Տափի բերդ
Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևմուտք, Խոսրով գետի աջ ափին, Կոտուց լեռան հվ-արլ. լանջին է գտնվում ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունի ամրոցը, որն ժամանակին մի մասն է կազմել Ուրծ քաղաքատեղիի և գտնվել է նրա հյուսիս-արևմտյան եզրին։
Միջնադարից հայտնի Ուրծ քաղաքը, բերդը, Ուրծ անվամբ գավառը, գետը, լեռնաշղթան և բնակավայրը հիշատակվել է որպես ավան կամ գյուղաքաղաք: Ուրծյաց էր կոչվում նաև նախարարական այն տունը, որը տիրում էր համանուն գավառին: Առանձնապես ծաղկուն ու բարգավաճ է եղել 4-7-րդ և 12-15-րդ դարերում: Ունեցել է 4 եկեղեցի, 4 թաղամասեր, միջնաբերդ և ամրոց:
Տափի ամրոցը կառուցվել է 10-րդ դարում: Շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարսպով, որի 4 անկյունները ուժեղացված են շրջանաձև հատակագծեր ունեցող աշտարակներով: Պարսպի ներսում է գտնվում նաև 13-րդ դարի եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է՝ կառուցված սպիտակ ֆելզիտի քարերով:
Եկեղեցու հյուսիսային պատին 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը: Եկեղեցու շարվածքում կարելի է տեսնել մարդու սխեմատիկ պատկերով տեղադրված XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ է գտնվում՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարը: Ամրոցի տարածքում կան մի քանի գերեզմանաքարերի և խաչքարների բեկորներ: 1496 թվականին Տափի եկեղեցին հիշատակվում է որպես գրչօջախ: Այստեղ Բարսեղ գրչի ձեռքով գրչագրվել է մի «Սաղմոսարան»:
2008 – 2009 թվականներին Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: