Քարերի սիմֆոնիա
Գտնվելու վայրը: Կոտայքի մարզ, ՀՀ
Երևանից: 28կմ/38ր
Կոտայքի մարզում, Գառնի գյուղից ոչ հեռու, գտնվում է Ազատի կիրճը, որի երկայնքով անցնում է հրաբխային հոսքերի հետևանքով առաջացած «Քարերի սիմֆոնիան» (երևույթի գիտական անվանումն է` սյունային անջատում):
Բազալտե երգեհոն
Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:
«Քարերի սիմֆոնիան» համարվում է բնական հուշարձան և պաշտպանվում է օրենքով:Այն Հայաստանի տեսարժան վայրերի ցուցակում ներառված հայտնի հուշարձաններից մեկն է:
Գառնու հեթանոսական տաճար
Այդ տարածքում է գտնվում նաև Գառնու տաճարը :
Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային (Միհրին), և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում կկառուցի Գառնին:
Տաճարը նվիրված է հենց իր հովանավոր աստված Միհրին: Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ տահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։
<<․․․ շինում է մի դաստակերտ և անունը դնում է Գեղամի, որ հետո նրա թոռան՝ Գառնիկի անունով կոչվեց Գառնի:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն >>
Գառնու տաճարը Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է:
Սույն հոդվածի հեղինակային իրավունքը պատկանում է armgeo.am կայքին։ Հոդվածի բովանդակությունը կարող է մեջբերվել, օգտագործվել այլ կայքերում, միայն ակտիվ հղում պարունակելով դեպի սկզբնաղբյուրը: