստացել ու դաստիարակվել Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Խոտանացին (Սյունեցի): Տաթևի Մեծ Անապատի հոգևոր, մշակութային ծաղկման բարերար ազդեցության շնորհիվ Սյունիքի շատ վանքերում ու անապատներում ձևավորվել են գրչության կենտրոններ, գրվել բազում ձեռագիր մատյաններ: