Սվետա Թորոսյան
Ի՞նչ մասնագիտություն ունես և ո՞ր ոլորտում ես աշխատում:
Մասնագիտությամբ ակտուար եմ, այժմ աշխատում եմ բանկային համակարգում:
Ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիր առաջին անգամ մասնակցել արշավի, ու ո՞նց անցավ քո առաջին արշավը, ի՞նչ զգացողություններ ունեիր:
Առաջին արշավս ArmGeo-ի հետ չորստարի առաջ էր՝ Արայի լեռ, անհարմար հագուստ, ավելի անհարմար կոշիկներ. արդեն չեմ հիշում քանի անգամ վայր ընկա… Կապտուկները լավացան, իսկ Արայի լեռան ուրցի հոտը մնաց…
Արշավներին մասնակցելուց հետո՝ ի՞նչ է փոխվել քո մեջ ու քո կյանքում:
Ավելի համերաշխ եմ դարձել ինքս ինձ հետ:
Ի՞նչ են տալիս քեզ լեռները, ի՞նչ ես փնտրում լեռներում:
Ինչքան, որ կարող է տարօրինակ հնչել՝ ինձ եմ փնտրում ու ամեն արշավից հետո վերադառնում եմ՝ ինքս ինձ մեկ այլ անկյունից բացահայտած:
Կա՞ մի ստեղծագործություն, որ ասոցացնո՞ւմ ես լեռների կամ արշավների հետ:
Առաջին ստեղծագործությունը, որ մտքիս գալիս է Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսն է: Լեռներում էլ ամեն ինչ այնքան սարոյանական է՝ պարզ, զուրկ ամեն տեսակ ավելորդություններից:
Ո՞րն է քո ամենահիշարժան ու տպավորիչ արշավը: Ինչո՞վ է այն առանձնանում:
Դժվարանում եմ պատասխանել, երևի Արարատը… չնայած՝ չեմ կարողանա մոռանալ Աժդահակի գույները, Խուստուփի արևածագը, Արայի լեռան ուրցի հոտը, Դժոխքի ձորի դրախտային գեղեցկությունը, Մեծ Քիրսի գագաթից բացվող անվերջ տեսարանը, Ծակքարի լիճը, Փոքր Իշխանասարի մայրամուտը… ու ամենակարևորը մարդկանց, ում գտնում ես լեռների ճանապարհներին:
Ի՞նչ ուղղություններ կան, որ դեռևս չես հաղթահարել, բայց նպատակ ունես անել ապագայում:
Այնքան շատ են, կարելի է ասել՝ չվերջացող, ու դեռ հները չհաղթահարած, նորերն են անընդհատ ավելանում: Մի ամբողջ կյանք էլ բավարար չի բոլորը բարձրանալու համար: Նույնիսկ հաջորդ կյանքի համար նախանշված ուղղություններ ունեմ:
Որո՞նք են այն երեք հիմնական բառերը, որոնք կարող են նկարագրել քո զգացմունքներն արշավների ընթացքում:
Երեք բառերի փոխարեն կասեմ ընդամենը մեկը՝ երջանիկ:
Ըստ քեզ՝ ովքե՞ր են արշավականները:
Խենթեր…
Ինչպե՞ս հայտնվեցիր ArmGeo ակումբում (այսինքն՝ սկսեցիր պարբերաբար արշավների հաճախել մեր թիմի հետ):
Արարատը բերեց ու թողեց՝ առանց հետադարձ տոմսի:
Ի՞նչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր ուզում են, բայց դեռևս չեն համարձակվում հարմարավետության գոտուց դուրս գալ ու արշավների գնալ:
Ինչ վերաբերում է հարմարավետության գոտուն, ապա ինձ մոտ այն 2000+ բարձրությունների վրա է. թե ֆիզիկապես, թե հոգեպես ինձ ավելի լավ եմ զգում, իհարկե, պետք է խոստովանեմ՝ հարմարավետության գոտի հասնելն այնքան էլ հեշտ չի ստացվում: Իսկ լեռներ բարձրանալ կա՛մ սիրում ես, կա՛մ՝ ոչ, ու չեմ պատկերացնում՝ ինչ կարելի է խորհուրդ տալ այն մարդուն, ով չի սիրում, իսկ նա, ով սիրում է, անպայման կգնա ու կմնա, իմ խորհրդի կարիքը թերևս չունի:
Ուզո՞ւմ ես դառնալ ակումբի անդամներից մեկը: Միացի՛ր մեր արշավներին: