info@armgeo.am    +374 43 00 51 65
Site icon Armenian Geographic – ArmGeo.am

Սյունիքի բարձրավանդակի լճերը

Սյունիքի բարձրավանդակ

Սովորական մի օր այցելում եմ ընկերոջս` Ստեփան Նալբանդյանին և ինչպես միշտ նա մի նոր առաջարկ ունի: Կանչում է համակարգչի մոտ, ցույց է տալիս տեղանքը ուր պետք է ուղևորվենք և լճերը, որոնք պետք է տեսնենք: Արշավախումբը բաղկացած է 4 հոգուց:

Ունենալով տեղանքի քարտեզները և երթուղին ուղևորվում ենք Սյունիք: Խոզնավար գյուղ չհասած դուրս ենք գալիս ասֆալտապատ ճանապարհից և սկսում բարձրանալ Սյունիքի հրաբխային բարձրավանդակը: Մեքենան տեղ տեղ հրաշքներ է գործում (դե իհարկե փորձառու վարորդի շնորհիվ): Ճանապարհին հանդիպում ենք հովիվների, սակայն ճանապարհ հարցնելը պարզվում է այդքան էլ օգտակար չի, քանի որ կարող են ուղարկել ճիշտ հակառակ ուղղությամբ: Տեղացիները լճերի աշխարհագրական անունները չգիտեն և դժվար է հասկացնել թե կոնկրետ որն ես փնտրում, մանավանդ որ այս բարձրավանդակում շատ են փոքր լճերը:

Մեր նպատակակետն էին Սյունիքի բարձրավանդակում գտնվող երկու փոքրիկ լճերը, որոնք վարչականորեն գտնվում են Արցախի Քաշաթաղի շրջանում: ԽՍՀՄ տարիներին գտնվել են խորհրդային Ադրբեջանի կազմում և սովետական քարտեզների վրա նրանցից մեկը կրում է թուրքական Ջանլիգյոլ անվանումը: 18-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում այս տարածքի հայկական մի շարք գյուղեր հայաթափ եղան: Նույն դարի վերջերին և, հատկապես, 19-րդ դարի ընթացքում լքված գյուղատեղիների զգալի մասը զբաղեցրին քրդական և թյուրքական մի շարք խաշնարած ցեղեր:

Թյուրքական ու քրդական ցեղերն այստեղ հաստատվելուց հետո, հին հայկական անունները վերափոխել են շատ անգամ թարգմանելով հին հայկական անունը, այսինքն նույն սկզբունքով կարելի է հետ վերադարձնել մեր հայրենիքի պատմական աշխարհագրական անունները: Գլխավոր շտաբի հին քարտեզերում այդ լճերը նշված են Ջանլիգյոլ և Գոշնավար անուններով: Ջանլիգյոլը թարգմանաբար նշանակում է Հոգելիճ, Հոգու լիճ:

Գոշնավար լիճը

Մեր առջև բացվող առաջինը Գոշնավար լիճն է, որը գտնվում է ծովի մակերևույթից 2027 մ բարձրության վրա: Լիճը բավականին գեղեցիկ է, ջուրը զարմանալիորեն տաք էր, դա վկայում է այն մասին, որ խորությունը փոքր է և արևի ճառագայթները արագ տաքացնում են ջուրը:

Լճի ափին հանդիպում ենք այս հետաքրքիր գորտին, որն ինձ առաջին հայացքից Մադագասկարը հիշեցրեց:

Հաջորդը Հոգելիճն է, որը գտնվում է ծովի մակերևույթից 2067 մ բարձրության վրա: Այս մեկը նախորդից տարբերվում էր լճի մեջ աճած խիտ բուսականությամբ: Հոգելիճը Գոշնավարից մի քիչ մեծ էր երևում, բայց ջրի հայելու մեծ մասը ծածկված էր կանաչի մեջ:

Հոգելիճ

Լճերն ուսումնասիրելուց հետո սարերով շարունակում ենք ճանապարհը դեպի Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գետի հովիտ:

Արաքսի ավազանին պատկանող Հակարի (Հագարու) գետի ամենաջրառատ վտակը նրան աջից միախառնվող Աղավնո գետն է: Այն սկիզբ է առնում Սյոինիքի բարձրավանդակի Ծղուկ լեռնագագաթի հյուսիս-արևելահայաց ստորոտում գտնվող փոքրիկ լճակից, ունի 51 կմ երկարություն և 527 քկմ ջրհավաք ավազան:

Գետի բարեբեր հովիտը վաղնջական ժամանակներից ի վեր բնակեցված է եղել: Ներկայում տարածաշրջանում պահպանվում են առնվազն միջնադարից սկիզբ առնող ավելի քան 30 գյուղեր և գյուղատեղիներ:

Լեռնային կածաններով իջանք Մերիկ (Միրիկ) գյուղ: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1440-1520 մ բարձրության վրա: Աղավնագետին աջ կողմից միախառնվող Միրիկ վտակի երկու ափերին փռված են համանուն գյուղի թաղամասերը: Դարասկզբի քարտեզում գյուղը հիշված է Մերիկ ձևով, իսկ խորհրդային շրջանում կոչվում էր Միրիկ: Գյուղի համար այլ անվանաձև հայտնի չէ: Կարծում ենք, Մերիկն է գյուղի հայահունչ և նախնական-պատմական անունը, որը համարյա անաղարտ հասել է մեր օրերը:

Միրիկի հյուսիսային եզրին` իր բարձր դիրքով գյուղին իշխող լերկ ժայռազանգվածի վրա, կանգուն վիճակով մեզ է հասել Սբ. Աստվածածին եռանավ թաղածածկ բազիլիկ եկեղեցին:

Միրիկում հանդիպեցինք շատ հյուրընկալ ընտանիքի, որոնց հետ սուրճի սեղանի շուրջ զրուցեցինք գյուղի վիճակից, հուշարձաններից և այլն: Այստեղի վերաբնակիչները հիմնականում Արտաշատից են: Այդ իսկ պատճառով Սյունիքի սարերում երբ հովիվից մեքենայի ճանապարհ էինք հարցնում դեպի Միրիկ, նա մտածեց թե մենք արտաշատցի ենք:

Միրիկ գյուղում

Արդեն օրը մոտենում էր ավարտին և ժամանակն էր ընտրել գիշերակացի վայրը և խփել վրանները: Աղավնոյի ափին կարելի է ասել ցանկացած տեղ հարմար է վրաններ տեղադրելու և բնությունը վայելելու համար: Երեկոյան անմոռանալի պահը Ստեփանի ձեռքով պատրաստված բույսերով ձվածեղն էր:

Առավոտյան դեռ մի քանի ծրագիր ունեինք, սակայն ողջ գիշեր տեղացած անձրևը փոխեց մեր ծրագրերը, քանի որ մեքենայի լեռնային ճանապարհները դարձրել էին գրեթե անանցանելի և շատ վտանգավոր:

Արշավներ և լեռնագնացություն Հայաստանում

Արտանիշ լեռ

Արտանիշ լեռ / 2461 մ Արտանիշ լեռ ՝ ձմեռային…

Լեջան լեռ

Լեջան լեռ ՝ 2527 մ, գտնվում է Լոռվա մարզում։…

Մթնալիճ

Արագածը լինելով Հայաստանի ամենաբարձր…

Բարդող լեռ

Բարդող լեռը պարզ երևում է Արմավիրի…

Բերդավանք

Բերդավանք վանական համալիրը գտնվում…

Եղնասար

Եղնասար լեռը գտնվում է Արեգունու…

Հաչա լեռ

Հաչա լեռը Արցախի լեռնաշղթայի բարձր…

Դիվանց լեռ

Դիվանց լեռը գտնվում է Սևանի լեռներում՝…

Դիմաց լեռ

Դիմաց լեռը գտնվում է Տավուշի մարզում՝…

Շարայի լեռ

Շարայի լեռ կամ Սուրբ Հովհաննես լեռնագագաթը…