Թալինի Կաթողիկե
Թալինի Կաթողիկե եկեղեցի կամ Թալինի Մեծ տաճարը գտնվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հյուսիսում: Եկեղեցու կառուցումը վերագրում են Կամսարականներին՝ մասնավորապես Ներսես Գ-ին, և թվագրում 7-րդ դար:
Կաթողիկե անվան նշանակությունը
Հայկական եկեղեցիներն ուսումնասիրելիս հանդիպում ենք բազմաթիվ «կաթողիկե» անունը կրող հոգևոր կենտրոնների: Ուշադիր լինելու դեպքում նկատում ենք, որ նմանատիպ եկեղեցիների անունները սովորաբար կրում են նաև տվյալ տեղանքի՝ գյուղի, քաղաքի, շրջանի անունը: Ինչպես օրինակ Թալինի Կաթողիկե եկեղեցի, Դվինի Կաթողիկե եկեղեցի, Մարմաշենի Կաթողիկե եկեղեցի և այլն: Բանն այն է, որ «կաթողիկե» բառը նշանակում է մայր, գլխավոր, տիեզերական եկեղեցի, այն հոգևոր կառույցը, որը համարվում է հայրապետի նստավայրը:
Այստեղից ավելի պարզ է դառնում Կաթողիկեի երկրորդ անունը՝ Մեծ տաճար: Ստացվում է, որ ըստ էության, երբ ասում ենք, օրինակ՝ Դվինի Կաթողիկե եկեղեցի, նկատի ունենք Դվինի գլխավոր կամ ամենամեծ հոգևոր կառույցը:
Այս առումով Թալինի Կաթողիկեն իրապես աչքի է ընկնում նույն ժամանակաշրջանի մյուս հոգևոր կառույցներից: Քանզի, 7-րդ դարին առավելապես բնորոշ էին զուսպ, մինիմալիստական կառուղոցական լուծումներն ու ճարտարապետական հորինվածքը: Սակայն Թալինի Կաթողիկեն, ի հակառակ ժամանակաշրջանի բնորոշ առանձնահատկություններին, համարվում է եզակի իր մեծաքանակ զարդաքանդակներով:
Պատմություն
Ըստ ուսումնասիրողների Թալինի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է Կամսարականների օրոք, ինչպես Թալինի Սբ. Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Կաթողիկե եկեղեցուց մի փոքր հեռու: Չնայած այս կարծիքն ունի որոշակի բաց և անհայտ կողմեր, սակայն ուսումնասիրելով Կամսարականների ազդեցությունն ու ներգործությունը պատմամշակութային կյանքին՝ կարող ենք ասել, որ նրանք իրապես մեծ ավանդ են ունեցել հայկական շինարարական և ճարտարապետական կյանքում: Չմոռանանք, որ այս տոհմն է հիմնադրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին:
774թ. տեղի է ունենում արաբների թալանն ու կողոպուտը, նրանք սպանում և գերեվարում են տեղի բնակչությանը: Այս ամենի արդյունքում վնասվում են տեղական բազմաթիվ աշխարհիկ և հոգևոր կառույցներ, այդ թվում նաև Կաթողիկե եկեղեցին: Այս իրադարձությունը պատմության մեջ հայտնի է «Թալնո կոտորած» անունով:
774-775թթ. հայերի մղած ապստամբական գործողությունների ճնշման և հալածանքների հետևանքով երկրի քաղաքական կյանքից իսպառ վերանում են Կամսարականները: Իսկ Մամիկոնյաններն իրենց դիրքերը չեն կարողանում ամուր պահել Բագրատունիների հետ մրցակցությունում:
Չնայած կորուստներին և տնտեսական դժվար պայմաններին՝ ձևավորվում է Բագրատունյաց Հայաստանը, ինչն ուղղակիորեն նպաստում է նաև Թալինի Կաթողիկե եկեղեցու վերանորոգմանն ու բարգավաճմանը: Մասնավորապես 1040թ.-ին Հովհաննես Սմբատ Բագրատունին եկեղեցուն նվիրում է այգիներ:
Ճարտարապետություն
Ճարտարապետական հորինվածքով այն բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօրինակ համատեղում է՝ կառուցված սև և կարմիր սրբատաշ տուֆ քարից: Արտաքին հարդարանքը շքեղ է՝ ընդգծված գեղեցիկ զարդաքանդակներով: Հատկապես գեղատեսիլ է արևմտյան ճակատ՝ կազմված զույգ խորշերի միջև գտնվող խոյակներով, որոնք ըստ ամենայնի զարդարված են եղել արձաններով կամ թևավոր խաչերով: Եկեղեցին ունի հինգ մուտք՝ մեկն արևմուտքից և երկուական մուտքեր հյուսիսից և հարավից:
Եկեղեցու դահլիճն ընդարձակ է՝ բաժանված գմբեթավոր սյուներով: Ունի երեք խորան, որոնք արտաքուստ ունեն հնգանիստ կառուցվածք: Մեկական ավանդատներ կառուցված են ավագ խորանի երկու կողմերից՝ հյուսիսային և հարավային: Ինչպես հայկական շատ եկեղեցիների ավանդատներ, սրանք նույնպես, ծառայել են որպես գաղտնարաններ: Եկեղեցին եռանավ է: Աղոթասրահը սյուների միջոցով բաժանված է կենտրոնական՝ բարձր և լայն, և երկու կողային թաղածածկ նավերի:
Կաթողիկեի հյուսիսային և արևմտյան կողմերում տարածված է գերեզմանոցը՝ հարուստ է 4-7-րդ դարերի բարձրարժեք քառակող կոթողներով, արձանագիր տապանաքարերով և խաչքարերով:
Բացի այդ, Կաթողիկե եկեղեցու տարածքում 1970-1975թթ. վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերել են թաղածածկ կառույցի մնացորդներ: Այն գտնվել է Կաթողիկե եկեղեցու հյուսիսային խորանից 5մ հեռավորության վրա և թվագրվում է 5-րդ դար: Կառույցի խորանն արևելյան կողմում է, սակայն հավելյալ այլ տեղեկություններ չկան:
Որմնանկարները
Եկեղեցու ներքին հարդարանքը լի է որմնանկարներով: Ըստ ներսում պահպանված եզակի արձանագրության այդ որմնանկարների պատվիրատուն եղել է Մովսես Եկեղեցապանը: Հատկապես զարդարված է ավագ խորանը, որտեղ պահպանվել են բազմաթիվ մեծ ու փոքր հատվածներ: Ավագ խորանի կիսագմբթե հատվածում պատկերված է եղել «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքի ինքնատիպ տարբերակը, քանի որ Հիսուս Քրիստոսի փոխարեն պատկերված է եղել միայն նրա գահը:
Կենտրոնական պատերի երկու կողմերում նկարված են եղել քառակերպեր՝ թևավոր արարծներ մարդու, առյուծի, ցլի, արծվի կերպարներով: Ավաղ դրանցից պահպանվել են միայն սպիտակ թևերը: Դեպի Ավագ խորան տանող կամարի տասը մեդալիոններում՝ շրջանակներում, սրբերի դիմապատկերներ են և հավասարաթև խաչի պատկեր: Իսկ ահա հարավային պատի վրա պահպանվել է «Մուտք Երուսաղեմ» հորինվածքը: Առհասարակ ամբողջ եկեղեցին հարուստ է հեծյլաների, մարդկային ֆիգուրաների, ճարտարապետական շինությունները պատկերող որմնանկարներով:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը:
Վանքեր և եկեղեցիներ